RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-09-17 23:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1152, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ԱՅՍ Ի՞ՆՉ ՌՈՒՍՆԵՐ ԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հունիսի 15-ին Գյումրիի Մայր Հայաստան հուշարձանի մոտ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի: Դիակի զննումից պարզ է դարձել, որ սպանվածը (սա էլ է պարզ դարձել զննումից հետո) ՌԴ 19-ամյա քաղաքացի Իվան Նովիկովն է, որը ոչ թե իր ամառային հանգիստն էր եկել վայելելու Հայաստանում, այլ ծառայում էր Գյումրիի ռուսական` 102-րդ ռազմաբազայում: Այս տեղեկությունը միանգամայն հասկանալի կերպով հետաքրքրեց նաեւ ռուսական լրատվամիջոցներին, որոնցից շատերը անմիջապես հիշեցին ռուսական ռազմաբազայի մեկ այլ զինծառայող Վալերի Պերմյակովին եւ գյումրեցիներ` Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության պատմությունը: Ըստ այդ լրատվամիջոցների տրամաբանության, շատ հավանական է, որ Իվան Նովիկովին սպանել են հայ վրիժառուները... Հետո, երբ նախաքննությունից պարզ դարձավ, որ Նովիկովի սպանության մեջ կասկածվում է նրա իսկ ծառայակիցՙ կրկին ՌԴ քաղաքացի Իվան Բոսխոմշինը, ով հանդես է եկել ինքնախոստովանությամբ, նույն այդ լրատվամիջոցները միանգամից լռեցին, ինչից եզրակացնում ենք, որ եթե ռուս զինվորին սպանել է մեկ այլ ռուս զինվոր, ապա դա հետաքրքրական չէ, անգամ` նորմալ է, բայց այլ հարց էՙ երբ ռուս զինվորին սպանում են տեղի բնակիչները` հատկապես վրիժառությունից ելնելով:

Ինչեւէ, հաշվի առնելով, որ այս պատմության մեջ ռուսների մեղքը միայն սա չէ, եւ սա ամենեւին էլ ամենակարեւորը չէ, առաջ անցնենք:

Եթե հիշում եք, որոշ ժամանակ առաջ ռուսական 102-րդ ռազմաբազայից փախավ այդ ռազմաբազայի ծառայող, ՀՀ քաղաքացի Սերգեյ Աֆյանը: Այնուհետեւ նրան գտան մահացած, նախաքննությունն էլ պարզեց, որ Աֆյանը ինքնասպանություն է գործել: Այսինքն, եթե միայն այս` ընթացիկ տարին վերցնենք, ապա 102-րդ ռազմաբազայում արդեն երրորդ աղմակահարույց դեպքն է գրանցվում, ընդ որում բոլորն էլ մահվան ելքով: Թվում էր, որ Պերմյակովի դեպքից հետո բազայի հրամանատար Անդրեյ Ռոզինսկու փոխարինումը գեներալ-մայոր Ուստինովով, նշանակում է, որ Մոսկվան ամեն ինչ պահում է վերահսկողության տակ եւ համապատասխան դասերը քաղել է: Բայց Աֆյանը փախավ հենց Ուստինովի օրոք եւ Նովիկովին հենց Ուստինովի օրոք սպանեցին: Ուրեմն...

Տպավորությունն այնպիսին է, որ ռուսները ոչ թե հատուկ են ընտրում նրանց, որոնց ուղարկում են Հայաստան ծառայելու, այլ մեր երկիր են ուղարկում նրանց, ովքեր ոչ մի այլ տեղ ծառայելու համար պիտանի չեն: Օրինակ, վերջին ժամանակներում արտերկրում գտնվող ռուսական ոչ մի բազայում նման դեպքեր տեղի չեն ունեցել, միայն Հայաստանում, հետեւաբար... Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը ՀՀ ԶՈւ-ի հետ համատեղ վստահված է քրեական որոշ տարրերի, ովքեր ժամանակ առ ժամանակ իրենց ագրեսիվությունը թոթափում են ամենեւին էլ ոչ Հայաստանի թշնամիների վրա:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Պուտինին անպայման կզեկուցեն եւ կներկայացնեն ռուս զինվորի սպանության գործը: Մեծ հույս ունենք, որ ոչ միայն այդ գործը. տպավորությունն այնպիսին է, որ Գյումրիի 102-րդ ռազմաբազան ինքն արդեն գործ է: Գուցե ժամանակավորապես Պուտինն անձա՞մբ ստանձնի բազայի անմիջական հրամանատարությունը, համ էլ մենք կհամոզվենք, որ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով է ապահովում Հայաստանի տարածքային ամբողջականությունն եւ անվտանգությունը:

Հ.Գ.- Համաձայն ռուսական 102-րդ ռազմաբազայի շահագործման մասին հայ-ռուսական համաձայնագրի 4-րդ հոդվածի` երբ ռուսական ռազմաբազայի զինծառայողը հանցագործություն է կատարում բազայի տարածքում կամ բազայի տարածքից դուրս, բայց բազայի մեկ այլ զինծառայողի կամ էլ վերջինիս ընտանիքի անդամի նկատմամբ, ապա գործը վարում է ռուսական կողմը: Սա նշանակում է, որ Պերմյակովն իրենցը չէ, բայց նշանակում է նաեւ, որ Բոսխոմչինն իրենցն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ