RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1329, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԳԱՐՇԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Որպես քաղաքական ուժ ՀԱԿ-ը ոչ միայն ավարտ է ունենալու, այլ` շատ վատ ավարտ: Համենայն դեպս ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կարծիք է հայտնել, որ «Բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք համագործակցում կամ համագործակցել են ՀՅԴաշնակցության հետ, վատ ավարտ են ունեցել, կամ ունենալու են»: Հիշեցնենք, բոլորովին վերջերս Դաշնակցությունը «Հրաշալի քառյակ»-ի կազմում համագործակցում էր` այդ թվում ՀԱԿ-ի հետ, հետեւաբար...

Բայց Զուրաբյան-ՀՅԴաշնակցությունը, իսկ եթե ավելի ճիշտ ասենք` ՀԱԿ-ՀՅԴ աղմուկի միայն վերջին հատվածը ներկայացրեցինք հիմա: Ամեն ինչ սկսվեց անցած երեքշաբթի, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Հանրաքվեի մասին» օրինագիծը, եւ երբ կողմերը միմյանց մեղադրեցին... ՀՅԴ-ն` ՀԱԿ-ին «ընտրակեղծիքների մեջ մասնագիտացված լինելու», ՀԱԿ-ը` ՀՅԴ-ին` «իշխանությունների հետ բանակցություններ վարելու մեջ»:

Անկեղծ ասած` մենք ամենեւին ցանկություն չունենք խորացնելու հնչած մեղադրանքները, փոխարենը ցանկություն կա պաշտպանելու մեղադրվածներին: Օրինակ, ՀԱԿ-ը, որքան էլ պնդի ՀՅԴաշնակցությունը կամ անձամբ պարոն Արծվիկ Մինասյանը, ամենեւին էլ մասնագիտացված չէ ընտրակեղծիքների մեջ: Ոչ թե որովհետեւ հեռու է դրանցից այլ որովհետեւ ՀԱԿ-ի կատարած ընտրակեղծիքներն ամենեւին էլ մասնագիտորեն արված չէին: Ասենք, 1996-ին, երբ ՀԱԿ-ի` այն ժամանակ իշխանություն կազմող տղերքը վերընտրվեցին (վերընտրվեցի՞ն) ընդդիմությունը պաշարեց ԱԺ-ի շենքը, հարձակվեց շենքի վրա, իսկ իշխանությունը, որը, հիշեցնենք, ամենեւին էլ ռեժիմը չէր, այլ` այսօրվա ՀԱԿ-ի ՀՀՇ-ական ժողովրդավարները, տանկեր լցրեցին մայրաքաղաքի փողոցները: Վերջիններս, ճիշտ է, չկրակեցին, բայց միայն նրանց հայտնվելը` խաղաղ բողոքավորների դիմաց, արդեն իսկ կրակոց էր: Անշուշտ սա չի նշանակում, որ այսօրվա ՀԱԿ-ի ներկայացուցիչները այն ժամանակ մասնագիտացել էին ընտրակեղծիքների մեջ, բայց երբ ինչ-որ բան մասնագիտորեն չես անում, դա դեռ չի նշանակում, որ այդ բանը չես անում: Իրականում այօրվա ՀԱԿ-ի ներկայացուցիչների ընտրակեղծիքները, եթե համեմատենք այսօրվա իշխանության ընտրակեղծիքների հետ, ապա անհամեմատ ավելի կոպիտ էին, չքողարկված, բռնություններով ուղեկցվող, հետեւաբար` ոչ մասնագիտորեն իրականացված:

Ուրեմն, երիցս իրավացի է Լեւոն Զուրաբյանը, երբ ասում է. «Մեզ ընտրակեղծիքների մեջ մասնագիտացված լինելու մեջ մեղադրողները թող գոնե մեկ ապացույց բերեն». չկա՛ այդ մասնագիտական ապացույցը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հասցեին հնչած մեղադրանքին: Կրկնենք, «մեղադրական հոդվածը» հետեւյալն է` «Գործող իշխանությունների հետ համագործակցել»: Եթե ՀԱԿ-ը այս «հանցագործության» համար պահանջում է, օրինակ, գնդակահարություն, ապա առաջին գնդակահարվողը հենց ՀԱԿ-ը պետք է լինի: Բանն այն է, որ բոլորս հիշում ենք, թե ինչպես էր նույն ՀԱԿ-ը, նույն պարոն Լեւոն Զուրաբյանի գլխավորությամբ երկխոսում գործող իշխանությունների հետ: Բացի սրանից, նույն` 90-ականների սկզբներին եւ կեսերին, «գործող իշխանությունների հետ համագործակցելը» ամնեւեին էլ չէր դիտարկվում, որպես «հանցագործություն» այսօրվա ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, ճիշտ հակառակը. այն ժամանակ «հանցագործ» էին նրանք, ովքեր չէին համագործակցում գործող իշխանությունների հետ, «հանցագործ» եւ «սրիկա», ինչպես ՌԱԿ-ը:

Բայց, թողնենք հիշողությունները: Իրականում անկախ գործող իշխանությունների ինչպիսինությունից, վերջիններիս հետ բանակցությունների մեջ մտնելը մաքուր քաղաքական գործընթաց է` յուրաքանչյուր քաղաքական ուժի համար: Բանն այն է, որ երբ քաղաքական ուժը չի բանակցում գործող իշխանությունների հետ, ուրեմն կա՛մ բավարար ազդեցություն չունի հասարակության շրջանում, հետեւաբար հետաքրքրություն չի ներկայացնում գործող իշխանության համար, կա՛մ էլ ընտրել է գործող իշխանության դեմ պայքարի այլ, ամենեւին էլ ոչ քաղաքական, արյունալի ճանապարհը: Հիմա, գործող իշխանությունների հետ բանակցելու քաղաքական ուժերի ցանկությունը չընդունող ՀԱԿ-ը ի՞նչ է առաջարկում, արյո՞ւն: Եթե այո, ապա նկատենք, որ ի տարբերություն «գործող իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնելու»-ն, վերջիններիս դեմ արյունալի պայքար մղելը, կամ դրա կոչն անելը ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն համարվում է իսկական հանցագործություն (այդպես էր նաեւ 1996-ին), հետեւաբար նման գործելակերպ ընտրածները ըստ ՔրՕր-իՙ չասենք հանցագործներ են, բայց հանցագործություն են անում:

Չանելու այլընտրանքը բանակցությունների մեջ մտնելն է` գործող իշխանությունների հետ, շեշտում ենք` անկախ վերջինների ինչպիսինությունից: Ընդ որում, իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնելը չի նշանակում դիրքերի զիջում, կամ իշխանության ասածին լուռ հնազանդում: Բանակցություններ այդպես են կոչվում, քանի որ դրանց մասնակից կողմերը կարող են միմյանց ներկայացնել ամեն մեկն իր պահանջները, իսկ վերջիններս ենթակա են երկկողմանի կատարման: Հակառակ պարագայում գործընթացը չի կարող կոչվել` բանակցություններ: Օրինակ, երբ իշխանությունները կատարեն ՀԱԿ-ի ինչ-որ պահանջ, փոխարենը ՀԱԿ-ը ենթադրենք ԱԺ-ում ինչ-որ օրինագծի քվեարկությունն այնպես անի, ինչպես ցանկանում է իշխանությունը, դա գուցե եւ սիրուն չլինի, բայց մաքուր քաղաքականություն կլինի:

Ի վերջո, ո՞վ ասաց, որ քաղաքականությունը սիրուն բան է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ