RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 962, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՄԵՐ ԳՈՐԾԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբեւէ մտածե՞լ եք, թե ո՞րն է մեր գործը: Բացի, իհարկե նրանից, որի դիմաց վարձրատրվում ենք: Ի դեպ, մեր վարձատրության չափը որոշելն արդյոք մեր գո՞րծն է, թե՞ նրա, ում գործը մեծ հաշվով մենք անում ենք: Եթե աշխատավարձը մերն է, ուրեմն այն, ինչը մենք անում ենք դրա դիմաց, եւս մերն է: Բայց կան գործեր, որոնք մենք անում ենք, կամ չենք անում` առանց իմանալու, թե արդյոք դա մե՞ր գործն է: Ենթադրենք տանը նստած հեռուստացույց ենք նայում եւ լսում ենք, թե ինչպես է հարեւանը իր կնոջը ծեծում: Միջամտելը, օգնության ձեռք մեկնելը (կնոջը) մե՞ր գործն է: Եթե ոչ, ապա ինչո՞ւ է մեր գործը հարեւանի տուն բարձրանալը, երբ նա իր տան մեջ իր ծորակից հոսող ջուրը թափում է իր տան հատակին: Մե՞զ է խանգարում, իսկ առաջին պարագայում` աղմուկ բարձրացնելով չի՞ խանգարում:

Բայց, սրանք անշուշտ մանր հարցեր են, չնայած ասում են` սատանան մանրուքների մեջ է: Ավելի մեծ հարցեր կան: Օրինակ այն, որ ՀՀ նախագահի հրամանով ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով էլ այդ պաշտոնում է նշանակվել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը. սա մեր գո՞րծն է: Տրամաբանում ենք, որ այո, քանի որ մեր գործը չի կարող լինել միայն բանակին անհրաժեշտ քանակությամբ զինվոր տալը, եւ սաՙ եթե մենք հասարակությունն ենք, սովորական ժողովուրդը: Իսկ եթե մենք լրագրող ենք, ուրեմն սա մե՞ր գործն է: Ասենք լրագրողի գո՞րծն է արդյոք հարցնել որեւէ պաշտոնատար անձի, թե ինչի հետ է կապված այս նշանակումը:

ԱԺ պատգամավոր, հանրապետական Համլետ Հարությունյանի կարծիքով, օրինակ, դա` այսինքն ռազմական ոլորտի նշանակումները մեր գործը չեն: Համենայն դեպս, երբ պատգամավորին վերոհիշյալ հարցերով դիմել են լրագրողները, նա պատասխանել է` «Ախր դա ձեր ի՞նչ գործն է. Ադրբեջանի համար ե՞ք այդ հարցազրույցները վերցնում»: Չի բացառվում, որ պարոն Հարությունյանը այդ պահին եղել է ՀՀԿ-ի վերջին նիստից ստացած տպավորությունների տակ, որտեղ, գուցե դրվածք է ձեւավորվել, ըստ որի քննարկվող բազմաթիվ հարցերը կոնկրետ Հ. Հարությունյանի գործը չեն: Այս համատեքստում էլ, մարդը, փոքր ինչ վրդովված, թափել է իր զայրույթը լրագրողների վրա, որոնց գործն, ի դեպ, հարց տալն է, եւ այդ հարցերի պատասխանների հիման վրա` հասարակությանը տեղեկատվությամբ ապահովելը: Անշուշտ Հ. Հարությունյանը պարտավոր չէ իմանալ, թե ո՞րն է լրագրողի գործը, բայց նա հո պարտավո՞ր է իմանալ, որ պատգամավորի գործերից մեկն էլ լրագրողների հարցերին հնարավորինս բարեկիրթ պատասխանելն է:

Ինչ վերաբերում է «Ադրբեջանի համար հարցազրույցներ վերցնելուն», ապա նախ Ադրբեջանը դեռ հայերեն չի հասկանում, ապա եւ հայ հասարակությունը ադրբեջանցի չէ, որի հետաքրքրությունների շրջանակներում էլ (երբեմն) լրագրողները հարցեր են տալիս:

Այդուհանդերձ, ո՞րն է մեր գործը, բացի, իհարկե, սսկվելուց, հարկերը պարտաճանաչ վճարելուց, բացառապես «Արարատ» հեռուստաընկերություն նայելուց եւ պարոն Տարոն Մարգարյանին շնորհակալություն հայտնելուց: Այս առումով մի ուշագրավ իրողություն էլ կա, երբ ասում են, թե տվյալ հարցի մասին պետք է բացառապես խոսեն տվյալ ոլորտի մասնագետները: Լավ, ենթադրենք հարցն այն է, որ մայրաքաղաքի խանութներից մեկի անունը գրված է լատինատառ: Հիմա այս հարցի շուրջը միայն Լեզվի պետական տեսչությունն ու լեզվաբաննե՞րը պետք է խոսեն: Կամ, փոքրիկ երեխան մնացել է վերելակի դռների արանքում եւ մահացել. այս մասին էլ, հավանաբար, պետք է վերելակների մասնագետները բացառապես խոսեն: Անշուշտ, ենթադրենք կենտրոնական նյարդային համակարգի մասին երթուղայինի վարորդը չի կարող խոսել, բայց ոչ թե որովհետեւ իրավունք չունի, այլՙ քանի որ ուղղակի չի կարող: Կամ հակառակորդի կողմից կազմակերպված հերթական դիվերսիոն գործողության մասին կյանքում երբեք հակառակորդ չտեսած մարդը չի կարող խոսել, բայց այդ մասին խոսելու, առավել եւս` իմանալու իրավունք բոլորն ունեն: Իսկ երբ համապատասխան մարմիններում չգիտեն, որ իրենց գործը նաեւ տեղեկություն տրամադրելն է, մարդիկ սկսում են տեղեկություն կառուցել... Ասա ձեր ի՞նչ գործն է: Սա էլ հո ընտրություններ, կամ երկրի ղեկավարմանը մասնակցել չէ, որտեղ, ինչպես գրված է Սահմանադրությունում, ժողովուրդը գործ ունի՛:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ