RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2015-05-29 > #021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015



ԹԵԺ ԿԵՏԵՐ

Տեղադրվել է` 2015-06-12 20:58:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1048, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ԻՐԱՆԸ ՍԻՐԻԱ Է ՈՒՂԱՐԿԵԼ 15 ՀԱԶԱՐԱՆՈՑ ԿՈՐՊՈՒՍ

Պ. Ք.

Գեն. Սուլեյմանի. «Աշխարհը կզարմանա մեր անակնկալից»

Իրանցիներից, իրաքցիներից եւ աֆղաններից կազմված 15 հազարանոց իրանական մի կորպուս Սիրիա է ուղարկվել այդ երկրի վարչակարգին օգնելու նպատակով: Թեհրանյան վստահելի աղբյուրների վկայակոչելովՙ DEBKA կայքը եւ Բեյրութի «Դեյլի սթար» թերթը հաղորդում են, որ իրանական օժանդակ կորպուսը Սիրիա է ուղարկվել օդանավերով: Զորքերը վայրէջք են կատարել Դամասկոսի եւ Լաթաքիայի շրջաններում:

Իրանական «Էլ Կուդս» ընտիր կորպուսի հրամանատար, գեներալ Քասեմ Սուլեյմանին հայտարարել է. «Մոտ օրերս աշխարհը կզարմանա մեր եւ Սիրիայի հրամանատարության անակնկալից»:

Սիրիայում չորս տարուց ավելի շարունակ վաղ քաղաքացիական պատերազմին Իրանի այս առաջին անմիջական միջամտության հիմնավորումը 2006 թ. Թեհրանի եւ Դամասկոսի ստորագրած ռազմապաշտպանական պայմանագիրն է:

Պատերազմին իրանցի զինվորականների մասնակցությունն այսօր ոչ միայն արդարացված է, այլեւ անհրաժեշտ է նախագահ Ասադի վարչակարգի համար: Եթե երկու տարի առաջ Ասադի կառավարությունը ծանր վիճակից հանելու համար «Հզբոլլահ» խմբավորման միջամտությունը բավարար էր, ապա այսօր շիա լիբանանցիների այդ խմբավորումն ակնհայտորեն անզոր է «Իսլամական պետության» ռազմական ուժի դեմ հանդիման:

Սիրիայի արմատական ընդդիմությունը կառավարական զորքերին նեղն է գցել բոլոր ճակատներում: Երկրի հյուսիսում եւ հարավում հատկապես լուրջ հաջողությունների է հասել այս տարի արմատական ընդդիմության յոթ խմբավորումների ու կազմակերպությունների ստեղծած «Նվաճման բանակը»: Կոալիցիայի ջոկատները, որի կազմում աչքի է ընկնում «Ալ Ղաիդայի» սիրիական մասնաճյուղ «Ջաբհաթ ան Նուսրան», հյուսիսում գրեթե ամբողջապես գրավել են Իդլիբ նահանգը:

Հարավում կառավարական զորքերի վերջին պարտությունը Դերա քաղաքի մոտ էր: Երկրի կենտրոնում վերջին կարեւոր իրադարձությունը հնօրյա Պալմիրայի անկումն է: Նավթի ու գազի հանքավայրերով եւ անտիկ շրջանի ավերակներով հայտնի քաղաքը մայիսի վերջերին զավթեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Այս հզոր խմբավորումը ոչ միայն չի մտնում «Նվաճման բանակի» մեջ, այլեւ հաճախ մարտի է բռնվում վերջինիս հետ:

Բաշար Ասադի կառավարական ուժերը կորցրել են եկամտի գրեթե բոլոր աղբյուրները եւ թուլացել են: Չորս տարվա մարտերից հետո բանակի շարքերը նոսրացել են: Նոր զինվորներ քիչ են հավաքագրվում: Վարչակարգը ստիպված է ավելի ու ավելի շատ հենվել Իրանի փողերով հավաքագրվող օտարերկրյա շիա վարձկանների վրա: Ներկայումս Դամասկոսի կողմից կռվող օտարերկրացիների մեջ առավել շատ են լիբանանցիները եւ աֆղանները:

Հունիսի սկզբին «Իսլամական պետության» ջոկատները մոտեցան սիրիական Հասաքե քաղաքին, որը կարեւոր ռազմավարական կետ է Թուրքիայի, Սիրիայի եւ Իրաքի սահմանների հատման վայրում: Կառավարական բանակի 52-րդ դիվիզիան պաշտպանական ծանր մարտեր է մղում: Հասաքեի անկման դեպքում Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում «Իսլամական պետությունը» կմիավորի իր զավթած տարածքները եւ կամրացնի «խալիֆայության» իրաքյան մայրաքաղաք Մոսուլը: Թեհրանում հասկացել են, որ այլեւս չի կարելի հապաղել: Իրանցի զինծառայողները այս օրերին Լաթաքիայում գեներալ Սուլեյմանիի գլխավորությամբ պատրաստվում են հարձակում սկսել նախագահ Ասադի զորքերին օգնելու համար:

Մեկնաբանները Սիրիայում իրանական կորպուսի ներկայությունը բացատրում են ոչ միայն ճակատներում իրավիճակը փոխելու մտադրությամբ, այլեւ նրանով, որ Թեհրանը ձգտում է Սիրիայում ամեն գնով ռազմական հաջողությունների հասնել մինչեւ հունիսի վերջը, երբ ավարտվում է Իրանի միջուկային ծրագրին առնչվող համաձայնագրի ստորագրման ժամկետը: Սիրիայում հաջողության հասնելու դեպքում Թեհրանը մանեւրելու հնարավորություն կստանա «վեցյակի» երկրների հետ վարվող բանակցություններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 12-06-2015

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ