RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-02-27 17:29:58ՀՐԱՏԱՊ. Շիշ բռնողը հավաքել է անհետ կորած զինծառայողների հարազատներին և փորձում է նրանց ուղղորդել Բաղրամյան պողոտա. Mediaport
2021-02-27 15:59:34«ժամանակն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը որոշումներ կայացնի, ոչ թե բանակցի». Ժիրինովսկին Փաշինյանի վերաբերյալ
2021-02-11 15:01:08Վերջին օրերին տեղի ունեցան, կարծում եմ՝ միմյանց հետ փոխկապակցված երկու չափազանց կարևոր իրադարձություններ
2021-02-11 14:59:50Սիրելի՛ ժողովուրդ, Քեզ հիպնոսացրել են, արթնացի՛ր. Հայրենիքի փրկության շարժում
2021-01-27 21:42:18Արցախյան 2 պատերազմի մասնակցած ազատամարտիկը ծեծի է ենթարկվել
#015, 2015-04-24 > #016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015



ՆԵՐԳԱՂԹԻ ՇԵՓՈՐԱՀԱՐԸ

Տեղադրվել է` 2015-05-13 18:38:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 1373, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԳԱՌՆԻԿ ՍՎԱԶԼՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ ԴԱՍԵՐԸ

ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու

Պատմական ճակատագրի բերումով հայ ժողովրդի նոր եւ նորագույն պատմության գրեթե ողջ ընթացքում եւ վարչատարածքային բոլոր կարգավիճակներում (սկզբում որպես Հայկական մարզ, Երեւանի գավառ, ապա` Երեւանի նահանգ, Հայաստանի Առաջին եւ հատկապես` Երկրորդ, ապա` Երրորդ Հանրապետություն) Պատմական Հայաստանին ընդամենը 1/10 հողատարածքի վրա իր գոյությունը պահպանած Արեւելյան Հայաստանի մաս կազմող հատվածը եղել եւ շարունակում է մնալ հայության ներգաղթի հիմնական առանցք` հակառակ այդ ուղղությամբ բոլոր ժամանակներում առկա տարակարծությունների, աշխարհաքաղաքական խոչընդոտների, ինչպես նաեւ` սոցիալ-տնտեսական դժվարությունների:

Արտերկրի հայության, մասնավորապեսՙ «իր ծոցէն Բարեգործականի նման խոշոր կազմակերպութիւն մը ծնած» եգիպտահայության, առանձին շերտերի հարաբերությունները Հայաստանի հետ հաստատվել են հենց սկզբից, դեռեւս 1921 թ. Երեւանում ստեղծված Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) (նախագահՙ Հովհաննես Թումանյան) միջոցով: ՀՕԿ-ն իր մասնաճյուղերն է ունեցել սփյուռքահայ տարբեր գաղթօջախներում, որի նշանաբանն էր` «Հայուն համար Հայաստանէն դուրս չի՛ք փրկութիւն»:

Հայաստանակենտրոն սփյուռքահայերի շարքում իր առանձնահատուկ տեղն ու դերն ունի եգիպտահայ հայրենադարձ գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, երգիծանկարիչ Գառնիկ Սվազլյանը, որը, իրատեսորեն գնահատելով ժամանակաշրջանի քաղաքական հանգամանքներն ու տարածաշրջանային մարտահրավերները, Խորհրդային Հայաստանը համարել է «ամենայն հայոց պետություն», ինչպես նաեւ տվյալ պահին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանման երաշխիքըՙ «ամենանպաստավորն ու տրամաբանականը», քանի որ ամեն ինչից առաջ եւ ամեն ինչից վեր է երկրի խաղաղությունն ու բարօրությունը: Նա Հայաստանի զարգացումն ու ամրապնդումը համարում էր նաեւ արեւմտահայության դատի լուծման գրավականըՙ «միակ կռվանը», որը կարող էր, «երբ պայմանները ներեն, առանց նոր արյունահեղությանց տեր դարձնել հայ ազգը իր պատմական անժխտելի իրավունքներուն», ուստի եւ սփյուռքահայությանը կոչ էր անում «ոչ մեկ պայքար մղել խորհրդային իշխանության դեմ», այլ` «կարելի ամեն միջոցներով ուժ տալ» Հայրենիքին եւ Ներգաղթին:

1926 թ. ՀՕԿ-ը հիմնվել է նաեւ Եգիպտոսումՙ կենտրոնատեղի ունենալով Կահիրեն, ապա նաեւ` մասնաճյուղեր են ստեղծվել Ալեքսանդրիայում եւ Դամանհուրում: Այդ առիթով Եգիպտոսում ՀՕԿ-ի հիմնադիր փոխ-նախագահ Գ. Սվազլյանը «Արաքս» թերթում գրել է. «Առանց այլեւայլի ամբողջ եգիպտահայությունը պիտի բոլորվի այս գործին շուրջ: Վասն զի այս գործը ոչ գաղափարական խտրություն, ոչ կուսակցական մենատիրություն կճանչնա: Վասն զի այս գործը միակ իրական աշխատանքն է զոր գաղութահայությունը պետք է տանի սիրով ու նվիրումով»:

Անդրադառնալով հայ սփյուռքի պատմական անցյալին եւ ապագային` հեռատես ազգային գործիչն իր «Ներգաղթի իմաստն ու արժեքը» հոդվածում գրել է. «Մենք սփիւռք մը ունենալու համար չէ, որ աշխարհի ամէն կողմը ցրուած ենք, այլՙ բռնութիւնից ու հալածանքից ստիպուած [ընդգծումըՙ Ք. Ա.]: Անդրադառնալով հայ սփյուռքի պատմական անցյալին եւ ապագայինՙ գրում է. «Այս պայմաններուն կարո՞ղ էր ապրիլ եւ յարատեւել հայ ժողովուրդը արտասահմանի մէջ: Այս հարցը աւելի ճիշդ կ"ըլլար ուղղել Լեհաստանի եւ Հոլանդայի մէջ ձուլուած եւ կորսուած, Ավստրիայի, Հունգարիայի մէջ մեռած ու փչացած, ինչպէս նաեւ զանազան երկիրներու մէջ հիւծուած եւ փոշիացած հարիւր-հազարներով հայերուն, որոնք սակայն այսօր, աւա՜ղ, ի վիճակի չեն մեզի պատասխանելու, որովհետեւ հայութեան համար ձուլուած եւ կորսուած են իսպառ»: Ապա Գ. Սվազլյանը հանգել է մեկ եզրակացության. «Այժմէն մեր կարելի բոլոր միջոցները պէտք է տրամադրենք ու մեր ամբողջ ուշադրութիւնը կեդրոնացնենք ներգաղթին կազմակերպումի ու յաջողութեան գործին, որովհետեւ ներգաղթին մէջ է սփիւռքահայութեան փրկութիւնը, ինչպէս հայրենիքի մէջն է ամբողջ հայութեան ապագան [ընդգծումըՙ Ք. Ա.]»:

Անշուշտ այս գաղափարներն ու գործունեությունը, ինչպես նաեւ հետագայում հայրենադարձության կազմակերպման գործընթացը Սփյուռքում, առավել եւս Եգիպտոսում հանդիպել են այդ ժամանակ անգլիական հպատակության ներքո գտնվող եգիպտական, նաեւ ներհամայնքային առանձին կառույցների խիստ ընդդիմադիր վերաբերմունքին, որի արդյունքում երկրի գերագույն շահերին դավելու մեղադրանքով Գ. Սվազլյանը 4 անգամ բանտ է նետվել:

Այդուհանդերձ, արհամարելով ամեն տեսակի հալածանքները, Գ. Սվազլյանը շարունակել է ծավալել իր գաղափարախոսական եւ հասարակական-քաղաքական գործունեությունը: ՀՕԿ-ի լուծարումից հետո, եգիպտահայության շրջանում ազգային-գաղափարական ոգին, Մայր հայրենիքի հետ կապն արթուն պահելու հատուկ նպատակադրումով, Գ. Սվազլյանը 1943 թ. Ալեքսանդրիայում հիմնել եւ ղեկավարել է «Սեւան» հայաշունչ ու հայաստանակենտրոն մշակութային-հասարակական միությունը, որի նպատակն էր զարգացնել շնորհալի երիտասարդների ընդունակությունները, ինչպես նաեւ դասախոսությունների եւ դասընթացների միջոցով համայնքին ծանոթացնել հայ մշակույթին եւ Հայրենիքի առաջընթացին, նյութապես եւ բարոյապես աջակցել ֆաշիզմի դեմ պայքարող հայրենիքին, հայրենադարձությանը, եգիպտահայերին նախապատրաստել ներգաղթին, ծանոթացնել Հայրենիքում խորհրդային համակեցության կանոններին, հայրենի գաղափարախոսությանն ու ապրելակերպին եւ այլն:

Արձագանքելով 1930-ական թվականներին Խորհրդային Հայաստանի կառավարության կազմակերպած մի խումբ տարագիր հայերի Մայր հայրենիք ներգաղթինՙ Գ. Սվազլյանը գրել, հրատարակել եւ բեմադրել է «Ներգաղթը» պիեսը (Ալեքսանդրիա, 1936 թ.), որը լայն ընդունելություն եւ խանդավառ արձագանք է ունեցել սփյուռքահայ հասարակության շրջանում: Իր արծարծած համասփյուռքյան խնդիրներով եւ ազգային-գաղափարական բովանդակությամբ սփյուռքահայ իրականության մեջ եզակի այդ թատերգությունը արեւմտահային բաժին ընկած ճակատագրի հավաքական խտացումն է. մեկ ընտանիքի պատմությամբ ներկայացնում է դարասկզբին Հայոց ցեղասպանությունից հետո օտարության մեջ հայտնված տարագիր հայության ձուլման եւ այլասերման անխուսափելի վտանգը, իր ինքնությունը կորցնող, Հայրենիքի գոյությանն անտեղյակ, ակամայից օտարացող նոր սերնդի անմխիթար վիճակը, համընդհանուր տնտեսական ճգնաժամի պայմաններում գործազրկության ու թշվառության դատապարտված հայության դեգերումներըՙ հանգելով միակ փրկարար լուծմանՙ հայրենադարձության գաղափարին:

Հայրենատենչ գրող-հրապարակախոս Գ. Սվազլյանի մտքին ու գրչին են պատկանում ինչպես քաղաքական սուր բնույթի երեք տասնյակից ավելի երգիծանկարներն ու գծանկարները, նույնպես եւ բազմաթիվ հրապարակախոսական հոդվածները, որոնք 1930-1940-ական թվականներին նրա կողմից բանախոսվել են հայաշատ տարբեր բեմերից եւ տպագրվել սփյուռքահայ մամուլում (Եգիպտոսՙ «Արեւ», «Արաքս», «Աշխատանք», «Սաւառնակ», «Զէբլին», Ֆրանսիաՙ «Զանգու», Ռումինիաՙ «Պահակ», Հունաստանՙ «Վերածնունդ» եւ այլն): Դիպուկ ու պատկերավոր խորագրերով այդ հոդվածներն իրենց ամբողջության մեջ, ազգային-գաղափարախոսության հավատամքով լի հորդոր ենՙ ազգասիրությամբ ու հայրենասիրությամբ ներշնչված համախմբման կոչ, որը եւ, ընդհանուր առմամբ, սկզբումՙ գաղափարապես, ապա նաեւՙ գործնականում, նախապատրաստել եւ իրականություն է դարձրել բազմահազար եգիպտահայերի, ինչպես նաեւ սփյուռքահայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան:

Հայոց պատմության բոլոր ժամանակաշրջանների համար բնութագրական եւ առավել քան այժմեական է հնչում դեռեւս 1932 թ. Գ. Սվազլյանի գրած եւ համայնքային բեմերից կարդացած «Ո՞ր օրուան կը սպասենք» վերտառությամբ ներգաղթի սթափեցնող կոչն ուղղված աշխարհասփյուռ հայությանը: Այն համընդհանուր հայահավաքի հրավեր է Հայոց ցեղասպանության հետեւանքով տարագրված եւ օտարության մեջ ձուլման դատապարտված հայությանը դեպի պատմական դաժան փորձություններից վերապրած ու վերաշինվող Հայրենիք, դեպիՙ Մայր Հայաստան:

«Եւ մենք, գրում է նա, տարաշխարհիկ հայերս ի՞նչ կ"ընենք, երբ հոն մեր եղբայրները մեր Հայրենիքը կը կերտեն: Աւա՜ղ, մենք դեռ կը շարունակենք ապրիլ օտարութեան մէջ, մեր խանութպանի ճղճիմ հաշիւներով պաշարուած, հեռու՜ հայրենի վերաշինութեան մեծ տօնէն եւ անմասն հոն արձանագրուող յաղթանակներու խրախճանութիւններէն:

Ոչինչ աւելի ստորացնող է, քան մեր այս խորթ կեցուածքը: Երբ մենք մեր շինարար յատկութիւններով օտար աշխարհներ ենք շէնցուցեր եւ Տէր Զօրի դեղին աւազներն անգամ բուրաստաններու ենք վերածեր, այժմ որ Հայրենիքի մէջ հնչող մուրճի հարուածները մեզ մեր պարտականութեան կը հրաւիրենՙ կը վարանինք, կը յամենանք եւ վճռականութիւն ցոյց չենք տար:

Ու՞ր են մեր հաւաքական զոհաբերումները Հայրենիքի վերաշինութեան սրբազան գործին համար: Ու՞ր է մեր մէջ նուիրումի այն ոգին, որ երբեմն կեանքեր տրամադրեց եւ երակները բացաւ ի սէր Հայրենիքի: Ինչու՞ այս թուլութիւնը: Որ՞ օրուան կը սպասենք մեր հայրենասիրութեան ապացոյցը տալու եւ մեր ցեղային ազնիւ առաքինութիւնները Հայրենիքին տրամադրելու համար [ընդգծումըՙ Ք. Ա.]»:

Եվ ապա Գ. Սվազլյանի եզրակացությունը պարզից էլ պարզ է. «Պէտք է գործի լծուինք բոլորս ալ մէկ գաղափարի շուրջ, որ է Հայրենիքի օժանդակութեան գործը , մէկ մտասեւեռում ունենալովՙ Հայրենիքի վերականգնումը , եւ մէկ կարգախօս մեր բոլորին շրթունքներուն ծայրըՙ Դէպի Հայրենիք [ընդգծումըՙ Ք. Ա.]:

Առիթը բացառիկ է, եւ մեզ բախտաւոր պէտք է համարենք, որ կրնանք Հայրենիքի վերածնունդը ողջունել ու անոր մասնակից ըլլալու գերագոյն հրճուանքը վայելել»:

Աննկուն հայրենասերը նաեւ Կարմիր բանակի օգնության ֆոնդի համար արտերկրում ծավալված հայրենասիրական շարժման կազմակերպիչներից էր, որն իր բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներով Սփյուռքի իր հայրենակիցների շրջանում հավատ է ներշնչել Խորհրդային Միության եւ Կարմիր բանակի հաղթանակի նկատմամբՙ կոչ անելով եռանդուն մասնակցություն ունենալ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան օգտին կատարվող հանգանակություններին: «Սեւան» միության հարյուրավոր անդամներ իրենց նպաստն են բերել նաեւ կարմիրբանակայինների համար բրդյա գուլպաներ, տաք հագուստներ հյուսելու եւ նվիրաբերելու գործին:

Հանգանակված բոլոր գումարները Գ. Սվազլյանը Եգիպտոսում Խորհրդային Միության դեսպանատան միջոցով առաքել է Մայր Հայաստան` ի նպաստ ներգաղթի եւ բնակարանների շինության ֆոնդին:

Արդեն 1947-1948 թթ. Եգիպտոսից հայրենադարձվել է մոտավորապես 4.000 հայ: Հայրենադարձություն, որն իրականություն դարձավ նաեւ Գ. Սվազլյանի շուրջ երկու տասնամյակ ծավալած, ազգային-գաղափարախոսական նպատակային ու կազմակերպված Հայաստանակենտրոն գործունեության:

Արդյունքում, դեպի հայրենիք ներգաղթին գաղափարապես նախապատրաստված եգիպտահայությունը հիմնականում կարողացել է հեռու մնալ անցանկալի այլախոհական դրսեւորումներից, եւ, ընդհակառակը, իր երեւելի մտավորական, արվեստի գործիչ, բժիշկ, աշխատավոր եւ այլ մասնագետներով մեծապես նպաստել եւ շարունակում է նպաստել Հայրենիքի առաջընթացին:

Գառնիկ Սվազլյանի ներգաղթի գաղափարագործնական փորձառությունը այսօր եւս կարող է ուսանելի դաս ծառայել օտարության մեջ հայապահպան ջանքեր գործադրող սփյուռքի մեր հայրենակիցներին` գիտակցելու համար, որ հայապահպանությունն առանց հողապահպանության անիմաստ է, իսկ հողապահպանությունը ենթադրում է գիտակցված ու անսակարկ հայրենադարձություն եւ հայրենաշինություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 08-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ