RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015



Տեղադրվել է` 2015-06-01 21:34:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1435, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՍՈՎԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԸ ԳԴՀ-ԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԿՍՏԱՆԱՆ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական լրատվամիջոցները, մասնավորապես «Զյուդդոյչե ցայթունգը» իրազեկում են, թե ֆինանսական փոխհատուցում է տրվելու սովետական նախկին ռազմագերիներին։ Մայիսի 20-ին Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի որոշմամբ հատկացվելիք խորհրդանշական գումարը կազմում է10 միլիոն եվրո։

«1941-45 թվականներին մոտավորապես 5,3 միլիոն սովետական զինվոր գերմանական ռազմագերի է դարձելՙ կրել տառապանք ու զրկանք, իսկ նրանց կեսից ավելինՙ անմարդկային դաժան պայմաններում զրկվել է կյանքիցՙ հիվանդությունների, սովի, սպանդի զոհ դառնալով»։ Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի հիշատակի միջոցառումներից մեկի ժամանակ ճամբարներից մեկում ԳԴՀ նախագահ Գաուքը մայիսի սկզբին անդրադարձել էր «սովետական ռազմագերիների դաժան ճակատագրին», անվանելով այնՙ «Երկրորդ համաշխարհայինի մեծագույն գերմանական ոճիրներից մեկը, որը, ցավոք, ցայսօր դեռ հիշողության ստվերում է»։ Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովի նիստում շեշտվել է, որ սովետական նախկին ռազմագերիները հրեաներից հետո նացիոնալ-սոցիալիզմի զոհերի երկրորդ մեծ խումբն են, նրանց ապրած ցավն ու տառապանքն աննկարագրելի է։ Բոլոր խմբակցությունները միակարծիք են եղել, որ այսօր անհրաժեշտ է կենդանի մնացած յուրաքանչյուր նախկին ռազմագերու խորհրդանշական ֆինանսական փոխհատուցմամբ բավարարել, առաջարկվել է 10 միլիոն եվրո տրամադրել։ Որքա՞ն է վերապրող ռազմագերիների թիվն այսօր, հստակ չէ, բայց մոտավոր հաշվարկներով նրանք 4000 են, ուստի նկատի է առնվում, թե յուրաքանչյուրին կտրվի 2500 եվրո։

«Սա նացիոնալ սոցիալիզմի բնաջնջման քաղաքականության հարցում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմական պատասխանատվության գիտակցման ուշացած, բայց կարեւոր արտահայտություն է», գնահատել են Կանաչների կուսակցությունը ներկայացնող պատգամավորներ Ֆոլքեր Բեքը եւ Սվեն-Քրիստիան Քինդլերը։ Միաժամանակ սա «Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայիՙ ազգերի բարեկամությանն ուղղված հզոր ազդակ է»։

Ինչպես նշում է Բեռլինում լույս տեսնող «Նոյես Դոյչլանդ» թերթը, Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովը որոշում է կայացրել ստեղծել մի հիմնադրամ, որը կզբաղվի սովետական ռազմագերիներին դրամական փոխհատուցում տրամադրելու հարցերով։

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ 2001-ին հայ ռազմագերիները ի թիվս սովետական այլ ռազմագերիների փոխհատուցում ստացանՙ բեռլինաբնակ փաստաբան Ստեփան Թաշչյանի նվիրյալ աշխատանքի շնորհիվ։ Պարոն Թաշչյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ առաջիկայում զբաղվելու է ողջ մնացած իր հայցվորների փաստաթղթերը ներկայացնելու հարցով։ Սրա մասին հանգամանալից կիրազեկենք առաջիկայում։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 29-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ