RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2015-04-03 > #013, 2015-04-10 > #014, 2015-04-17 > #015, 2015-04-24 > #016, 2015-05-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2015-04-23 19:55:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1125, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Չարտահայտվել այս օրերի երեւանյան մթնոլորտի մասին ուղղակի անհնար է, այնքան հագեցած էր անակնալներով ու իրադարձություններով, որ կողմնորոշվելը դժվար է, հիմնականը սակայն` զգացմունքի կուտակումն էր, անտարբերության պատի խորտակումը: Աննախադեպ էր, ամեն ինչ ուրիշ էր, փոխված էր: Դժվար էր նախապես պատկերացնել արձագանքի մասշտաբները, թողած հետքի կարեւորությունը: Ընկալումների ու մեկնաբանությունների տարբերությունը բնական է, անգամ ծայրահեղություններով հանդերձ, բայց սա էմոցիոնալ կողմն է, եւ հակասություն այստեղ պետք չէ փնտրել, որովհետեւ նախեւռաջ մթնոլորտն էր գեղեցկացել, մեր այն մթնոլորտը, որի մասին շատ էինք ասում`թե գաղջ է, անգույն ու անժպիտ, որովհետեւ մարդիկ մոռացել են ժպտալ, որից քաղաքը կորցրել է մարդկային հմայքը... Տեսեք թե անտարբերությունը որ անկյուն մղվեց, ահա ինչպիսին կարող է լինել մեր երիտասարդությունը եւ որքան կյանք ունի իր մեջ, որքան հույզ կա, որքան զգացում ու նվիրում ունի:

Այն որ այս տարվա ապրիլյան անցնող շաբաթը արձանագրվեց պատմական կարեւորագույն նշանակությամբ, այլեւս փաստ է. Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը` Հայ եկեղեցու ծեսով, Հռոմի պապի աննախադեպ ելույթը, որտեղ 1915-ին Թուրքիայում հայերի հանդեպ կատարված ոճրագործությունը նա որակեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, ցնցեց միջազգային հասարակական-քաղաքական միտքը` միջազգային զանգվածային բոլոր լրատվամիջոցների ուշադրությունը արագորեն բեւեռելով իր վրա: Այն հոգեւոր ապրումները, որ ունեցանք` Վատիկանից տրվող ուղիղ հեռարձակման մոտ 1.5 ժամվա ընթացքում, հուզմունքը, ուրախությունը, հիացմունքն ու արցունքը դժվար է նույնիսկ ամենահոգեւոր իմպուլսը կրող բառով արտահայտել. երբ 1000 տարի անց ի խորոց սրտի Աստծո հետ խոսող սուրբ Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու Վարդապետ... իսկ մեր ներսում կուտակված սպասման արձագանքը` 1915-ի «վերջապե՜ս»-ը, ի հատուցումն 100-ամյա մաքառումի, հառաչանքի պես հնչեց: Սակայն ինչո՞ւ ի հատուցումն, ինչու ոչ` հանուն համամարդկային արդարության, ի սեր ճշմարտության, հանուն քրիստոնեական համընդհանուր արժեքների, ինչպես ինքը` Ֆրանցիսկոս պապն ի պատասխան թուրքական անհեթեթ բողոքի ասաց. «Եկեղեցին պետք է անկեղծ խոսի: Եկեղեցու ուղին անկեղծության ուղին է: Դա ապացուցում է Քրիստոսի հարությունից հետո սուրբ առաքյալների վարած կյանքը: Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, նույնիսկՙ դառը: Սուրբ հոգին ի վիճակի է փոխել մեր կյանքը եւ համարձակություն ու քաջություն տալ մեզ»:

Աշխարհը փոխվում է: Այս խոսքերը պետք է հնչեին եւ հնչեցին դրանք քրիստոնյա աշխարհի հոգեւոր կենտրոններից մեկի սուրբ կամարների ներքո, եւ սրա մեջ խորին խորհուրդ կա... Անշուշտ նախընթաց տասնամյակների հայ ոգու դիմադրության ողջ շարժումը, անշուշտ իտալական հողում ծնված ու բարգավաճած հայ մտքի, մշակույթի հոգեւոր կենտրոն Մխիթարյան միաբանության, կաթոլիկ հայ համայնքի, մեր դիվանագիտության, պետության ներդրումը կա: Սակայն մարդկությունը կկործանվի իսկապես, եթե արդարության ձայնը լռի վերջնականապես. եւ այո՛` ոչինչ չի կորչում, հատուցման պահը ուշ թե շուտ գալիս է:

Ապրիլյան այդ կիրակին էմոցիոնալ բեւեռներով թվում է հակասական միայն առաջին հայացքից, որովհետեւ նույն զգացումը մարդկային կյանքի հոգեւոր եւ աշխարհիկ բեւեռներում իրար լրացրին պարզապես... Առավոտվա հոգեւոր ապրումը դեռ չմարսած` երեկոյան Կարապի լճի մոտ Քանյե Ուեստի համերգը էմոցիոնալ գագաթնակետին հասցրեց օրը եւ այնքան անսպասելի վերջաբանով, որ սկսում ես մտածել, որ սա իսկապես մի շղթա էր, նախախնամությամբ պայմանավորված, որովհետեւ համերգը նախատեսված չէր, այն ծնվեց տարերայնորեն, միանգամից: Այդ մասին Քիմ Քարդաշյանը գրեց Twitter-ի իր էջում, թե ինչպես է ամուսինը երկու ժամ առաջ արթնացրել իրեն եւ հայտնել համերգի մասին, ինքը մի պահ շփոթվել է, անհանգստացել, բայց մի քանի ժամ անց երեւանյան վերջին գիշերը համարեց խելահեղ: Եվ խելահեղ` ոչ միայն իր համար: Համերգի լուրը տարածվելուց 40-50 րոպեի ընթացքում Կարապի լճի շուրջը հավաքվեցին հազարավոր երեւանցիներ. դժվար է էմոցիոնալ առումով հաղորդել գիշերային Երեւանի խենթացնող հմայքը եւ օրվա գեղեցիկ ավարտը, երբ 21 Գրեմմիի մրցանակակիր աշխարհահռչակ երգիչը հընթացս դիմելով դիմացի կողմում հավաքվածներին, թե արդյոք նրանք տեսնո՞ւմ են իրեն, անակնկալ նետվեց ջուրը` իր հետեւից տանելով էյֆորիայի մեջ հայտնված երկրպագուների խմբին: Ինչպիսի իրարանցում ու հրճվանք էր քաղաքի այդ հատվածում, նույնը սոցցանցերում, տեսահոլովակներ, մեկնաբանություններ, գրառումներ, հումորներ, ebay-ում արդեն վաճառքի հանված ջրի եւ այլնի մասին: Երգչի ֆեյսբուքյան էջում մեկը այսպիսի գրառում էր թողել. «Նրան թվում էր, թե կարող է ջրի վրայով քայլել»: Էմոցիաների բուռն կուտակում, արտահայտվելու անզուսպ ցանկություն. «Չէինք տեսել նման բան, տեղի ունեցավ այն, ինչը երբեք չենք մոռանա.... 3-4 կատարում ներկայիս ամենաթոփ ռեյփերներից մեկի կողմից, ով մեզ հավատալու հույս տվեց, որ կյանքը հիասքանչ է, որ դեռ կհասցնենք վայելել երիտասարդությունը... Ընկնելու պահն ամենա-ամենան էր... Այ հիմա մենք գիտենք, թե որն է պերֆորմանսը, ինչ է արտիստ լինելը եւ շոու անելը... դրայվ փոխանցելը... ուզում ես անդադար ինչ-որ բաներ գրել, միգուցե դեռ կան մարդիկ, ովքեր տեղյակ չեն, որ երեկ իսկական մշակութային հեղաշրջում կատարվեց երիտասարդների ուղեղներում...», կամ` «Նրանք փոխեցին մեր աշխարհը, փոխեցին մեզ, լուսավորեցին եւ ջերմացրին մեզ, այո մենք հիմա մենակ չենք այս մեծ աշխարհում»: Երեւանյան գիշերային համերգին անդրադարձան նաեւ հանրային գործիչներ, արտիստներ: Միջազգային մամուլը տառացիորեն հեղեղվեց համերգի մասին պատմող նյութերով եւ ջուրը ցատկելու տեսանյութերով, լուսանկարներով: Եղան նաեւ հումորային, կատակային մեկնաբանություններ, ենթատեքստում` նաեւ վիրավորական, ինչպես օրինակ` Իվան Ուրգանտը իր հեղինակայինՙ «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման մեջ դա արեց: Սակայն կարեւորը արձագանքի միջազգային անսպասելի այն ռեզոնանսն էր, որ ունեցավ Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեստի հայաստանյան այցը, որի արդյունքը թվային հաշվարկով արդեն արված ու ներկայացված է, թե որքան է աճել հետաքրքրությունը այս վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի, Հայոց ցեղասպանության հանդեպ, ինչը տրված է ըստ Google որոնողական համակարգի, Վիկիպեդիայում արված հարցումների, ռադիոյի, հեռուստատեսության, մամուլի եւ իհարկե սոցցանցերի արձագանքների. Քիմ Քարդաշյանի միայն Ֆեյսբուքյան էջը ունի 24 միլիոն հետեւորդ:

«Մեզ միշտ հիշում են վատ լուրերով», «Մեզ ով գիտի որ, փոքր, մոռացված երկիր ենք» հուսահատական ստերեոտիպը այս օրերին ջարդվեց: Այնպես չէ, թե համաշխարհային մեծության աստղեր չենք ընդունել, այդ թվում` նաեւ հայ: Տարիներ առաջ Շառլ Ազնավուրի հանդիպումը «Մոսկվա» կինոթատրոնում չկայացավ անշլագի, առաջացած հեղձուկի պատճատով, իսկ «Երեւան» հյուրանոցի մուտքը, որտեղ այդ պահին աշխարհահռչակ երգիչն էր գտնվում, հսկում էին կարմիր բերետավորները: Սակայն ուրիշ էր այս այցելությունը, եւ ոչ միայն` միջազգային արձագանքի առումով: Քիմ Քարդաշյա՞նը պիտի գար անպայման, որ զգայինք մեր երիտասարդների ազատության տենչը, տեսնեինք մեր քաղաքի հմայքը: Երբ նրա այցելած տեսարժան վայրերը հայտնվում էին աշխարհի հայտնի թերթերի էջերին, ասես նոր քաղաք էինք հայտնաբերում, համեմատություններ անեինք, ափսոսայինք ու հասկանայինք, թե իսկապես որքան ենք հոգնած մենք կեղծիքից ու դատարկ սնապարծությունից, ինքնագովեստից ու գավառական հումորից, որքան կարիք ունենք բաց, պարզ ու անկեղծ խոսակցության` մտավորական, արտիստ թե հանրային գործիչ կլինի նա:

Եվ իհարկե այս այցը նոր գույն հաղորդեց ամերիկյան շոու - բիզնեսի հանրահայտ ներկայացուցչի աստղային կյանքի երանգապնակին նաեւ: Իր համար սա ոչ միայն արմատների, հայրենի երկրի որոնում էր, այլ նաեւ ինքնահայտնաբերում էր, ու դա այդպես եղավ նաեւ շատերի համար: Նրա` այս ասպարեզի համար ընդունված կերպարը բոլորովին փոխված էր Հայաստանում, սանրվածքը, մազերի գույնը (վերջերս փարիզյան նորաձեւության ներկայացումներին շիկահեր Քիմը հերթական իրարանցումն առաջացրեց), իր պահվածքը, ժպիտը, ամեն բան այլ էր, եւ հագուստն էր միանգամայն տարբեր` բեժի երանգներով, սեւով ու ճերմակով, զուսպ ձեւերի մեջ` տպավորիչ, իսկ կարմիրը Ծիծեռնակաբերդում ցնցող էր, ընտրված, մտածված, շատ ճիշտ (թեեւ գավառամիտների կողմից քննադատվեց): Ծիծեռնակաբերդի բարձունքում, անմար կրակի առաջ խոնարհված կարմրազգեստ գեղեցկուհին իր ձեռքի կարմիր կակաչներից մեկն էր կարծես...

Քիմ Քարդաշյանի հմայքը մի անսովոր ալիք տարածեց, գեղեցկությունը հետք թողեց քաղաքի փողոցներին ու շատերիս մեջ, զգացմունքի ալիք բարձրացավ, իր գնալուց հետո ինչ-որ բան ասես դատարկվեց քաղաքում...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 17-04-2015

AZG Daily #35, 21-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ