RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015



Տեղադրվել է` 2015-09-17 23:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1290, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ` made in Baku

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Չգիտեմ` դուք ինչպես, բայց ես ամենեւին էլ չեմ բարդույթավորվում, ավելին` շատ ուրախ եմ, որ հենց Բաքուն ընդունեց Եվրոպական առաջին խաղերը: Ընդ որում` շատ կցանկանայի, որ դրանց ավարտից հետո Բաքուն հյուրընկալեր նաեւ Օլիմպիական խաղերը, հետո էլ, ենթադրենք, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը (ավելի վաղ կազմակերպելով Եվրոպայի առաջնությունը) եւ ընդհանրապես խոշոր սպորտային միջոցառումները Ադրբեջանից անպակաս լինեին:

Մի շարք պատճառներով: Նախ որեւէ նման միջոցառման անցկացումը նշանակում է, որ կազմակերպիչ երկիրը հայտնվում է միջազգային հանրության (մամուլի) ուշադրության կենտրոնում, իսկ այդ հանրությունը, հատկապես` մամուլը, սովորություն ունի խոսել գրեթե ամեն ինչից, բացի բուն միջոցառումից: Հետեւաբար, ինչպես դրա ականատեսը եղանք Եվրոպական խաղերի ժամանակ, միջազգային մամուլում անընդհատ կթարմացվեն Ադրբեջանում տիրող իսկական իրավիճակի մասին նյութերը, ինչը մեզ համար միայն լավ է:

Հետո, ամեն անգամ, երբ Ադրբեջանը կկազմակերպի նման միջոցառում, ստիպված կլինի ճնշումներ գործադրել սովորական, շարքային քաղաքացիների, հատկապես նրանց բնակարանների նկատմամբ, ինչպես, օրինակ, նախանցյալ Եվրոտեսիլի ժամանակ, երբ Մեհրիբան Ալիեւայի անձնական հրահանգով` քանդվեցին Բաքվի բնակելի շինություններից մի քանիսը, որոնք կամ խանգարում էին Եվրոտեսիլի համերգասրահի կառուցմանը, կամ էլ փչացնում էին քաղաքի տեսքը: Հետեւաբար, ադրբեջանցի հասարակության համբերությունը կարող է մի օր էլ լցվել, ինչը որպես կանոն տեղի է ունենում այն հասարակություններում, որոնց անընդհատ ճնշում ես:

Հաջորդը, միջազգային մակարդակի խոշոր միջոցառում կազմակերպելը ենթադրում է նաեւ խոշոր ֆինանսական ծախսեր: Հետեւաբար ամեն անգամ նման բան կազմակերպելիս` Ադրբեջանն ավելի քիչ գումար կուղղի իր ռազմական ոլորտին, ինչը, հասկանալի է, մեզ համար լավ է: Ճիշտ է, թեեւ այդ միջոցառումները նաեւ լավ եկամուտ են բերում, բայց Ադրբեջանի պես երկրում այդ եկամուտներից օգտվողներ չկան, քանի որ օգտվողը մեկն է:

Եւ վերջին, թերեւս, ամենակարեւոր պատճառը: Տարված լինելով իր կազմակերպած միջոցառմամբ, հատկապես այն լիակատար անվտանգ անցկացնելու մտահոգություններով` Բաքուն, առնվազն միջոցառման օրերին շփման գծում ռազմական արկածախնդրության չի դիմում, ինչի ապացույցը ստանում ենք հենց այս օրերին, երբ Ադրբեջանում Եվրոպական խաղեր են, իսկ շփման գծում` հանգիստ է: Սա, բացի մեզ համար շատ լավ լինելուց, նաեւ ապացուցում է, թե ով է շփման գծի անհանգիստը:

Ի դեպ, այս կապակցությամբ չի բացառվում, որ շուտով, երբ Խաղերն ավարտվեն, Մինսկի խմբի համանախագահությունը հանդես գա մի նոր, ինչպես ասում են` աննախադեպ հայտարարությամբ, որտեղ նշի, թե Բաքվում կայացած Եվրոպական առաջին խաղերի օրերին շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը նշանակում է, որ այդ նույն ռեժիմը մինչ այդ բացառապես խախտվում էր կողմերից միայն մեկի կողմից, որը Խաղերի օրերին խիստ զբաղված էր այլ գործերով:

Մինսկի խումբն, անշուշտ, չի նշի, թե կոնկրետ ո՞ր կողմից էր մինչ այդ խախտվում հրադադարը, բայց դա արդեն մեր բարդույթները չեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ