RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015



ԱՄՓՈՓՈՒՄ

Տեղադրվել է` 2015-04-23 19:55:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1168, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ 13-ՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Անցյալ տարվա ապրիլի 13-ին Հայաստանի նոր` թվով 13-րդ վարչապետ դարձավ Հովիկ Աբրահամյանը, ինչը նշանակում է, որ արդեն կարելի է ամփոփել մեկ տարվա ընթացքում նոր կառավարության արած եւ չարած գործերը: Մինչ այդ արձանագրենք` ճիշտ կլիներ, որ 1 տարվա գործունեության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսով հանդես գար հենց ինքը վարչապետը: Սակայն Հովիկ Աբրահամյանը կրկնում է իր նախորդի` ասուլիսներից խուսափելու ավանդույթը, փոխարենը նախընտրելով կարճ հայտարարությունների ձեւաչափը, որը, բնականաբար, չի ապահովում անհրաժեշտ խորքայնություն:

Սահմանային գյուղերի կարեւորությունը առաջին տեղում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մեկամյա գործունեության հպարտության թիվ 1 առարկան սահմանամերձ համայնքների նկատմամբ որդեգրած առանձնահատուկ պետական մոտեցումն է: Մասնավորապես, սահմանամերձ 32 համայնքների համար, այս տարվանից, կառավարությունը փոխհատուցում է բնակիչների սպառած գազի, էլեկտրական էներգիայի, ոռոգման ջրի գումարների 50 տոկոսը , իսկ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից գնդակոծված հողատարածքների հողի հարկի եւ այդ հողերի վրայի անշարժ գույքի գույքահարկի գումարը փոխհատուցում է ամբողջությամբ :

Երկրորդը` նախկին ԽՍՀՄ խնայբանկի դրամական ավանդների դիմաց փոխհատուցում կտրվի նաեւ անապահովության համակարգում հաշվառված սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց: Այսինքն, խորհրդային ավանդների փոխհատուցման ենթակա նպաստառուների սոցիալական խմբերի մեջ առանձին տողով ընդգրկվելու են սահմանամերձ բնակավայրերի բնակիչները :

Եվ վերջապես, սահմանամերձ համայնքներում տնտեսական աշխուժացումը խթանող կարեւոր նախաձեռնությունը` այդ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսավարողները ազատվում են հարկերից ` ավելացված արժեքի հարկից, շահութահարկից, շրջանառության հարկից:

Պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացում 10-ամյա ընդմիջումից հետո

Պետական համակարգում շուրջ 200 հազար աշխատողների, հատկապես քաղծառայողների եւ հայեցողական պաշտոն ունեցողների համար ոչ միայն անցած տարվա, այլեւ վերջին տարիների կարեւորագույն իրադարձությունը 2014-ի հուլիսի 1-ից աշխատավարձերի նշանակալի բարձրացումն էր` 40-80 տոկոսով : Պետական համակարգում աշխատավարձերի բարձրացում չէր եղել գրեթե 10 տարի: Այդ նպատակով կառավարությանն անհրաժեշտ եղավ լրացուցիչ մոտ 40 մլրդ դրամ:

2015թ. հունվարի 1-ից էլ կենսաթոշակները բարձրացան` աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2014-ի շուրջ 36 հազար դրամի փոխարեն 2015-ին կկազմի մոտ 41 հազար դրամ:

Հարկային նոր` ոչ ստանդարտ լուծումներ

Փոքր բիզնեսին նոր կառավարությունը ամբողջությամբ ազատում է հարկերից: Խոսքը նոր` «ընտանեկան բիզնես» կարգավիճակին համապատասխանող ձեռներեցների մասին է, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 12 մլն դրամը:

Հաջորդը մի քանի անգամ չարչրկված շրջանառության հարկի փոփոխություններն են: Դրանցից կարեւորագույնը շրջանառության հարկ վճարող համարվելու համար հասույթի առավելագույն շեմի բարձրացումն է` 58,35 մլն դրամի փոխարեն` 113,4 մլն դրամ: Միայն առեւտրով զբաղվողների համար, առանց փաստաթղթավորման շրջանառության հարկի դրույքաչափը կսահմանվի 5 տոկոս, որը կարող է նվազեցվել փաստաթղթավորված ձեռքբերումների 4 տոկոսի չափով: Սա արվել է ընդառաջ գնալով շրջանառության հարկի պարտադիր փաստաթղթավորման պահանջից դժգոհող տոնավաճառների առեւտրականներին:

Շեմի բարձրացումը օբյեկտիվորեն արդարացված համարելով, անհասկանալի է շրջանառության հարկի նման փոփոխությունը, քանի որ այն պահպանում է հսկայական ստվերային շրջանառությունն առեւտրի, մասնավորապես տոնավաճառային առեւտրի ոլորտում: Ակնհայտ է, որ տոնավաճառների առեւտրականները կնախընտրեն 5 տոկոս շրջանառության հարկ վճարել առանց փաստաթղթավորման, որը խորհրդանշանական գումար է կազմում` ամսական միջինը 10-15 հազար դրամ: Նրանց մատակարար խոշոր ընկերություններն էլ կշարունակեն թաքցնել իրական շրջանառությունը, քանի որ ոչինչ նրանց չի պարտադրի ապրանքները մատակարարելիս փաստաթղթեր տրամադրել:

Արտահանմանն աջակցելուն է կոչված շահութահարկի արտոնությունը` բացառապես արտահանմամբ զբաղվող եւ տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը կնվազեցվի 10 անգամՙ ներկայիս 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս:

Ջերմոցները ազատվեցին ավելացված արժեքի հարկից, իսկ գյուղատնտեսության սուբսիդավորումը շարունակվելու է

Ջերմոցային տնտեսությունների խթանման նպատակով կառավարությունը որոշել է ջերմոցային կոնստրուկցիաների, տնկանյութի եւ այլ միջոցների ներմուծումն ու իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից: Դրա շնորհիվ Հայաստանում նոր թափ կստանա ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմոցային տնտեսությունների ստեղծումը:

Գյուղատնտեսության, մասնավորապես գյուղացիական տնտեսությունների պարարտանյութերի, դիզվառելիքի գների պետության կողմից սուբսիդավորումը շարունակվելու է, իսկ հատկացվող միջոցները ավելացվելու են: Ավելանալու է նաեւ գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի պետական սուբսիդավորումը: Արդյունքում նախորդ տարվա տարբերակված` 4 եւ 6 տոկոսի փոխարեն, բոլոր վարկերը կսուբսիդավորվեն 6 տոկոսով: Այսինքն, 14 տոկոսով բանկերից ձեռք բերած վարկը գյուղացիների համար կլինի 8 տոկոս:

Արդյունաբերությունում առանց նկատելի տեղաշարժերի

Արդյունաբերության ոլորտում դրական տեղաշարժով Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հպարտանալու առիթներ չունի: Օբյեկտիվ դժվարություններ ունեցող տնտեսության այս կարեւորագույն ճյուղի աշխուժացման ուղղությամբ նկատելի չեն էկոնոմիկայի նախարարության քայլերը: Մի տեսակ մոռացության է մատնված 2011-ին ընդունված արտահանման վրա հիմնված արդյունաբերության զարգացման ռազմավարության իրագործման ուղղությամբ քայլերը: Տոկոսային առումով արդյունաբերությունն 2014-ին ամենափոքր աճն արձանագրեց առեւտրից հետո, իսկ այս տարվա հունվար-փետրվարին անկում ունեցավ: Սա առավելապես պայմանավորված է արտահանման հիմնական ուղղության` ռուսաստանյան շուկայում գնողունակության անկմամբ: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ տնտեսվարողներն իրենք էլ առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում այլընտրանքային շուկաներ գտնելու ուղղությամբ եւ սպասողական դիրք են բռնել:

Կենսաթոշակային բարեփոխումների նոր տարբերակ, ճանաապարհային երթեւեկության խախտումների մեղմացում

Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվեց կուտակային կենսաթոշակային համակարգից դժգոհությունների ժամանակ: Նոր կառավարության մշակած տարբերակով, 1974-ից հետո ծնվածների համար պարտադիր բաղադրիչը պահպանվեց միայն պետական համակարգի աշխատողների համար, բայց նրանց աշխատավարձերի բարձրացումից հետո, իսկ մասնավորում աշխատողների համար` հետաձգվեց երեք տարով: Միաժամանակ, ավելացան սոցիալական ավելի մեծ երաշխիքներ խոստացող մի քանի նոր դրույթներ` 40-50 տարեկանների համար կուտակային համակարգին մասնակցելու պարագայում պետական համաֆինանսավորում, կուտակային սոցիալական վճարի առավելագույն շեմ` 25 հազար դրամ, 18 տարեկանների համար պարտադիր սոցիալական վճար եկամտային հարկից եւ այլն:

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մեղմեց եւ ավելի ճկուն դարձրեց խախտումների համար տուգանքները, որոնց խիստ լինելուց նույնպես դժգոհություններ կային:

Բարեփոխումները մնում են կես ճանապարհին

Յուրաքանչյուր բարեփոխում որոշակի ժամանակավոր անհարմարություն է պատճառելու բնակչության ինչ-որ խավի, որը բնականաբար դժգոհելու է: Սակայն բնակչության եւ երկրի զարգացման ընդհանրական շահերը պահանջում են վճռական լինել: Մինչդեռ, կառավարությունը որպես կանոն անցած մեկ տարվա ընթացքում նահանջել է դժգոհողների առջեւ` անկախ դրանց օբյեկտիվ կամ արդարացված լինելուց: Կենսաթոշակային կուտակային համակարգ, շրջանառության հարկի դրույքաչափ, անաշխատունակության նպաստներ, տաքսիների գործունեություն եւ այլն: Վերոնշյալ բոլոր ուղղություններով փոփոխությունների գերակշիռ մասը կա՛մ վերադարձավ ելման կետ, կա՛մ չնչին տեղաշարժ ունեցավ: Փոխզիջումներն, իհարկե, անխուսափելի են, բայց դրանք չպետք է միակողմանի զիջման նմանվեն` ի վնաս համընդանուր շահի: Առաջիկայում մեկնարկելու է մեկ այլ խոշոր բարեփոխում` համայնքների խոշորացման փորձնական ծրագիրը: Այս բարեփոխումը նույնպե՞ս կարժանանա նախորդների ճակատագրին, թե՞ այնուամենայնիվ կիրագործվի: Ամեն դեպքում Հովիկ Աբրահամյանի կառավարությանը այստեղ եւս մեկ քննություն է սպասվում, քանի որ այս բարեփոխմանը դիմադրողները նույնպես քիչ չեն:

Գյումրիում եւ Երեւանում բնակարանային խնդիրներ են լուծվում

Նոր կառավարության քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի առաջին գործերից մեկը եղավ Գյումրու` երկրաշարժի հետեւանքով դեռեւս անօթեւան մնացած մոտ 450 ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը: Վարչապետի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում որոշվեց հարցի լուծմանՙ բնակարանի գնման վկայագրի (ԲՎԳ) տարբերակը: 215 ընտանիքների արդեն հանձնվել են վկայագրերը, մյուսներինն էլ կհանձնվեն այս տարի:

Երեւանում կարծես թե կարգավորվում են իրացման գոտիներում սեփականությունից զրկված եւ փոխհատուցում չստացած բնակիչների` տարիներ շարունակ ձգձգվող խնդիրները: Կոնդ թաղամասի հանրային գերակա շահ ճանաչված տարածքից բնակարան չստացած մոտ 100 ընտանիքների համար կառավարությունը որոշել է կառուցել նոր շենք նույն թաղամասում` Պարոնյան փողոցի վրա: Ֆիրդուսի թաղամասի նույն վիճակում հայտնված բնակիչների խնդրի լուծման ուղղությամբ քայլերը սպասվում են առաջիկա ամիսներին: Այս մասին պայմանավորվածությունները ձեռք են բերել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ վերոնշյալ տարածքների բնակիչների հանդիպումների ժամանակ:

Քաղաքաշինական խոշոր ծրագրերից մեկը, որը ձգձգվում էր մոտ 10 տարի, այս տարի կսկսի իրագործվել: Երեւանի Գլխավոր պողոտայիՙ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքներում «Հին Երեւանի» կառուցապատման ծրագրի մասին պայմանագիր կնքվեց: Շվեյցարաբնակ Վարդան Սրմաքեշը շուրջ 120-130 մլն դոլարի ներդրումներ կիրականացնի այստեղ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ