RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-06-04 23:10:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1166, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀԱՅԵՐԻ ԶԱՐԹՈՆՔ ԴԻԱՐԲԵՔԻՐՈՒՄ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Ֆրանսիական «Le Monde» թերթը հրապարակել է իր հատուկ թղթակցի հոդվածը ներկայիս Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Դիարբեքիր քաղաքի հայերի մասին: Հոդվածագիրը տեղի Սուրբ Կիրակոս հայկական մեծ եկեղեցուն հարակից փոքրիկ թեյարանում զրուցել է 54-ամյա մի կնոջՙ Ռահիմ Քարաքաշի հետ: Վերջինս պատմել է, որ երբ իր հոր մահից հետո ինքը անհրաժեշտ ձեւակերպումներն անելու նպատակով գնացել է Քաղաքացիական կացության ակտերի գրասենյակ, այնտեղ մատյանում նկատել է գրչի մի հարվածով ջնջված Սարգիս անունը, որի վերեւում գրված է Հուսեյն: Դա շատ պարզ երեւում էր եւ ինքը ցնցված էր տեսածից: Այդ միջադեպից հետո ինքը փորձում է հասկանալ, թե ինչեր են տեղի ունեցել անցյալում:

Մինչ այդ Ռահիմը կարծում էր, թե ինքը քրդուհի է: «Ես քուրդ կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպության անդամ էի եւ նույնիսկ բանտարկվել էի դրա համար», պատմել է նա: Հայրը երբեք չէր խոսում իր անցյալի մասին, բայց արդեն այն ժամանակ Ռահիմը կասկածներ ուներ հոր ընտանեզուրկ եւ մինուճար զավակ լինելու առնչությամբ, քանի որ դա խիստ տարօրինակ է ըստ քրդական չափանիշների:

Անցյալի վերականգնումը շատ դժվար գործ էր: Ռահիմը որոնումներ սկսեց, այցելեց հոր ծննդավայր Խարբերդ, բայց չկարողացավ որեւէ բան պարզել: Հայտարարություն հրապարակեց թուրքերեն եւ հայերեն լույս տեսնող հայկական «Ակօս» թերթում, բայց դա էլ արդյունք չտվեց, քանի որ տվյալները շատ քիչ էինՙ միայն անունը եւ քաղաքը:

Ռահիմը հայերեն սովորեց, այցելեց Երեւան, 2014 թ. քրիստոնեություն ընդունեց Սբ. Էջմիածնում: Իր գերդաստանի որոշ անդամներ հավանություն չտվեցին այդ քայլերին: Սակայն Ռահիմը ոչնչի համար չի զղջում: «Ես քրիստոնյա դարձա հորս հանդեպ կատարվածի պատճառով: Սա քաղաքական քայլ է, իմ ընդդիմության արտահայտությունը», ասում է նա:

Իր նոր ընտանիքն այժմ Սուրբ Կիրակոսում էՙ Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցում, որը 2011 թվականին հիմնովին վերականգնվեց սփյուռքի հիմնադրամների, Թուրքիայի հայ համայնքի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի միջոցներով: Ի դեպ, քաղաքապետարանում գերիշխում է քրդամետ «Շրջանների ժողովրդավարական կուսակցությունը»:

Ամեն ամիս հայերը (մահմեդական թե քրիստոնյա) տոնական նախաճաշի են հավաքվում հիշյալ թեյարանում: Տեղի են ունենում նաեւ համերգներ, մկրտություններ, պատարագներ: «Տարածաշրջանում հարյուր տարի առաջ բազմաթիվ հայեր բռնությամբ իսլամացվել են: Եկեղեցու վերականգնումից ի վեր նրանք սկսել են այնտեղ հաճախել: Բոլորը չէ, որ վերստին քրիստոնյա են դարձել, բայց ուզում են գոնե մասամբ վերագտնել իրենց արմատները», պարզաբանում է տարածքի սեփականատեր, հիմնարկության ղեկավար Էրգյուն Այիկը:

«Զանգակատունը հինավուրց Դիարբեքիր քաղաքի երկնքում վեր է խոյանում ի նշան հայ համայնքի զարթոնքի», շարունակում է ֆրանսիական թերթը: Հին քաղաքի փոքր փողոցներից մեկում 1376 թ. բազալտից կառուցված եկեղեցին շատ բան է տեսել: Վերջին հարվածը ստացավ 1915-ին, սակայնՙ ոչ թե բարձրությամբ շրջակա մինարեթներին գերազանցող զանգակատան հրետակոծման, այլ տոնական օրերին եկեղեցում խռնվող մարդկանց բազմության անհետացման պատճառով: «Անցյալում քաղաքի բնակչության կեսը հայեր էին, իսկ այսօր մենք մի բուռ ենք», հիշեցնում է Էրգյունը: Մեկուսացումը պակաս չափով է զգացվում այն պահից ի վեր, երբ սկսեց ավելանալ քաղաքի եկեղեցի այցելող սփյուռքահայերի թիվը:

Սուրբ Կիրակոսն ավերված էր, երբ Էրգյուն Այիկը, Գաֆուր Թուրկայը մի քանի համախոհների հետ որոշեցին միջոցներ հայթայթել եկեղեցու վերականգնման համար: Այդ նպատակով նրանք կազմակերպեցին նվիրատուների ճաշկերույթներ: Գործը գլուխ չէր գա առանց Դիարբեքիրի քաղաքապետարանի օգնության, որը ֆինանսավորեց շինարարական աշխատանքների 20 տոկոսը: «Մեր պապերը ուրիշների հրահրմամբ ոճիրներ գործեցին, բայց մենք նրանց չենք ընդօրինակի», ասաց այն ժամանակվա քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը օգնության խնդրանքով եկած հայերին: «Վերադարձեք»ՙ այսօր սա է քրդերի ուղերձը հայերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ