RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1482, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱՇՈՏ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՕՐԱԳԻՐ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸՙ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ

Պ. Ք.

2015 թ. մայիսի 31-ին Մոսկվայի «Պոկրովսկիե վորոտա» մշակութային կենտրոնում տեղի կունենա Աշոտ Բեգլարյանի «Ղարաբաղյան օրագիր» ռուսերեն գրքի շնորհանդեսը, որ կազմակերպել է «Ժամ» հանդեսը:

Արցախցի գրող եւ լրագրող, պատերազմի մասնակից Աշոտ Բեգլարյանի ժողովածուն ընդգրկում է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի (1992-1994 թթ.) շրջանում գրված ակնարկներ, հոդվածներ, ռեպորտաժներ, հարցազրույցներ եւ էսքիզներ, ինչպես նաեւ հետպատերազմյան ժամանակաշրջանի նշանակալից իրադարձություններին եւ արդիական խնդիրներին նվիրված նյութեր: Հեղինակն առաջ է քաշում անմարդկային պայմաններում մարդկայնությունը պահպանելու հարցը, արծարծում է սիրո, բարեկամության, պատերազմի ժամանակաշրջանում խաղաղության ձգտման թեմաները:

«Պատերազմական ժամանակների լրագրությունը հավասարակշռություն է ճշմարտության եւ ստի, թույլատրելիի եւ արգելվածի, պարտքի եւ անհրաժեշտության սահմանագծի վրա: Պատերազմում լրագրողը երկու կրակի արանքում է. նա պաշտպանված չէ ինչպես առաջագծից, այնպես էլ թիկունքից», գրում է Աշոտ Բեգլարյանը:

«Պատերազմն արդեն նախապես կազմում է իր սեւ ցուցակները, որոնցում հստակորեն արձանագրված է, թե ով պետք է վիրավորվի, ովՙ սպանվի եւ ովՙ կորչի, չքանա պատերազմի մեջ», շարունակում է նա:

«Պատերազմը մարդկանց փորձության է ենթարկում տոկունության, ոգու ամրության եւ մարդկայնության առումներով», մեկ այլ տեղում գրում է հեղինակը:

Աշոտ Էռնեստի Բեգլարյանը ԼՂՀ նախագահի օգնականն է, գրող, լրագրող, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի գրողների միությունների անդամ: Ծնվել եւ ապրում է Ստեփանակերտում: Նա մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը, ծանր վիրավորվել է: Պատահական չէ, որ պատերազմական թեման նրան հատկապես սրտամոտ է: Տպագրվում է 19 տարեկանից: Նրա հոդվածները, պատմվածքները եւ ակնարկները հրապարակվել են հայկական եւ արտասահմանյան բազմաթիվ գրական, հասարակական-քաղաքական հրատարակություններում եւ համացանցային կայքերում: «Տունը, որ կրակում էր» պատմվածքի հիման վրա նկարահանվել է խաղարկային ֆիլմ: Հեղինակ է պատմվածքների ու վիպակների չորս ժողովածուների: Գրական բազմաթիվ մրցույթների դափնեկիր է եւ դիպլոմակիր: «Մեծ ճամփորդ» միջազգային հիմնադրամի մագիստրոս է: Ունի կառավարական պարգեւներ: Երեք զավակի հայր է:

Գրքի նյութերն ուղեկցվում են հարուստ պատկերազարդումներով, որոնց հեղինակը երեւանցի նկարիչ Գագիկ Սիրավյանն է: Գրքի տեղեկատվության նշանակալի մասը հրապարակվում է առաջին անգամ:

«Ղարաբաղյան օրագիր» գիրքը, «Ժամ» հանդեսի պատվերով, լույս է տեսել «Տպարան» հրատարակչությունում եւ առաջինն է ««Ժամ» հանդեսի գրադարան» մատենաշարում:

«Ժամ» մշակութային-ճանաչողական հանդեսը Մոսկվայում հրատարակվում է 2008 թվականից: Էլեկտրոնային հասցեն է zham@zham.ru, հեռախոսահամարըՙ +7(965)1079290: Գլխավոր խմբագիրն է Աննա Գիվարգիզյանը:

«Ղարաբաղյան օրագիր» գիրքը վավերագրական-գեղարվեստական հրատարակություն է եւ նախատեսված է Հայաստանի ու ԼՂՀ-ի պատմությամբ ու մշակույթով հետաքրքրվող բոլոր անձանց համար: Շնորհանդեսի վայրըՙ «Պոկրովսկիե վորոտա» մշակութային կենտրոնը գտնվում է Մոսկվայի համանուն փողոցի թիվ 27 շենքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ