RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1580, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ` Ո՞ՐՆ Է ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԴՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Արդեն հայտնի է, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան կթանկանա մոտ 7 դրամով` ներկայիս գրեթե 42 դրամի փոխարեն դառնալով գրեթե 49 դրամ: Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) ներկայացրել էր մոտ 17 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ, որի ուռճացված եւ տնտեսապես չհիմնավորված լինելու մանրամասներին անդրադարձել ենք «Հոսանքի կրկնակի թանկացում երկու տարո՞ւմ» («ԱԶԳ», 21.05.2015 թ.) հրապարակման մեջ: Նշել էինք, որ սա երկու տարվա մեջ երրորդ անգամ հոսանքի սակագնի բարձրացման հայտն է` նախորդ սակագնի համեմատ 40 տոկոսով ավելի, իսկ երկու տարի առաջ եղած սակագնի համեմատ` գրեթե կրկնակի: Այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի այդ չափով թանկացման օբյեկտիվ պատճառներ չկան:

Միաժամանակ, չէինք բացառել էլեկտրաէներգիայի որոշակի չափով թանկացման օբյեկտիվ պատճառների առկայությունը եւ անընդունելի համարել «ոչ մի լումա թանկացում» ամբոխավարական մոտեցումները: Ի վերջո, ինչպես եւ յուրաքանչյուր ապրանք եւ ծառայություն, շուկայական տնտեսությունում էլեկտրական էներգիան եւս ենթարկվում է շուկայի գործող կանոններին եւ փոփոխություններին: Այս մասին հարկադրված ենք լինում կրկնել, քանի որ շատերին թվում է, թե դեռ ապրում ենք խորհրդային երկրում, մեր տնտեսությունն էլ պլանային-սոցիալիստական է` պետության կողմից կարգավորվող: Հետեւաբար, սակագները պետք է անփոփոխ լինեն` ասես դոգմաներ:

Չմոռանանք, որ 1991-ից ընտրելով շուկայական տնտեսության մոդելը, ազատականացրել ենք բոլոր ապրանքների եւ ծառայությունների գները: 1994-ին ազատականացվեց նաեւ հացի գինը: Դա պարտադրված քայլ էր, քանի որ արդյունքում բնակչության մեծամասնության կենսամակարդակը անգամներով անկում ունեցավ: Սակայն նաեւ անհրաժեշտ էր, հակառակ դեպքում չէինք ունենա հաց: Նույնը կարելի է ասել նաեւ մնացած բոլոր ապրանքների, այդ թվում հոսանքի համար:

Չպետք է մոռանալ, որ «ոչ մի լումա թանկացում»-ը կարող է շատ ավելի ծանր այլընտրանք ունենալ` էներգետիկ համակարգի փլուզում եւ էներգետիկ ճգնաժամ, որի դաժան փորձությունները 90-ականներինՙ դժվար է մոռանալ: Չխոսելով, որ դա անհամեմատ ավելի լուրջ սպառնալիք կլինի մեր պետության, բոլորիս անվտանգության համար, քան 20 տարի առաջ էր: Այնպես որ ուղեղներն հոսանքազրկել պետք չէ, իսկ հոսանքազրկված ուղեղների փոխարեն էլ մյուսները չպետք է պատասխանատվություն կրեն:

Էլեկտրաէներգիայի սակագինը եւ ՀԷՑ-ի` ճոխություն համարվող ծախսերը

Այս թեմայով շահարկումներից հիմնականն այն է, որ ճոխություն համարվող ՀԷՑ-ի ծախսերը` թանկարժեք մեքենաների ձեռք բերում, բարձր աշխատավարձեր, վարձակալած թանկարժեք բնակարաններ եւ ընդհանրապես անարդյունավետ կառավարում, էլեկտրաէներգիայի սակագնի մեջ են մտնում եւ դրանց համար վճարում է սպառողը: Պաշտոնատար անձինք` վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հավաստիացնում են, որ այդ ծախսերը երբեք չեն մտել եւ չեն մտնի սակագնի մեջ: Կարո՞ղ ենք հավատալ նրանց:

Համենայնդեպս, Ռոբերտ Նազարյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ հանձնաժողովի բոլոր վերլուծություններին ցանկության դեպքում կարող է ծանոթանալ յուրաքանչյուրը: Այսինքն, եթե կան քաղաքական գործիչներ, իրենց հասարակության շահերի պաշտպաններ ներկայացողներ, որոնք իսկապես ցանկանում են իմանալ, թե մեր հաշվի՞ն են կատարվում ՀԷՑ-ի` ճոխություն համարվող ծախսերը, կարող են դա պարզել: Կարող են, բայց ինչպես ցույց է տալիս իրականությունը, առայժմ նման ցանկություն չեն ունեցել:

Կարո՞ղ ենք չվստահել հանձնաժողովին

Այժմ էլեկտրական էներգիայի թանկացման օբյեկտիվ պատճառների մասին` ատոմակայանի լրացուցիչ կանգառ, ջրի սակավություն, ՀԷԿ-երում թերի արտադրված էլեկտրաէներգիա: Հնարավոր չէ հստակ ասել, թե այդ պատճառները բերել են էլեկտրական էներգիայի սակագնի հենց 7 դրամով թանկացման: Գուցե՞ օբյեկտիվորեն թանկացումը 5 կամ 10 դրամ է: Հանրային քննարկման մակարդակով դա պարզելը անհնար է, միտինգային մակարդակում` նաեւ անթույլատրելի: Դրա համար էլ ստեղծվում է համապատասխան կառույց, որը զբաղվում է թվային տվյալների հաշվարկմամբ, անիմաստ եւ իմաստալից ծախսերի համադրությամբ եւ հայտնում, թե որն է սակագնի փոփոխության օբյեկտիվ չափը:

Կարո՞ղ ենք չվստահել հանձնաժողովին: Կարող ենք, բայց եթե ունենք այլընտրանքային, փաստարկված հաշվարկներ, որոնք խոսում են հօգուտ սակագնի փոփոխության այլ չափի կամ դրա անփոփոխ մնալուն: Այլապես, նույն կերպ, առանց հիմնավորման, սովորության համաձայն, չպետք է վստահենք վիճակագրությանը, կենտրոնական բանկին, կառավարությանը, քաղաքական ուժերին, գործարարներին, այսինքն` ինքներս մեզ:

Մյուս կողմից էլ, ոչ մի իշխանության համար հաճելի չէ լրացուցուցիչ բեռ դնել ժողովրդի սոցիալական վիճակի վրա` թեկուզ միայն այն բանի համար, որ դժգոհությունն անմիջականորեն ուղղվելու է իր դեմ: Դրա համար էլ կառավարությունը հայտարարում է, որ կհոգա բարձրացման հետեւանքով առավել խոցելի խավերի ծախսերը: Դա արվում է գազի սակագնի պարագայում` նպաստառու ընտանիքների համար գազի գնի մի մասը փոխհատուցվում է պետական բյուջեից: Հավանաբար այդ նույն ընտանիքների համար էլեկտրաէներգիայի թանկացումից հետո 1000-2000 դրամով կավելացվեն տրամադրվող սոցիալական նպաստների չափերը:

Էներգախնայողությունը կչեզոքացնի հոսանքի թանկացման ազդեցությունը, եթե ...

Սակայն խնդիրն այն է, որ էլեկտրական էներգիայի թանկացումից ավելի շատ տուժելու է այն խավը, որը նպաստառու չէ, բայց չունի բարձր եկամուտներ, գազի սակագնի մի մասի համար էլ փոխհատուցում չի ստանում պետությունից, իսկ եթե բնակարանն էլ ջեռուցվում է հոսանքով, ապա ուղղակի ծանր վիճակում է հայտնվում: Ունեւոր խավի վրա հոսանքի թանկացումը էապես չի ազդում, աղքատ խավին պետությունը փոխհատուցում է տրամադրում, իսկ ի՞նչ անի ոչ աղքատ, բայց ցածր եկամուտներ ունեցող այս խավը, որը մոտավոր հաշվարկներով բնակչության 25-30 տոկոսն է կազմում: Դժբախտաբար, կառավարությունը իրատեսական ոչինչ չի առաջարկում: Մինչդեռ, թե՛ այս խավին, թե՛ բնակչությանն ընդհանրապես, պետությունը կարող է օգնել` աջակցելով նրան էներգախնայողության հարցերում:

Մի քանի անգամ գրել ենք էներգախնայողության ազգային ծրագրի մասին` ընդունված Հայաստանի կառավարության կողմից դեռ 2007-ին, բայց թղթի վրա մնացած: Կրկնվենք` ծրագրի եզրակացության մեջ նշված է, որ Համաշխարհային բանկի 2008-ի ուսումնասիրության համաձայն, էներգախնայողությամբ Հայաստանը կարող է խնայել տարեկան 132 մլրդ դրամ, որը համարժեք է եղել այն ժամանակվա ՀՆԱ-ի գրեթե 5 տոկոսին:

Ըստ վերոնշյալ ծրագրի, ինչպես նաեւ փորձագետների միակարծիք եզրակացության, բնակելի եւ հանրային շենքերի արդյունավետ ջերմամեկուսացման միջոցով հնարավոր է կրճատել ջեռուցման համար էներգասպառումը առնվազն 20-40 տոկոսով : Եթե նկատի ունենանք, որ էլեկտրաէներգայի սակագնի այս թանկացումը մոտ 17 տոկոս է, ապա նման ծրագիր իրականացնելու դեպքում, թանկացման բացասական ազդեցությունը բնակչության վրա ըստ էության կչեզոքացվի: Ծրագրում շեշտվում է, որ Հայաստանի շենքերի գերակշռող մասը կառուցվել է խորհրդային ժամանակներում` 35-60 տարի առաջ, առանց որեւէ էներգախնայողության: Այդ շենքերում Էներգիայի օգտագործումը մեկ քառակուսի մետրի վրա մոտ 3-5 անգամ բարձր է, քան Եվրոմիության երկրներում:

Կառավարությունը, բանկերի հետ համատեղ կարող է նաեւ այլ ծրագիր իրականացնել` համաֆինանսավորել բնակարանները եւ անհատական տները ջերմամեկուսացման եւ էներգախնայող կենցաղային տեխնիկայով փոխարինելու վարկերի տոկոսադրույքի մի մասը: Նման ծրագիր իրագործվում է գյուղվարկերի համար: Բնակարանների էներգաարդյունավետության բարձրացման նման ծրագրի տնտեսական արդյունավետությունը կասկած չի հարուցում: Սակայն, հերթական անգամ ընտրվել է միայն նպաստառուներին փոխհատուցման գումարներով խնդիրը լուծված համարելու տարբերակը: Ցավալի է, որ այս հարցը իշխանությունների առջեւ չեն բարձրացնում նաեւ քաղաքական ուժերը:

Գնաճի վրա ազդեցություն չնչին կլինի

Խոսելով սոցիալական վիճակի մասին, չենք կարող անտեսել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը գնաճի ընդհանուր ցուցանիշի վրա: Միանշանակ է, որ ինչ-որ ազդեցություն գների վրա այն կթողնի, բայց այդ ազդեցությունը չնչին կլինի: Տնտեսվարողների, մասնավորապես արտադրողների, գյուղացիական տնտեսությունների մեծ մասի համար հիմնական էներգառեսուրսը գազն է, որի սակագնի բարձրացումը կարող է ավելի նկատելի ազդել ապրանքի ինքնարժեքի, հետեւաբար եւ գնի վրա: Գազի գնի բարձրացում չի նախատեսվում: Ավելին, ռուսական կողմը հայտարարել է Հայաստանին մատակարարվող գազի գինը մոտ 15 տոկոսով իջեցնելու մասին: Թեեւ դեռ հայտնի չէ, թե դա երբ պետք է տեղի ունենա: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ գնաճի վրա սովորաբար ավելի անմիջական եւ մեծ ազդեցություն են ունենում հումքի գների փոփոխությունները, փոխարժեքի տատանումները, որոնք արտադրվող կամ ներմուծվող ապրանքների ինքնարժեքում ավելի մեծ բաժին են զբաղեցնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ