RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2011, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԼՃԱՑՈՒՄ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վաճառողներն անընդհատ ավելանում են, իսկ գնողները` պակասում

Հայաստանում մանրածախ առեւտրի շրջանառության ծավալները, կամ ինչպես ընդունված է ասել, սպառման ծավալները շարունակում են նվազել: Այդ մասին են վկայում նաեւ վիճակագրական վերջին ցուցանիշները: Համաձայն դրանց, այս տարվա առաջին 4 ամիսներին առեւտրի ծավալները նվազել են 7,6 տոկոսով: Այս հարցին անդրադարձանք մեր նախորդ հրապարակմամբ («Սպառման ծավալների նվազում` ինչով է պայմանավորված», 15. 05. 2015թ., ԱԶԳ), հիմնական պատճառ նշելով արտերկրից մասնավոր փոխանցումների ծավալների նվազումը: Միաժամանակ նշեցինք, որ մասնավոր փոխանցումները մեր բնակչության եկամտի հիմնական աղբյուրը չեն եւ կազմում են մեր երկրի տնտեսության ընդհանուր ծավալի` ՀՆԱ-ի մոտ 15 տոկոսը: Պետական բյուջեից աշխատավարձեր եւ կենսաթոշակներ են ստանում հարյուր հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորներ էլ եկամուտներ են ստանում գյուղատնտեսությունից, աշխատավարձի տեսքով` մասնավոր արդյունաբերական ձեռնարկություններում, առեւտրի եւ ծառայությունների ոլորտների ընկերություններում աշխատելու դիմաց, բիզնես գործունեությամբ զբաղվելով:

Այս ամենով հանդերձ, վերջին շրջանում աչքի են զարնում «խանութը փակվում է», «լիկվիդացիոն գներ», «տարածքը տրվում է վարձով», «խանութը տեղափոխվում է այլ հասցե» եւ նմանատիպ գրությունների ավելացումը Երեւանում եւ գուցե նաեւ Հայաստանի մյուս քաղաքներում: Այն որ սպառման ծավալների նվազումն ազդում է այդ գործընթացի վրա, որն էլ մասնավոր փոխանցումների նվազման հետեւանք է, ոչ ոք չի կասկածում, բայց արդյո՞ք միայն այս գործոնով է դա պայմանավորված: Միանշանակ է, որ հարցի պատասխանը բացասական է եւ ոչ միայն այն պատճառով, որ մասնավոր փոխանցումների դերը պետք չէ գերագնահատել:

ԱՁ-ների եւ ՍՊԸ-ների գրանցումը չի նվազել

Տեղեկանալու համար, թե ինչպե՞ս է վիճակը բիզնես գրանցելու առնչությամբ, ծանոթացանք արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության` իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումների տվյալներին: Քանի որ մեր երկրում ստեղծվող հիմնական բիզնես կառույցները անհատ ձեռնարկատերերն են (ԱՁ) եւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները (ՍՊԸ), ներկայացնենք դրանց վերաբերյալ 2014-ի առաջին երեք ամիսների եւ 2015 -ի առաջին երեք ամիսների տվյալները` քանի՞ ԱՁ-ներ եւ ՍՊԸ-ներ են բացվել վերոնշյալ ժամանակահատվածներում.

2014 հունվար` 752 ԱՁ, 213 ՍՊԸ2015 հունվար` 725 ԱՁ, 215 ՍՊԸ
2014 փետրվար` 1070 ԱՁ, 265 ՍՊԸ2015 փետրվար` 1108 ԱՁ, 364 ՍՊԸ
2014 մարտ` 1127 ԱՁ, 310 ՍՊԸ2015 մարտ` 1121 ԱՁ, 347 ՍՊԸ

Ինչպես երեւոմ է այս ցուցանիշներից, բիզնես սկսողների թիվը այս տարվա առաջին երեք ամիսներին ոչ միայն չի նվազել նախորդ տարվա երեք ամիսների համեմատ, այլեւ ինչ-որ չափով ավելացել է: Ինչ վերաբերվում է փակվող տնտեսվարողների թվին, ապա դրանց մասին տեղեկատվությունը նույնպես նշվում է պետական ռեգիստրի գործակալությունում փոփոխված ցուցանիշներում եւ նույնպես էական տարբերություններ չեն նկատվում: Այսինքն, եթե կա փակվող բիզնեսների որոշակի թիվ, ապա կա նաեւ նոր բացվողների` դրան մոտ գտնվող թիվ: Այնուամենայնիվ, եթե այս հանգամանքն էլ մի կողմ դնենք եւ համարենք, որ փակվողների մի մասը ոչ թե վերջնականապես է փակվում, այլ դիմում է գործունեության կասեցման խնդրանքով, առեւտրային օբյեկտների փակվելու գործընթացն ունի ավելի խոր արմատներ, եւ ինչ որ տեղ բնական է, որ դա տեղի է ունենում:

Հիմնական պատճառը` մանրածախ առեւտուրն ամենամեծ ծավալներն ունի

Հայաստանի տնտեսության ողջ ծավալը` համախառն ներքին արդյունքը 2014-ին կազմել է մոտ 4 տրլն 528 մլրդ դրամ, որից 2 տրլն 402 մլրդ դրամը առեւտրի բաժինն է: Այսինքն, մեր ՀՆԱ-ի կեսից ավելին մանրածախ առեւտուրն է: Մինչդեռ, տնտեսության իրական հատվածը, նյութական արժեքներ ստեղծող արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, միասին վերցրած, ավելի քիչ ծավալ ունեն, քան առեւտուրը: Արդյունաբերության ծավալը 1 տրլն 288 մլրդ դրամ է, գյուղատնտեսությանը` 993 մլրդ դրամ: Սրան էլ ավելացնենք ծառայությունների ոլորտը` 1 տրլն 110 մլրդ դրամ, որտեղ նույնպես մեծամասամբ նյութական արժեքներ չեն ստեղծվում (բացառությամբ արտարժույթի հոսք ապահովող ներգնա զբոսաշրջությունն ու հյուրանոցները), ապա բնական է, որ վաղ թե ուշ, տվյալ երկրում սկսվելու է պահանջարկի կամ սպառման ծավալների անկումը: Խոսքը լճացման մասին է, որը կարող է սկսվել աստիճանաբար կամ կտրուկ: Հենց այդ երեւույթն է արձանագրվում հիմա, որի գլխավոր պատճառն այն է, որ տնտեսության մեջ ամենամեծ ծավալն ունի առեւտուրը` առավելապես հիմնված ներմուծման վրա, քան թե իրական հատվածը` ի դեմս նյութական արժեքներ ստեղծող արդյունաբերության եւ գյուղատնտեսության:

Մեխանիզմը շատ պարզ է, միջոցները երկրից դուրս են գալիս ապրանք ներմուծողների միջոցով, իսկ տեղում ստեղծվող արժեքները ավելի քիչ են, քան ներմուծվող ապրանքը: Հետեւաբար, ստեղծվում է մի իրավիճակ, երբ վաճառողներն անընդհատ ավելանում են, իսկ գնողները` պակասում: Արտերկրից մասնավոր փոխանցումները որոշակիորեն ծածկում են ներմուծման եւ տեղում ստեղծվող արդյունքի բացասական տարբերությունը, բայց ամբողջապես չեն լրացնում: Այս պարագայում ինչպե՞ս կարող է պահանջարկը չնվազել, առեւտրի ծավալներն էլ անկում չարձանագրել, խանութներն էլ չփակվել:

Նպաստող գործոն ` ահռելի ստվերը մանրածախ առեւտրում

Ի դեպ, հարկ է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ փակվում են հիմնականում ոչ պարենային խանութները: Պարենային կամ մթերային խանութները որոշ դեպքերում անգամ ավելանում են: Դա պայմանավորված է ոչ միայն նրանով, որ սննդամթերքն ավելի զանգվածային սպառման ապրանք է, քան հագուստն ու կենցաղային իրերը, այլ, որ պարենային խանութներում գերակշռում են հիմնականում տեղական արտադրության ապրանքները` կանթամթերք, հացամթերք, մսամթերք, խմիչքներ` ոգելից եւ ոչ ոգելից, հյութեր, պահածոներ եւ այլն: Այսինքն, այստեղ առեւտուրը չի լճանում, որովհետեւ տեղում ստեղծվողն է սպառվում: Եթե այստեղ էլ հիմնականում ներմուծված ապրանքը վաճառվեր, ապա սպառման ծավալները նույնպես որոշ չափով կնվազեին եւ կնկատվեին փակվող խանութներ:

Վերադառնանք ներմուծման վրա հիմնված հիմնականում ոչ պարենային ապրանքների առեւտրի ծավալների նվազմանը: Դա նկատվում է թե փակվող խանութների օրինակով, թե տոնավաճառների շրջանառության նվազմամբ: Սակայն, եթե խանութները փակվում են, ապա տոնավաճառների պարագայում նման երեւույթ տեղի չի ունենում: Ինչո՞ւ, որովհետեւ այստեղ գործում է գրեթե զրոյական հարկման դաշտ, դրան էլ ավելացրած` ահռելի ստվերային շրաջանառություն: Եթե տոնավաճառների առեւտրականների կողմից վճարած շրջանառության հարկի միջին չափը ամսական 10-15 հազար դրամ է, ապա, անգամ տաղավարի վարձակալության համար տոնավաճառի սեփականության տրվող մի քանի անգամ ավելի գումարը, հնարավորություն կտա առեւտրականին, առեւտրի ծավալների անկման դեպքում, շարունակել բավականին լուրջ շահույթ ստանալ եւ չփակվել: Ընդ որում, շրջանառության հարկը նվազեցվել է մինչեւ 1 տոկոսի` ապրանքների փաստաթղթավորման դեպքում: Սակայն առեւտրականները նախընտրում են գործել 5 տոկոս հարկման դաշտում, որովհետեւ իրական շրջանառությունը թաքցնելով, այդպես ավելի քիչ հարկ են վճարում, քան կվճարեին 1 տոկոս` ապրանքների փաստաթղթավորման դեպքում: Արդյունքում, նրանք չեն տուժում, քանի որ շարունակում են վաճառել գրեթե առանց հարկման: Իմիջիայլոց, ավելացնենք, որ տոնավաճառներում վաճառվող ապրանքների զգալի մասը ներմուծվում է մեր հանդեպ թշնամաբար տրամադրված երկրից` Թուրքիայից:

Այս երեւույթը նաեւ հարվածում է տեղական արտադրությանը, որը չի կարողանում մրցակցել արտոնյալ հարկման դաշտում գտնվող, արտոնյալ մաքսազերծմամբ կատարվող, մեծ ստվեր ունեցող ներմուծվող համանման ապրանքների հետ: Արդյունքում, ստվերը նպաստում է ներմուծման ավելացմանը, ներմուծման ավելացումը` առեւտրի ծավալների նվազմանը ամբողջ երկրում: Սրան էլ ավելացրած նման ներմուծման դեպքում հարվածի տակ է ընկնում տեղական արտադրությունը, չստեղծելով այն նյութական արժեքները, որոնք կնպաստեին, որ առեւտրի ծավալները չնվազեն: Ամեն ինչ փոխկապակցված է: Այստեղ շահում են միայն արտոնյալ վիճակում հայտնվող տոնավաճառների առեւտրականները, տուժում մնացած բոլորը, այդ թվում առեւտրի մյուս օբյեկտները: Կառավարության որդեգրած մոտեցումը այս առեւտրականների նկատամբ` «թող իրենց գլուխը պահեն», այսինքն ստվերում գործեն եւ չնչին հարկեր վճարեն, անընդունելի է, քանի որ մնացած բոլորը տուժում են, ստեղծվում է անհավասար մրցակցային դաշտ, խոչընդոտվում տեղական արտադրության զարգացումը եւ, ինչպես արդեն բազմիցս նշեցինք, ի վերջո, սկսում են նվազել սպառման ծավալները: Տուժում է նաեւ պետական բյուջեն: 57 հազար տնտեսվարողներ, որոնք գտնվում են շրջանառության հարկի դաշտում, անցյալ տարի վճարել են ընդամենը 15 մլրդ դրամ հարկ, որը պետական բյուջեի 1 տրլն 137 մլրդ դրամ ընդհանուր եկամուտների 1,5 տոկոսից էլ էիչ մասն է կազմում: Միայն առեւտրում ընդգրկված 40 հազար տնտեսվարողների վճարած հարկերը 1 տոկոսից էլ փոքր մասն են կազմում:

Ներմուծումը մշտապես գերակշռել է արտահանմանը

Հայաստանի Հանրապետության գոյության 24 տարիների ընթացքում ներմուծումը Հայաստանից մշտապես գերակշռել է արտահանմանը: 90-ականներին, բագրատյանական վարչապետության տխրահռչակ տարիներին, ընդհանրապես Հայաստանից ոչ մի պատրաստի արտադրանք չէր արտահանվում` միայն մետաղի ջարդոնի վերածված հայկական ձեռնարկությունների հաստոցները եւ մետաղի հանքանյութ: 2000-ականներից սկսած թեեւ իրավիճակը փոխվեց եւ հատկապես երկնիշ տնտեսական աճի տարիներին աստիճանաբար արտահանումը սկսեց ավելանալ, բայց ներմուծումը միջինը 3 անգամ ավելի է եղել արտահանումից: Ինչը, գումարային առումով, վերջին 5 տարիներին տարեկան միջինը մոտ 3 մլրդ դոլար էր կազմում: Անգամ մասնավոր փոխանցումները, ստացվող վարկերը չեն կարողացել լրացնել արտաքին առեւտրի բացասական տարբերությունը եւ փոխել Հայաստանի վճարային բացասական հաշվեկշիռը: Այսինքն, դարձյալ վերադառնում ենք նույն խնդրին` արտահանումը երեք անգամ գերազանցող ներմուծման վրա հիմնված, մանրածախ առեւտրի գերակշռություն ունեցող տնտեսություն, որը, ի վերջո, բերում է սպառման ծավալների նվազման` լճացման:

Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը, որի մասին հաճախ են խոսում նախորդ եւ ներկա կառավարությունների ներկայացուցիչները, առայժմ տեսանելի չէ: Խոչընդոտը դարձյալ նույնն է` առեւտուրն ու առեւտրականները ունեն ավելի արտոնյալ հարկման դաշտ, ստվերային մեծ շրջանառություն, քան արտադրությունները: Խոսելով փոքր ու միջին բինզեսի մասին, թե՛ կառավարությունում, թե՛ հասարակական եւ գործարար շրջանակներում անմիջապես հասկանում են առեւտուրը եւ ոչ երբեք արտադրությունը: Այսինքն, նախ պետք է մտածողություն փոխել, ապա բարենպաստ դաշտ ստեղծել առաջին հերթին եւ գուցե բացառապես արտադրության համար: Այս դեպքում արդեն սպառման ծավալների նվազման եւ լճացման ռիսկերն էապես ցածր կլինեն, իսկ մեր տնտեսության դիմադրողականությունն ընդհանրապես` բարձր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ