RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015



Տեղադրվել է` 2015-06-04 23:10:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1323, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԲՐԻՏԱՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ, ԵՎ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չնայած բրիտանացի գիտնականներին ոչ ոք ըստ էության չի տեսել, բայց նրանք շարունակում են հանդես գալ գիտական հայտարարություններով: Ըստ վերջինի` պարզվում է, որ ընդամենը 15 տարի անց Երկիր մոլորակի բնակչության մեծ մասը... անհետանալու է: Գիտնականները չեն ասել, թե ո՞ւր, փոխարենն ասել ենՙ ինչո՞ւ: Խնդիրը, որը կարող է 15 տարի անց բերել մոլորակի բնակչության մեծ մասի անհետացմանը, ըստ գիտնականների, նախ եւ առաջ ժամանակակից աշխարհում պարբերաբար նկատվող տնտեսական ճգնաժամերն են, ինչպես նաեւ տարեց տարի վատթարացող էկոլոգիական վիճակը: Ըստ տեսության` մարդկության մեծ մասի անհետացման մեջ իրենց նշանակությունն են ունենալու նաեւ բազմաթիվ երկրներում մղվող ռազմական գործողությունները, որոնց հետեւանքով տնտեսությունները կործանվում են, մարդիկ` մահանում, ծնելիությունն էլ չի ավելանում:

Ենթադրում ենք, որ այս պահին բրիտանացի գիտնականները փորձում են մեկ այլ հարցի շուրջ մտածել. թե ինչպե՞ս անեն, որ 15 տարի անց իրենք գոնե չանհետանան. աշխարհը, թեկուզ կիսով չափ ավելի քիչ բնակեցված, բավականին անհետաքրքիր կլինի առանց բրիտանացի գիտնականների:

Եթե ավելի լուրջ ասենք, ապա ամենայն հավանականությամբ գոնե այս վերջին բացահայտման գրավոր տարբերակը բրիտանացի գիտնականները ուղարկել են այդ թվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Համենայն դեպս, տիկին կանցլերը Globe and Mail պարբերականում հոդված է գրել, որտեղ խոսել է ժամանակակից միջազգային հանրության հիմնական խնդիրների եւ մարտահրավերների մասին: Ըստ Մերկելի, դրանք են` «ոչ միայն «Մեծ յոթնյակ»-ի երկրների զարգացման եւ կայունության պահպանմանը միտված քայլերը, այլեւ ընդհանուր արժեքների տարածումը, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների հարգումը»: «Միթե կարելի՞ էր պատկերացնել, որ «սառը պատերազմից» 25 տարի հետո կարգ ու կանոնը Եվրոպայում կխարխլվի Ղրիմի օկուպացիայով: Կամ, որ Էբոլա վիրուսի տարածումը կխոչընդոտի մի շարք աֆրիկյան երկրների զարգացմանը, իսկ Մերձավոր Արեւելքում իսլամիստական ահաբեկչական խմբավորումները փորձ կանեն ստեղծելու խալիֆաթ` երկու երկրների տարածքներում»:

Ճիշտ է, Գերմանիայի կանցլերը չի հայտարարել աշխարհի մոտալուտ կործանման մասին, բայց ըստ էության նրա մտահոգությունները բրիտանացի գիտնականների մտահոգություններից եթե տարբերվում էլ են, ապա միայն կոնկրետությամբ:

Ինչեւէ, Մերկելը գրել է նաեւ, որ այս եւ այլ մի շարք հարցերը իրենք շուտով կքննարկեն «Մեծ յոթնյակ»-ի գալիք հավաքի ընթացքում, որը, հիշեցնենք, տեղի կունենա հունիսի 7-8-ը բավարական Էլմաու ամրոցում: Հիշեցնենք նաեւ, որ «մեծ յոթնյակ»-ի մեջ մտնում են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան եւ Կանադան: Երբ այն կոչվում էր` «Մեծ ութնյակ», մտնում էր նաեւ Ռուսաստանը, սակայն «Ղրիմի օկուպացիայից» հետո Ռուսաստանին դուրս հրավիրեցին: Այս կապակցությամբ, ի դեպ, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոյդերը (ով անձնական ջերմ հարաբերություններ ունի Պուտինի հետ) հայտարարել էր, որ Մոսկվայի վտարումը խմբից ճիշտ որոշում չէ, քանի որ «Ռուսաստանն այսօր այլընտրանք է հանդիսանում Եվրոպային, ինչը չենք կարող հակառակի մասին ասել»: Բացի այդ, Շրոյդերը նշել էր, որ կոնկրետ ուկրաինական ճգնաժամի հարցում` «բոլոր կողմերն են բազմաթիվ սխալներ արել, ինչը նշանակում է, որ հարցը ենթակա է բոլոր կողմերի անկեղծ քննարկմանը»:

Մենք չգիտենք, թե ի՞նչ կլինի 15 տարի հետո, որքանո՞վ էր ճիշտ Ռուսաստանին խմբից հանելը, բայց մենք վստահ ենք, որ եթե բոլոր հարցերում, սկսած անձնականից ու կենցաղայինից, վերջացրած` աշխարհաքաղաքականով, կողմերը ընդունեն իրենց գործած բազմաթիվ սխալները եւ նստեն անկեղծ քննարկման, ապա աշխարհի կործանումը... առնվազն կհետաձգվի: Հետեւաբար խնդիրը ոչ թե տնտեսական ճգնաժամերն են, կամ էբոլա վիրուսը, կամ էլ անգամ ռազմական գործողությունները, ոչ էլ, իհարկե` Հյուսիսային Կորեան, այլ անկեղծության պակասը, եւ, որն ավելի լուրջ է` սեփական սխալները ընդունել չկարողանալը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 05-06-2015

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ