RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



ՏՆՏԵՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1012, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՌԻՍԿԱՅԻՆ ԼԻՆԵԼԸ, Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՌԻՍԿԻ, ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԷ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ինչպե՞ս են կատարվելու տեսչական ստուգումները

Հայաստանում մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերություններում տեսչական ստուգումները կասեցվեցին 2009-ին` պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամով: Մինչ այժմ այդ որոշումը գործում է: Սակայն խնդիրը արմատական լուծում է պահանջում, որը պետք է բավարարի թե բիզնեսին, թե սպառողներին եւ պետությանը: Ներկայումս իրականացվող տեսչական բարեփոխումները հենց այդ նպատակն են հետապնդում: Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի, Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի աջակցությամբ վերջին տարիներին ձեռնամուխ է եղել տեսչական ստուգումների նոր համակարգի ձեւավորմանն ու ներդրմանը:

Այս բարեփոխումների հիմնական էությունը անցումն է ռիսկի վրա հիմնված ստուգումների` համաձայն այդ նպատակով մշակված ստուգաթերթի սահմանած չափանիշների: Ըստ տեսչական բարեփոխումները մշակող խմբի, տեսչական ստուգումները պետք է ապահովեն անվտանգություն սպառողների համար, ճնշումներից եւ անհարկի միջամտությունից զերծ պահեն բիզնեսը, ինչպես նաեւ արդյունավետ լինեն պետության համար:

Ընկերությունների գործունեության առումով առանձնացվելու են ռիսկայնության երկու գործոններ` ոլորտային եւ անհատական։ Ոլորտային ռիսկայնությունը գործունեության տեսակին բնորոշ ռիսկներն են, իսկ անհատականը` որոշվում է տվյալ ընկերության կողմից հարուցած խնդիրներով։ Զանազան տեսչություններ մշակել են իրենց ոլորտի ստուգաթերթերը, որոնք հրապարակված են եւ հասանելի բոլորի համար: Դրանք տարբերվում ենՙ կախված այն բանից, թե օրինակ` խոսքը մթերային խանութի, թե՞ մանկապարտեզի մասին է, դրանցում սննդամթերի անվտանգության, թե՞ հակահրդեհային անվտանգության ռիսկայնության մասին է:

Առանձնացվել է ռիսկայնության երեք մակարդակ` ցածր, միջին եւ բարձր: Բարձր ռիսկայնության խմբի մեջ հայտնվում են այն ընկերությունները, որոնք ստուգաթերթում նշված ռիսկայնության չափանիշներով ավելի բարձր միավորներ են ունենում: Օրինակ, եթե խանութը չի պահպանում սննդամթերի սանիտարական պահպանման կամ հացի արտադրությունը` հրդեհային անվտանգության համար անհրաժեշտ պահանջները:

Բարձր ռիսկայնություն ունեցող են համարվում նաեւ այն ընկերությունները, որոնք ավելի հաճախ են խախտումներ թույլ տալիս: Հետեւաբար, նրանք հայտնվում են ավելի հաճախակի` տարեկան մեկ անգամ ստուգումների անցկացման ենթակա թիրախի տակ: Միջին ռիսկայնություն ունեցող ընկերություններում ստուգումներն անց են կացվելու երեք տարին մեկ անգամ, ցածր ռիսկայնության տնտեսվարողների մոտ` հինգ տարին մեկ անգամ:

Հարցին, թե արդյո՞ք տնտեսվարողները զերծ կմնան խախտումներից, հատկապես երբ դա վերաբերում է սննդամթերքի անվտանգությանը, եթե նրանց մոտ տարեկան մեկ անգամ ստուգում անցկացվի, տեսչական խմբի ներկայացուցիչները պատասխանում են, որ գործնականում անհնար է ամենօրյա հսկողություն իրականացնել տնտեսվարողի մոտ: Ռիսկային ստուգումների համակարգը հենց այդ նպատակով է ներդրվում, որպեսզի տնտեսվարողները ձգտեն զերծ մնալ խախտումներ կատարելուց, այսինքն` բարձր ռիսկայնության խմբում հայտնվելուց, տուգանքների ենթարկվելուց:

Հատկապես կարեւորվում է ստուգաթերթի հնարավորինս պարզ եւ հասկանալի դարձնելը գործարարների համար` նրանց հետագայում ավելորդ խնդիրներից զերծ պահելու նպատակով: Թվում է, թե դա պետք է հետաքրքրություն առաջացներ գործարարների մոտ եւ նրանք նույնպես իրենց առաջարկները ներկայացնեին ստուգաթերթում, բայց նման ցանկություն նրանց մոտ չի նկատվում: Բիզնեսը առայժմ ոչ մի կերպ չի ցանկանում ներգրավվել հենց իր շահերին անմիջականորեն առնչվող այս բարեփոխումներին եւ մասնավորապես ստուգաթերթի հարցերի ձեւավորմանը: Նման մոտեցում չեն ցուցաբերում նաեւ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները, թեեւ բոլոր առաջարկների համար գործում է թեժ գիծ` 597597 հեռախոսահամարով:

Ըստ տեսչական բարեփոխումների խմբի, նախատեսվում է նաեւ օպտիմալացնել ստուգում իրականացնող պետական տեսչությունների թիվը , որն այժմ 17 է: Թե ինչպե՞ս դրանք կփոխվեն եւ որքանո՞վ կկրճատվեն, առայժմ հնարավոր չէ ասել եւ կախված է բարեփոխումների հետագա ընթացքից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ