RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1122, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՄԱՐԴԸ ԵՎ ՄՈԾԱԿԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ինչպե՞ս եք պայքարում ձեր տների մոծակների կամ այլ խայթող միջատների դեմ: Ես, օրինակ, պատուհաններին ցանց եմ տեղադրել, ինչի արդյունքում դրանք հեշտությամբ չեն ներթափանցում տուն, բայց համարձակ եւ համառ ներթափանցողներին ուղղակի սատկեցնում եմ, չնայած որ անգամ միջատին սպանելը քրիստոնեային հարիր արարք չէ: Անկեղծ ասած, մոծակներին սատկեցնելիս ես քրիստոնեության մասին չեմ մտածում, փոխարենը այսուհետ կմտածեմ կառավարության մասին:

Բանն այն է, որ չորեքշաբթի օրը տեղի ունեցած կառավարության հերթական նիստում գյուղնախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է կառավարության որոշման նախագիծ, ըստ որի կառավարությունն իր պահուստային ֆոնդից պետք է 15մլն դրամ հատկացնի «Ջերմուկում մոծակների եւ այլ խայթող միջատների դեմ պայքարի համար»: Հետեւաբար ամեն անգամ, երբ ես իմ տան մոծակներին սատկեցնելիս լինեմ, կհիշեմ, որ այդ գործընթացը պետական լուրջ նշանակություն ունեցող խնդիր է, ինչը կատարելու համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից դրամ է հատկացնելու... Ճիշտ է, միայն Ջերմուկի էլիտա՜ր մոծակների համար:

Հիմա, հաշվի առնելով, որ մոծակները եւ այլ խայթող միջատները միայն Ջերմուկում չէ, որ քրքրում են մարդկանց մարմինները եւ փչացնում, թունավորում բերքը, այլ նաեւ, օրինակ` Դիլիջանում, Արարատում, Ծաղկաձորում, Գորիսում, Վանաձորում, ապա, ենթադրում ենք, որ կառավարությունը պետք է 15-ական մլն դրամ հատկացնի նաեւ այս տարածաշրջանների մոծակների դեմ պայքարի` քիչ էր մնում ասեինք` վեհ գործում: Կստացվի, որ միայն վերոհիշյալ տարածաշրջանների մոծակների դեմ պայքարի նպատակով կառավարության պահուստային ֆոնդը կկրճատվի` 90 մլն դրամով, ու եթե հաշվի առնենք, որ վերոհիշյալ բնակավայրերը ամենեւեին էլ ամբողջ Հայաստանը չէ եւ որ մոծակների դեմ պայքարելը դեռ չի նշանակում խնդիրը լուծել, կստացվի, որ կառավարության պահուստային ֆոնդը 90մլն դրամով իզուր տեղը կկրճատվի: Չմոռանանք, որ մոծակները եւ այլ խայթող միջատները որպես կանոն ոչ միայն խայթում են, այլեւ` թռչում, հետեւաբար, ասենք Ջերմուկի մոծակների հերը 15 մլն դրամով անիծելուց հետո, շատ հավանական է, որ հարեւան` Վայքի մոծակները խմբվեն եւ գան Ջերմուկ` ցեղակիցների վրեժը լուծելու, ուրեմն` մի 15 մլն դրամ էլ է պետք Վայքի, եւս 15-ը` Եղեգնաձորի մոծակների դեմ պայքարելու համար, որպեսզի Ջերմուկը լրիվ մոծակազերծ անենք, եթե ստացվի:

Չի բացառվում, որ մոծակները շուտով հանդես գան բողոքի ակցիայով, դե հավաքվեն եւ թռչեն կառավարության դիմաց` հրավիրելով այդ թվում ՄԻՊ-ի, տվյալ պարագայում` Մոծակների իրավունքների պաշտպանի ուշադրությունը` մոծակների խախտված իրավունքների վրա: Այդ պարագայում, շատ հնարավոր է, որ կառավարությունը հանդես գա փոխզիջումային առաջարկով, ըստ որի կոնկրետ Ջերմուկի մոծակների մի մասին խնդրի ինքնակամ հեռանալ, ենթադրենքՙ հարեւան Լեռնային Ղարաբաղի Հանարպետություն, իսկ մյուս մասին էլ համոզի, որպեսզի գոնե Ջերմուկ այցելող զբոսաշրջիկներին չքրքրեն, որպեսզի խայտառակ չլինենք եւ էլի գան: Փոխարենը կառավարությունը խոսք տա, որ պահուստային ֆոնդից եւս 15մլն դրամ կհատկացնի` մոծակների դեմ պայքարը Ջերմուկում կասեցնելու համար, ընդ որում, եթե հանկարծ բացառապես հույժ կարեւոր ծրագրերի համար բացվող կառավարության պահուստային ֆոնդը այդ ժամանակ դատարկ լինի (մոծակները Հայաստանում շատ են), ապա կարելի է անգամ վարկ վերցնել` այս նպատակով:

Եթե մոծակները կառավարության դիմաց չհանդիպեն «նաիրիտցիներին», շատ հնարավոր է, որ հավատան կառավարությանը եւ հեռանան: Ի դեպ, «նաիրիտցիներին» անձամբ Հովիկ Աբրահամյանը խոսք է տվել, որ մինչեւ հուլիսի կեսերը աշխատավարձի բոլոր պարտքերը կմարվեն... Մոծակների հարցը լուծեն, նոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ