RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2015-04-23 19:55:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1180, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՎԱՏԻԿԱՆՅԱՆ ՊԱՏԱՐԱԳ, ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ ՈՒ ԴԱՓՆԻՆԵՐ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեռ չէր սկսել ապրիլի 12-ի` Վատիկանի Սբ.Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած պատարագը, համաշխարհային մամուլն արդեն, մի փոքր զիջելով հայկականին, սկսեց գնահատականներ տալ ինչպես տեղի ունենալիք, ունեցող եւ ունեցած պատարագին, այնպես էլ այն բծախնդիր ու հզոր ելույթին, որը նախապատրաստել էր Պապն ու այդպես էլ մատուցեց ողջ աշխարհին:

Ամենից առաջ, Վատիկանում ապրիլի 12-ին մատուցված պատարագն իսկապես համամարդկային բնույթ ուներ, ինչպիսի բնորոշում դժվար է տալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի այս տարում արդեն իսկ իրականացված այլ միջոցառումների: Բացառիկ էր ոչ միայն հայկական ծեսով մատուցված պատարագը, ինչպիսի մոտեցում Վատիկանում բնավ էլ հաճախ չէ, որ կիրառվում է: Բացառիկ էր, թեեւ արդեն կրկնությամբ, Հռոմի պապի կողմից իր ելույթում «ցեղասպանություն» բառի օգտագործումը` այնպիսի համատեքստով, որը որեւէ տարընթերցման, թյուրըմբռնման կամ այլ կերպ մեկնաբանելու տեղ չի թողնում:

Մեջբերելով Հովհաննես Պողոս պապի եւ Գարեգին Երկրորդի` 2001թ. սեպտեբերի 27-ին Ս. Էջմիածնում ընդունված համատեղ հռչակագրից եւ այդկերպ ձեւակերպելով 20-րդ դարի երեք զանգվածային ու աննախադեպ ողբերգություններից առաջինը` «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանությունը հայերի հետ միասին ներկայացրեց համաշխարհային քրիստոնեական համատեքստում: «Քողարկել կամ ժխտել չարիքը` նշանակում է արնաքամ անել վերքն առանց վիրակապելու», ցեղասպանության ճանաչումից զատ դատապարտման մասին Հռոմի պապի այսպիսի շեշտադրումը եւս կոչի տարբերակ է` ուղղված մարդկությանը:

Պապի խոսքի եւս մեկ առանձնահատկություն էլ նախորդ դարում երեք ողբերգությունների տարանջատումն էր` որպես դրանցից առաջին ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը. մյուս ողբերգություններն էին նացիզմն ու ստալինիզմը: Նույն մտքերին հավատարիմ` Պապն իր ուղերձում, որ հրապարակվել է Վատիկանի պաշտոնական կայքէջում, շեշտում է, որ միայն հայ ժողովրդի եւ Տիեզերական եկեղեցու պատասխանատվությունը չէ վերհիշել տեղի ունեցածը, այլ ողջ մարդկությանը, կոչ անելով պետությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներին` հակազդել նման հանցագործություններին:

Ներկայացնելով Հայաստանը որպես քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած երկիր` Հռոմի պապը, ըստ էության, քրիստոնեական աշխարհի ու ժառանգության առումով առանձնահատուկ տեղ հատկացրեց Հայաստանին: Քաղաքական առումով Պապի կոչն ու ուղերձը հենց այս մակարդակից է հնչում, եւ դրա համար էլ դրան տրվում է արժանի կարեւորություն այն առնչությամբ, որ ավելի քան մեկ միլիարդ հաշվող կաթոլիկ աշխարհի համար Պապի ձեւակերպումները կարող են հիմք լինել, մտորելու տեղիք տալ ու մղել կոնկրետ քայլերի:

Մյուս կողմից, Թուրքիայից ստացված խիստ բացասական, անգամ բոլոր արգենտինացիներին վիրավորելու աստիճանի պարզունակ արձագանքը, Վատիկանից դեսպան հետ կանչելու զուգորդմամբ, փաստեց, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը քաղաքականից դուրս ու ավելի կարեւոր հարթակ ունի` այդպիսի հանցագործությունների կանխումը, կանխարգելումը, ինչն էլ Պապի հիմնական ուղերձն էր ողջ մարդկությանը:

Որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «վշտացել էր Հռոմի պապի խոսքերից», արտգործնախարարությունն էլ Պապի հայտարարությունը համարել էր միակողմանի ու անանդրադարձ «Առաջին աշխարհամարտում իրենց կյանքը կորցրած թուրքերին ու մյուս մահմեդականներին», ոչինչ չի փոխում: Թուրքական իշխանությունների կոշտ արտահայտված բողոքին` դեսպանի հետկանչմամբ ու վիրավորանքով ուղեկցվածՙ Հռոմի պապը արձագանքել է թերեւս բողոքի առիթ տալու մեկ այլ հայտարարությամբ, որ այլ ճանապարհ, քան ճշմարտությունը, չկա, ուստի պետք չէ վախենալ, այլ միայն ասել ճշմարտությունը:

Պապից զատ Իտալիայի արտգործնախարարությունը եւս անուշադրության չի մատնել թուրքական արձագանքները, թե դրանք արդարացված ու համարժեք չէին Պապի խոսքերին ու հորդորին:

Հատկանշական եւս մեկ հանգամանք կա, որ Ֆրանցիսկոս Պապի հայտարարության ու բնութագրումների առնչությամբ ուշադրության է արժանի: Հայոց ցեղասպանության ճանաչման առումով հետաքրքրական իրավիճակում գտնվող երկու երկրում` Միացյալ Նահանգներում եւ Իսրայելում մամուլը Պապի խոսքերը մեկնաբանել էր ճանաչման ու դատապարտումի գործընթացն այդ երկրներում եւս իրագործված տեսնելու կոչերով:

Դափնիներ, դափնիներ...

Փաստենք, որ ապրիլի 12-ի պատարագը, Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակելն ու հարակից բոլոր միջոցառումները բացառիկ էին, աննախադեպ, այնպեսՙ ինչպես աննախադեպ էր այդ ամենի լուսաբանումը, նախադեպային թողնելով միայն Թուրքիայի արձագանքը:

Կաթոլիկ աշխարհի համար Հռոմի պապի կողմից իրականացվող, հնչեցվող ամեն ինչ ունի ուրույն նշանակություն ճիշտ այնպես, ինչպես իր դերն ու նշանակությունն ունեն կաթոլիկ հայերն ու Հայ կաթողիկե եկեղեցին` Հռոմի պապի համար: Ուստի ամենից առաջ Պապին այսպիսի որոշում կայացնելու ու նման պատարագ մատուցելու մտքին բերեց ինչպես Վատիկանում արդեն իսկ քանիցս արտահայտված դիրքորոշումը, այնպես էլ այն հարյուրավոր կաթոլիկ հոգեւորականների մարտիրոսացումը, որոնք զոհ են գնացել նույն Հայոց ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում:

Հայ կաթոլիկների ներդրումն այս ամենում իր դերակատարությունը ունեցավ, մինչդեռ ապրիլի 12-ի իրադարձություններին անդրադառնալիս մերոնք շատերին են հիշում, բայց ոչ նրանց: Հռոմի պապի միլիարդանոց հետեւորդների շարքում հավատացյալներն ազգությամբ չեն տարբերվում իրարից, ուստի հայերն այդ միլիարդի մեջ մի քանի տասնյակ հազար են, ավելին թե պակաս` չի կարող էական նշանակություն ունենալ:

Բացի այդ, Առաջին աշխարհամարտի վերաբերյալ ամենահարուստ արխիվներից մեկն ունի հենց Վատիկանը, որ ճակատագրական այդ տարիներին Թուրքիայում գտնվող իր միսիոներների ու կղերականների միջոցով մանրամասն զեկուցագրեր է ստացել ու հավաքել Հայոց ցեղասպանության մասին: Ուստի Վատիկանում հնչեցնել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը նաեւ նշանակում է ընդունել սեփական արխիվներում առկա վկայությունների փաստը, ընդունել մի բան, որը հարցականի տակ չի դրվում:

Այդ արխիվների ու դրանց գաղտնազերծման, հանրայնացման գործընթացն արդեն իսկ մեկնարկել է, եւ այդ պարագայում անհամաձայնություն հայտնել սեփական արխիվներում պահվող տեղեկագրերին, բոլոր այն փաստագրություններին ու ականատեսի վկայություններին, որ հավաքել ու պահել են օտարազգի կաթոլիկ ներկայացուցիչները, չի կարող լինել ողջամիտ քայլ ու մոտեցում: Ուստի Վատիկանում Հայոց ցեղասպանության հարցում իրերն իրենց անուններով կոչելը նաեւ այն ժառանգության արդյունք է, որը աշխարհին կարող է սեփական արխիվներից ներկայացնել Վատիկանը:

Ասել է, թե իրապես խիզախ իր որոշումը կայացնելիս Պապն ամենից առաջ եղել է հավատարիմ Վատիկանի որդեգրած դիրքորոշումներին ու ունեցած փաստագրությանը: Ուստի ամենից, բոլորից առաջ, ընթացքում եւ հետո ամենամեծ շնորհակալությունը պետք է ուղղված լինի Պապին` ճշմարտության առաջ չմեղանչելու, խիզախություն ու ամուր կամք դրսեւորելու, արդարամիտ ու բաց լինելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015

AZG Daily #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ