RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1060, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԽՄԲԱԳՐՈՒՄ Է «ՎԵԿՏՈՐՆԵՐԸ»

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ռիգայի գագաթաժողովի արգելանքներն ու սահանքները

Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովը եւս մեկ անգամ հաստատեց, որ Եվրոմիության հարեւանության քաղաքականության այս ձեւաչափը փոխակերպման է ենթարկվում, ընդ որում` ընդունեն, թե ոչ, դա տեղի է ունենում ռուսաստանյան ազդեցության հետեւանքով: Եվրոմիությունը վերանայում ու խմբագրում է իր մոտեցումները` ելնելով Արեւելյան գործընկերության տարածաշրջանի երկրներում ռուսաստանյան գործոնի ազդեցությունից, եւ արդյունքում ստացվում է, որ կարող են շահել նրանք, ովքեր ուզում են պահպանել համագործակցության եվրոպական վեկտորը:

Ռուսաստանի գործոնն է նաեւ այն հիմնական պատճառը, որի ազդեցությամբ նախապես որպես արեւելաեվրոպական նախաձեռնություն մեկնարկած Արեւելյան գործընկերության նախագիծն ավելի ու ավելի հետաքրքրական է դառնում Եվրոմիության առաջատար երկրների համար: Այդ համատեքստում էլ տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ արեւելյան գործընկերների ու, ասենք, Գերմանիայի ղեկավարների միջեւ այն դեպքում, երբ նախկինում Գերմանիան պատեհապաշտ մոտեցում ուներ գործընկերության նկատմամբ:

Ռուսաստանի դերակատարության, քայլերի ու մոտեցումների արդյունքն է նաեւ, որ ԵՄ առաջատար երկրները ոչ միայն հետաքրքրվում են արեւելյան գործընկերների հետ համագործակցության ձեւաչափով, այլեւ առավել ակտիվ դիրքորոշում ու գործելաոճ են որդեգրում: Ռիգայի գագաթաժողովում գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում արեւելյան գործընկեր Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի մասին անգամ խոսվում են բավականին հաճախակի այն պարագայում, երբ այս երեք երկրները բնավ էլ «ֆավորիտների» ցուցակում չեն` ի շարս Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի:

Ինչեւէ, գագաթաժողովի աշխատանքի երեւացող հատվածն, ըստ էության, հռչակագիրն էր, որն ընդունվեց մայիսի 22-ին, հետաքրքրական բանակցությունների ու սակարկությունների տեղիք տալով` անգամ մտավախությամբ, թե գագաթաժողովը կարող էր մնալ առանց ավարտական ակորդի:

Նախ, ուկրաինական թեման հռչակագրում արտահայտելու հարցում բովանդակությունից գոհ չէին Հայաստանն ու Բելառուսը, սակայն կուլիսային խոսակցություններից ելնելով ու նաեւ դրանց շնորհիվ հնարավոր դարձավ ստանալ Հայաստանի ու Բելառուսի համաձայնությունը` որոշակի փոփոխություններ ապահովելով նաեւ բուն տեքստում:

Վերջնական տեքստով հռչակագիրն Ղրիմի եւ ուկրաինական իրադարձությունների առնչությամբ տարբեր կետերում ամրագրեց, որ ոչ թե գագաթաժողովի բոլոր մասնակիցները, այլեւ Եվրոմիությունն է վերահաստատում իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում` ներառյալ «Ղրիմի եւ Սեւաստոպոլի անօրինական բռնակցումը»: Ուկրաինայի տարածքային ամբողջականության առնչությամբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձեւի մասով իրենց դիրքորոշումը վերահաստատում են «գագաթաժողովի մասնակիցները»:

«Ուկրաինայի դեմ գործողություններն ու իրադարձությունները Վրաստանում 2014թ.-ից հետո ցույց են տալիս, որ 21-րդ դարում եվրոպական մայրցամաքում ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքները միջազգայնորեն ճանաչված սահմաններում տրված փաստ չեն», ասվում է հռչակագրում:

Թե նշվածներից որ հատվածն ինչ փոփոխության է ենթարկվել, դժվար է ասել` չունենալով նախագծի մի քանի տարբերակները: Սակայն ակնհայտ է, որ Ուկրաինայի եւ Ղրիմի առնչությամբ սպասված ավելի խիստ ձեւակերպումների փոխարեն ստացվել է առավել մեղմ ձեւվածքով փաստաթուղթ, ընդ որում` առավել քննադատական դիրքորոշման վերաբերյալ ձեւակերպումները մատուցվել են որպես ԵՄ դիրքորոշում, այլ ոչ գագաթաժողովի մասնակիցների:

Ստացվում է, որ Հայաստանի ու Բելառուսի հետ հնարավոր է եղել բանակցել, սակարկել, որի արդյունքում էլ ստորագրվեց այն փաստաթուղթը, որը ստորագրվեց:

Հռչակագրի առնչությամբ վերապահումների ու տեքստային առումով այլ ձեւակերպումների հույսերը Արեւելյան գործընկերության երկրների մոտ տարբեր էին, սակայն բովանդակության առումով վերջին պահին գործընթացն առկախեց Ադրբեջանը: Ընդ որում, այդպիսի կեցվածքն ակնհայտ դժգոհություն առաջացրեց եվրոպական կողմի ներկայացուցիչների մոտ, այլապես ինչու պետք է նախ չնախատեսված ընդմիջում հայտարարվեր, ապա նաեւ մինչ հռչակագրի ընդունումը հանրայնացվեր, որ հենց Ադրբեջանն է հրաժարվում ստորագրել հռչակագիրը: Այդ մասին լրատվամիջոցներին մայիսի 22-ին առավոտ հայտարարել էր Եվրոխորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը:

Նույն` տարածքային ամբողջականության սկզբունքները որպես փաստ չդիտելու կետի առնչությամբ վերջին պահին թերեւս տեքստին ծանոթացած Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը գոհ չէր մնացել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցություն հայտնելու հատվածի առնչությամբ, որը ներառված է հռչակագրում: Ի մասնավորի, Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում ասվում է, որ գագաթաժողովի մասնակիցները վերահաստատում են իրենց լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: ԵՄ-ը նաեւ այս հռչակագրում ամրագրում է հակամարտությունների հարցում տարածաշրջանում վստահության ստեղծման համար առավել մեծ ներգրավվածության անհրաժեշտությունը:

Ի վերջո համաձայնություն ձեռք բերվեց, որ փաստաթուղթն ընդունվում է: Ու թեեւ հայտարարվեց, որ հռչակագիրն ընդունվել է գագաթաժողովի բոլոր մասնակիցների կողմից, Ադրբեջանը իրեն վերապահեց առանձին հայտարարություն անելու տարբերակը, թե ԵՄ ներկայացուցիչները հասցրեցին հեռախոսազրույց էլ ունենալ Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի հետ:

Հասկանալի է, որ սակարկություններ այստեղ էլ տեղ են գտել, թեեւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նախընտրել է հեռախոսազրույցի բովանդակությունը սահմանափակել Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների ապագային առնչվող քննարկումներով: Մեծապես հավանական է, որ Տուսկն իսկապես ներկայացնում է եղելությունը, քանի որ Ադրբեջանի հետ սակարկությունների դաշտը հռչակագիրը չէր կարող լինել, այլ համագործակցության` Ադրբեջանի համար նախընտրելի ձեւաչափերի ու գործիքների պարզաբանումը:

Սա հատկանշական է, քանի որ հռչակագրի` էներգետիկ հարցերին վերաբերող կետում Ադրբեջանը հիշատակվում է բոլոր նախագծերի ու նախաձեռնությունների առումով` որպես կարեւոր դերակատարություն ունեցող: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հարավային գազային միջանցքի, հարավկովկասյան նավթամուղի, տրանսանատոլյան նավթամուղի եւ տրանսադրեատիկ խողովակաշարի նախագծերին ու ծրագրերին:

Հռչակագիրն Հայաստանի մասով փաստացի ամրագրեց, որ նոր ձեւաչափի հարաբերություններ կձեւավորվեն: Եվ արդեն իսկ ամիսներ շարունակված ակտիվ խորհրդակցությունները կարող են եզրափակվել նոր բանակցությունների մեկնարկով, երբ դրա համար լինի մանդատ, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն ավարտվում են:

Զարգացման առաջին քայլն արդեն կարելի է սպասել, եւ դա կլինի Հայաստանին ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը: Դրան կարող են հետեւել Հայաստանի հետ շրջանակային համաձայնագրի նախապատրաստման բանակցությունները` մեծապես հիմնված արդեն իսկ բանակցված Ասոցիացման համաձայնագրի մշակումների վրա:

Ինչ վերաբերում է Վրաստանին եւ Ուկրաինային, ապա Ռիգայում հստակ պարզաբանվեց, որ ԵՄ-ը վիզային ռեժիմի ազատականացման հարցում չի շտապում, անդամակցության առումով էլ «ոչ քննարկումների տեղն է, ոչ ժամանակը»: Թեեւ վերապահումներ այս հարցում էլ եղան առ այն, որ ապագայում անդամակցության առումով ոչինչ բացառել չի կարելի, պարզապես հիմա դրա ժամանակը չէ:

Ռիգա-Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ