RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1615, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՈՒՐԱՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Քյոլնի ոստիկանությունը չի կանխել Փերինչեքի քրեորեն հետապնդելի գործողությունը

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ չի հրապարակել հունվարի 28-ին կայացած «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատալսման արդյունքը, դեռ հայտնի չէՙ դատարանն ինչ վճիռ է կայացրելՙ խոսքի ազատությո՞ւնն է գերակա, թե՞ պատմական ճշմարտության ճանաչումը, բայց Դողու Փերինչեքը, հունիսի 7-ի Թուրքիայի ընտրություններին ընդառաջ, ժամանակ չի կորցնում. Քյոլնում մայիսի 23-ին Եվրոպայի թուրք երիտասարդների դաշինքի հետ (TGB Avrupa) հրապարակային հանդիպման ժամանակ, որը նվիրված է եղել, իրենց մեկնաբանությամբՙ 1919-1922-ին քեմալիստ ազգայնականների անկախության համար պայքարի սկզբնավորմանը, Փերինչեքը ներկայացել է որպես հիմնական բանախոս: Միջոցառման վարողը նրան բնորոշել է որպես «ուղի հարթող»: Ինչպես ենթադրելի էր, Փերինչեքը չի դավաճանել ժխտման իր որդեգրած ուղունՙ նա երկու անգամ կրկնել է, թե Հայոց ցեղասպանությունը սուտ է, իսկ Գերմանիայի տարբեր վայրերից իրեն ունկնդրելու հավաքված բազմությանն էլ ներկայացել «որպես Էնվերի, Թալեաթի ներկայացուցիչ», իրեն նույնացրել թուրք պատմական այնպիսի անունների հետ, որոնց դատարանը ճանաչել է որպես ցեղասպանների:

Գերմանիայում Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբը մայիսի 25 թվակիր հրապարակմամբ քննադատել է Քյոլնի ոստիկանությանը: Աշխատանքային խումբը մայիսի 16-ին նամակ էր ուղարկել ոստիկանությունՙ խնդրելով կանխել Հայոց ցեղասպանությունը ուրացող Դողու Փերինչեքիՙ մայիսի 23-ին Քյոլնում նախատեսված միջոցառումը: Մայիսի 19-ին ստացվել էր ոստիկանության անհամաչափ պատասխանը, ըստ որի իրենք որեւէ հիմք չեն տեսնում արգելելու հավաքը:

«Քյոլնում թուրք երիտասարդների հետ կայացած հանդիպմանը ի թիվս այլ նկարների Թալեաթի նկարը պատվելը ոչ այլ ինչ է, քան ոճրագործի մեծարում», մեկնաբանում է Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբն իր նամակում: Թեպետ Փերինչեքի ելույթի պարագայում կանխատեսելի են, որ խախտվելու են քրեական օրենսգրքով սահմանված ազգամիջյան լարում, ինչպես նաեւ հանգուցյալների հիշատակի անարգում հոդվածները, ուստի կարելի էր միջոցառման անցկացումն արգելել, բայց Քյոլնի ոստիկանությունը նախընտրել է այն արտոնելՙ վկայակոչելով հրապարակային հավաքների մասին սահմանադրական դրույթը: Իսկ Փերինչեքի ուրացող վարքագծի փաստագրված շարադրանքի վերաբերյալ էլ ոստիկանությունը ծանուցում է, թե ներկայացված փաստերը «շատ տարիներ առաջ» են կատարվել:

Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խմբի համար ըմբռնելի չէ Քյոլնի ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցչի տարօրինակ տեսակետը եւ ոստիկանությանՙ 5000 աշխատակից ունեցող բաժնի ղեկավար Ալբերսից ակնկալում է եզրակացությունՙ իր ենթակայի պատասխանի վերաբերյալ:

Գերմանիա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ