RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1419, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՅՈՒՆԿԵՐ. «ԱՆԳԼՈ-ՍԱՔՍԵՐԸ ԿՄԱՍՆԱՏԵՆ ԵՎՐՈՊԱՆ»

Պ. Ք.

Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը անչափ մտահոգ է եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու հնարավորության կապակցութամբ: «Թելեգրաֆ» թերթը մեջբերում է Յունկերի այն խոսքերը, թե Հունաստանի դուրս գալուցՙ grexit-ից հետո ոմանք կփորձեն «մասնատել» Եվրոմիությունը: Լեւենի (Բելգիա) կաթոլիկական համալսարանում ելույթ ունենալովՙ Յունկերը նախազգուշացրել է, որ «անգլո-սաքսոնական աշխարհը» Հունաստանի հեռանալու դեպքում կձգտի վերացնել եվրոպական նախագիծը:

«Եթե մենք համաձայնվենք, որ Հունաստանը կարող է լքել եվրոգոտինՙ համերաշխության ու բարգավաճման գոտին, ապա կվտանգենք մեզ, քանի որ ոմանք, մասնավորապես անգլո-սաքսոնական աշխարհում, կփորձեն ամեն ինչ անել եվրոգոտու կառույցը աստիճանաբար քանդելու համար», նշել է Եվրոհանձնաժողովի նախագահը: Մեծ Բրիտանիայի զայրույթը չհարուցելու նպատակով ավելի ուշ Յունկերի ներկայացուցիչը պարզաբանել է, որ անգլո-սաքսոնական աշխարհի վկայակոչումը «պետք է հասկացվի շուկաների եւ սպեկուլյանտների իմաստով»:

Հունաստանի հարցը մնում է բաց: Երկիրը սնանկացման եզրին է: Ամենքը փորձում են գուշակել, թե երբ կսպառվեն Հունաստանի պարտքի սպասարկման փողերը, եւ թե ինչ տեղի կունենա այդ դեպքում:

Տարբերակները քիչ են. կա՛մ Աթենքը համաձայնում է վարկատուների պայմաններին եւ ստանում է նոր վարկեր, կա՛մ էլ սնանկանալով լքում է եվրոգոտինՙ մնալով աղքատ, բայց... հպարտ:

Յունկերի ելույթը վկայում է, որ քաղաքական գործիչները եւ շուկաները խիստ մտահոգ են երկրորդ տարբերակի հնարավորությունից: Grexit-ը կարող է կտրուկ բարձրացնել եվրոպական բոլոր երկրների պետպարտատոմսերի եկամտաբերությունը, հարուցել քաղաքական ճգնաժամեր, եվրոպական ուրիշ երկրների եւս դրդել վերադառնալու իրենց ազգային արժույթներին:

Grexit-ը կվնասի ամբողջ եվրոգոտուն, բայց առաջին հերթինՙ հենց Հունաստանին: Ներկայումս երկրում տնտեսությունը լճացած է, բարձր է գործազրկության մակարդակը: Եվրոգոտուց Հունաստանի դուրս գալու դեպքում գործազրկությունը կնվազի, բայց սղաճը եւ կենսամակարդակի անկումը զգալի կդառնան: Ռուսական «Լոկո-բանկի» վարչության փոխնախագահ, վերլուծաբան Անդրեյ Լյուշինի կարծիքով, դրախմային վերադառնալու դեպքում Հունաստանի բնակչության եկամուտների մակարդակը կարող է կիսով չափ նվազել: Ընդսմին երկրի պարտքային պարտավորությունները եւ ձեռնարկությունների արտաքին պարտքը հաշվարկված կմնան եվրոյով:

Եվրոպայի համար ձեռնտու է միջոցներ չխնայել հանուն Հունաստանի փրկության, քանի որ հակառակ դեպքում Գերմանիայի եւ Ֆրանսիայի երկարաժամկետ կորուստները մի քանի անգամ ավելի մեծ կլինեն:

Grexit-ի դեպքում եվրոգոտին անմիջապես կդադարեցնի Հունաստանի բանկային համակարգի շտապ ֆինանսավորումը, երկրի ֆինանսական անկումը կարող է տեւել մեկ տասնամյակ, կարծում է AMarkets վերլուծական դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Դեեւը: Երկրի մի շարք վարկային կառույցներ ստիպված կլինեն իրենց սնանկ հայտարարել: Երկրից վերջին փողերի դուրսբերումը կանխելու նպատակով Հունաստանի ԿԲ-ն ստիպված կլինի հաստատել կապիտալների շարժման լիակատար վերահսկողություն, ինչը վերջնականապես կապակայունացնի երկրի տնտեսությունը:

Նկար 1. Չորեքշաբթի օրը Բեկինգհեմյան պալատում (տեսՙ նկարը) Էլիզաբեթ Բ թագուհին արդեն պաշտոնապես հայտարարեց, որ 2018 թ.ին Մեծ Բրիտանիայում կանցկացվի հանրաքվեՙ Եվրոմիությունից իր երկրի դուրս գալու հարցը որոշելու համար: Այնպես որ, ինչպես հոդվածի վերնագիրն է շեշտում, անգլո-սաքսերը իսկապես կարող են մասնատել Եվրոպան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ