RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1070, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՈՒՆՆ Է ՄՆԱՑԵԼ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Երեւանում սրամտում են, որ Գագիկ Ծառուկյանին ջախջախելուց հետո Հայաստանի ղեկավարությունը... անտեր է մնացել: Եվ որպես կատարյալ անտերության արդյունք երկրի ղեկավարները էլ ավելի են ժպտերես դարձել: Հատկապես միջազգային հանդիպումների ժամանակ: Ասես բարեկեցիկ Շվեյցարիա են կառավարում եւ չկա ամայացուցիչ արտագաղթ:

Հետաքրքրական է, որ Ռուսաստանի որպես լիբերալ որակվող ընդդիմությունն էլ է իր ազդեցությամբ զրոյական: Թեեւ վերջին տարիներին նա «ջախջախիչ» հարվածներ չի ստացել: Պարզապես այստեղ դժվար է պայքարել մի ղեկավարի դեմ, որի հարգանիշը ժողովրդի շրջանում հասնում է 86 տոկոսի: Սաՙ ի դեպ:

«Ճահիճ»ՙ այս պիտակով է բնորոշվում ռուսաստանյան այսօրեական ընդդիմությունը: Որոշ վերապահումով այդ երեւույթը ռուսական էլ չէ, այլ գլխավորապեսՙ հրեական: Ուշագրավ է, որ բոլոր ընդդիմախոս լիդերները սերտ հարաբերությունների մեջ են ամերիկյան դեսպանության հետ եւ չեն խորշում բացահայտ այցելություններից այդ հաստատություն (ես չգիտեմ ուր են այցելում հայ ընդվզողները, եթե այցելում են):

Զարմանալի է, սակայն նույնիսկ արեւմտյան պատժամիջոցները եւ կենսամակարդակի որոշակի անկումը չսասանեցին Պուտինի հեղինակությունը: Եվ դա հեշտ է բացատրել: Ելցինի ժամանակ ապրած մարդիկ իրապես զգացին այն բոլոր դրական խոշոր փոփոխությունները, որ տեղի ունեցան իրենց կյանքում Պուտինի օրոք (ո՞ր նախագահի ժամանակ են հայաստանցիները ավելի լավ ապրել): Երկրի քաղաքացիները ըմբռնումով ընդունեցին ղեկավարության «մեղայականը», որ սխալ են ապրել, հյուսը դնելով գերազանցապես նավթի ու գազի արտահանության վրա, եւ 2-3 տարի խնդրեցին սխալն ուղղելու համար (Հայաստանում որեւէ մեկը ընդունե՞լ է մեղքի իր բաժինը, ասենքՙ արտագաղթի հարցում): Այսպես կոչված ներմուծափոխարինումը իրական է Ռուսաստանի համար, ռեսուրսները հսկայական են:

Արդ, ինչ պիտի հակադրեն Պուտինին նրա քաղաքական հակառակորդները: Միայնՙ անզոր չարություն, չարախոսություն: Ռուսաստանցի հակապուտինականների մեջ քիչ թե շատ աչքի էր ընկնում հանգուցյալ Բորիս Նեմցովը (Նեյման): Սակայն նա իրական ոչ մի ազդեցություն չուներ «լայն» զանգվածների վրա եւ ըստ էության ոչ մի վտանգ չէր ներկայացնում պետության ղեկավարի համար: Ոչ մի գրավիչ թարմ գաղափար, ոչ մի առինքնող գործողություն (կա՞ն այդպիսիք Հայաստանում): Նեմցովի մահից հետո պարզվեց, որ գեղեցկատես խարտյաշ այրը անհամեմատ ավելի բեղուն է եղել... զավակաշինության մեջ. 5 հոգի արդեն հայտարարել են իրենց գենետիկ «նեմցովականության» մասին եւ փորձում են հավակնել նրա անբավ հարստություններին:

Որոշ ժամանակ հույս էր ներշնչում մեծանուն շախմատիստ Գարիկ Կասպարովը, որը որպես Վայնշտեյն գերազանցապես կապված էր հրեական քաղաքական շրջանակների հետ: Հիրավի տաղանդավոր, եթե չասենք հանճարեղ լինելով մեծ շախմատում եւ նվաճելով բոլոր կոչումներն այդ ասպարեզում, Կասպարովին թվում էր, որ ինքը նույնքան բազմահամակարգիչ միտք կդառնա նաեւ մեծ քաղաքականության մեջ: Սակայն այս բնագավառում նա ոչ միայն ոչ մի բարձունք չնվաճեց, այլեւ լիովին տապալվեց ու պարզապես ճողոպրեց արտասահման, վաստակելով ընդամենը «վախկոտի» անուն անգամ ընդդիմության շրջանում: Եվ զավեշտական են Արեւմուտքից հնչող նրա «խրոխտ» կոչերը իշխանությունը գրավելու եւ նոր Ռուսաստան կառուցելու մասին:

Ներկայումս լրիվ ճահճացած ընդդիմադիր դաշտում իրեն առաջին պլան է մղել Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը, որին եւս ոչ մեկը լուրջ չի ընդունում, իսկ շատերը նրան սոսկ համարում են ոչնչություն (մականունն է «Երկտոկոսանոց Միշա», նկատի ունենալով նրա ընտրական ցուցանիշը): Սա էլ վերջին ամիսներին «լայն» գործունեություն է ծավալել Արեւմուտքում, հատկապես ԱՄՆ-ում: Ըստ երեւույթին նա հրահանգ է ստացել լինել ավելի եռանդուն, աղմկահարույց, արմատական եւ այլն: Կասյանովը չի կարող չհասկանալ, որ Ռուսաստանում լիբերալ գաղափարախոսությունը, լիբերալներն առհասարակ կատարելապես հեղինակազրկված են եւ շանս չունեն արժանանալու ընտրողների ուշադրությանը: Ուստի պետք են սկանդալներ գոնե ընդդիմադիր դաշտում երեւալու համար: Ահա եւ Միշան ֆրանսիական հրատարակություններից մեկում հայտարարում է, որ ինքը Ուկրաինային կվերադարձներ Ղրիմը, եթե դառնար Ռուսաստանի նախագահ, որ ղրիմցիները ոչ մի իրավունք չունեին անցկացնելու հանրահավաք (պատկերացրեք որեւէ մի հայ ընդդիմադրի նման կեցվածք Ղարաբաղի հարցում), ամերիկյան իշխանություններից պահանջում է ուժեղացնել հակառուսաստանյան պատժամիջոցները: Իսկ բոլորովին վերջերս, գտնվելով Վաշինգտոնում, նա պահանջեց ընդլայնել իրեն ոչ հաճո ռուս լրագրողների անցանկալիության ցուցակը: Եվ օրինաչափ է, որ ռուս հասարակայնությունը Կասյանովին համարում է ընդամենը պետդեպարտամենտի գործակալ:

Մի խոսքով, հայ եւ ռուսաստանցի ընդդիմադիրներին հոգեհարազատ է այն պարագան, որ երկուսի գործունեությունն էլ անպտուղ է եւ անարդյունավետ: Ինչպես ասվեց, ռուսաստանյան ընդդիմության ամենախոցելի կողմը լիբերալ գաղափարախոսությունն է, որն իրոք իրեն սպառել է Ռուսաստանում: Ուժային իշխանափոխությունը բացառվում է: Ուրեմն պետք է հույս դնել միայն արտասահմանյան աջակցության վրա, ինչն էլ անում է Կասյանովը:

«Ներկայիս լիբերալ ընդդիմությունը, գրում է ռուս մի մեկնաբան, որ հիրավի ճահիճ է դարձել, գնալով ավելի ու ավելի է չորանում, վերածվելով անմշակ ու անջրդի հողակտորի»:

Հետաքրքրական է, իսկ ինչ ուսմունք է դավանում հայրենյաց ընդդիմությունը:

Մոսկվա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ