RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1692, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

«Չ»ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

Հ. ԱՖՅԱՆ

Անցնող շաբաթ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը աշխատանքային այցով Մոսկվայում էր: ՌԴ մայրաքաղաքում նրա հետ հանդիպել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ այդ հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարեց, որ Ռուսաստանը լի է վճռականությամբ` տեղից շարժելու ղարաբաղյան հակամարտությունը: Մամեդյարովը չի ասել, թե ո՞ր կողմ:

Փոխարենն այս հանդիպումից անմիջապես հետո, անշուշտ դրա հետ ոչ մի առանձնահատուկ կապ ունենալով, ռուսական Gazeta.ru կայքը հոդված հրապարակեց` «Ինչպես Ղարաբաղը դարձավ Ռուսաստան» խորագրով:

Հոդվածում հիշյալ կայքի` գիտական բաժինը (հոդվածը ստորագրված է հենց այսպես` Gazeta.ru-ի գիտական բաժին) պատմում է, թե ինչպես 1805-ի մայիսի 26-ին` «այսօր վիճահարույց տարածք համարվող Ղարաբաղը մտավ ռուսական կայսրության կազմի մեջ»: Կայքը նաեւ այդ օրվա մանրամասնություններ է ներկայացրել, ըստ որի` նույն թվականի նույն օրը Ղարաբաղի կառավարիչ Իբրահիմ Խալիլ խանը հավատարմության երդում է տվել ռուս կայսեր` Ալեքսանդր Առաջինին: Ընդ որում, ըստ նույն կայքի` Ղարաբաղի խանությունը ձեւավորվել է 1747-ին, երբ «տեղացի պարսիկների օժանդակությամբ թյուրքերը կարողացան իրենց վերահսկողության տակ առնել ողջ Դաշտային Ղարաբաղը, որը բնակեցված էր առավելաբար մահմեդականներով, ապա, ավելի ուշ, վերահսկողություն սահմանեցին նաեւ Լեռնային Ղարաբաղում, որտեղ բնակչության մեծ մասը քրիստոնեա հայերն էին», գրում է կայքի գիտական բաժինը:

Բայց թողնենք պատմագիտությունը, հատկապես, որ այն մեր օրերում խիստ սուբյեկտիվ տեսք է ստացել, եթե, իհարկե, երբեւէ օբյեկտիվ եղել է: Այս հրապարակման մեջ, իրականում այնքան հետաքրքրական չէ, թե ինչ է գրված, որքան այն, թե երբ եւ ինչու է գրված: Ռուսական կայքը ուղղակի օ՞րն է հիշել, լրիվ պատահաբա՞ր, թե՞ մեսիջ է հղում, հող է նախապատրաստում, ինչպես Մամեդյարովն է ասել Լավրովի հետ հանդիպումից հետո` վճռական է տրամադրված` տեղաշարժելու ղարաբաղյան հակամարտությունը:

Բոլոր պարագաներում այս հարցի պատասխանը մենք երբեք հստակ չենք իմանալու, հետեւաբար առաջարկում ենք բոլորովին այլ հարցի շուրջ մտածել: Մենք` հայերս ի՞նչ ենք ուզում ավելի շատ. որ Ղարաբաղը մերը լինի՞, թե՞ որ այն Ադրբեջանի կազմում չլինի: Սրանք, հասկանալի է, տարբեր բաներ են: Օրինակ, մենք կողմ կլինե՞նք, եթե Ղարաբաղը որոշում կայացնի` մտնել, ենթադրենք, ԱՄՆ-ի կազմ, դառնալով այդ երկրի 51-րդ նահանգը, եւ ավելացնելով Ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ նահագների թիվը: Թե մենք ուզում ենք, որ Ղարաբաղը դառնա բացառապես Հայաստանի Հանրապետության մաս: Դատելով Gazeta.ru-ի այս հոդվածից` ռուսները մեզ ոչ առաջինն են թույլ տալու, ոչ էլ շահագրգռված են երկրորդի իրականացմամբ, հետեւաբար` մենք ուզո՞ւմ ենք, որ Ղարաբաղը «կրկին» դառնա Ռուսաստան: Նոր տարածքներ նվաճելու, կամ պատմականորեն իրեն պատկանած հողերը հետ վերադարձնելու քաղաքականություն տանող Ռուսաստանն ուզում է, Ադրբեջանը` պարզ չէ: Հազիվ թե ուզի, բայց հազիվ թե կարողանա ընդդիմանալ: Այստեղ կարեւորը մենք ենք. ուզո՞ւմ ենք:

Բայց մի հարց էլ կա, այս պարագայում` ադրբեջանցիներին ուղղված. ո՞վ ասաց, որ նրանք ուզում են «վերադարձնել» Ղարաբաղը: Նման հարցում անցկացվե՞լ է: Օրինակ հայտնի չէ, թե ինչպես ադրբեջանցիներին կպատասխանեն ներքոհիշյալ հարցադրմամբ համաժողովրդական հանրաքվեին` «Դուք ավելի շատ Ղարաբա՞ղն եք ուզում, թե՞ այն, որ Հայաստանը վերանա աշխարհի երեսից»: Եթե առաջինը, ապա դա հնարավոր չէ, եթե երկրորդը, ապա առավել եւս` առաջինը հնարավոր չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ