RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-09-17 23:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1101, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՌՈՒՍԱՍՏԱՆԸՙ ԵՐԿՈՒ ԵՂԲՈՐ ԱՐԱՆՔՈՒՄ, ԿԱՄ ԱՐՑԱԽԸՙ ԵՐԵՔԻ ՁԵՌՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՌԱՐԿԱ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ադրբեջան-Ռուսաստան, ինչպես նաեւ Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին ուշադրությամբ, երբեմն էլ նախանձով հետեւելուց զատ հայկական կողմը վերջին շրջանում կարծես ուրիշ զբաղվածություն չունի: Եվ սա դիտարկում չէ, այլ հետեւություն, քանի որ Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման նպատակով հավաքված երեք երկրների նախագահներին կարծես լիովին բավարարում էր առկա ձեւաչափըՙ Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա դրսեւորմամբ: Ավելին, ձեւաչափը աշխարհաքաղաքական նոր խաղերի սցենարների քննարկման լիուլի հնարավորություն էրՙ յուրաքանչյուր կողմից առեւտրի իր առարկան ու նյութը ներկայացնելով:

Հունիսի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում հանդիպեց ինչպես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Էրդողանի հետ 1,5 ժամ տեւած եւ արարողակարգային փնթի իրականության մանրամասներով մատուցված հանդիպման ու քննարկման մասին ժլատ տեղեկությունները հայտնի ենՙ միայն ընդհանուր ձեւակերպումներ, որ քննարկել են էներգետիկ հարցեր, իսկ Հայոց ցողասպանության 100-ամյա տարելիցի հիշատակի միջոցառումներին Պուտինի ներկայության ու դրան հետեւած թուրքական արտգործնախարարության կտրուկ հայտարարության թեմաներին անդրադարձ չի եղել:

Հարկ չկա կասկածի տակ դնելու, որ Պուտին-Էրդողան հանդիպմանը ղարաբաղյան հարցին անդրադարձ եղել է, քանի որ այլ պարագայում Ադրբեջանի նախագահի նյարդերը տեղի կտային: Վերջին շրջանում հրադադարի ռեժիմի հաճախակիացած ու սրված խախտումներից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությունից հրաժարվելու հայտարարություններից, ինչպես նաեւ Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գրասենյակը փակելու պահանջից հետո ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահի հանդիպումը Ղարաբաղյան հարցում որոշակի լծակների տիրապետող Ռուսաստանի նախագահի հետ Ալիեւ կրտսերի կողմից պիտի դիտարկվեր որպես լավ հնարավորությունՙ առաջ տանելու այդ հարցում քաղաքական առեւտրի սեփական տարբերակը:

Պուտին-Էրդողան դռնփակ հանդիպման մասին դատելու հնարավորություն է տալիս նաեւ այդ հանդիպմանը ռուսաստանյան կողմի ներկայացուցչության կազմըՙ ՌԴ նախագահը, արտգործնախարարը, ՌԴ նախագահի օգնականը, էներգետիկայի նախարարը, «Ռոսատոմ»-ի եւ «Գազպրոմ»-ի ղեկավարները, Պուտինի մամուլի խոսնակը: Այսինքնՙ «Թուրքական հոսք» էներգետիկ նախագծի ու նոր ատոմակայանի կառուցման ծրագրերը Ռուսաստանի ցանկությամբ ու Թուրքիայի համաձայնությամբ կարող էին լինել հիմնական թեմա, որոնց շուրջը համաձայնություն ձեռք բերելու համար կային նաեւ այլՙ «մանր-մունր» թեմաներ:

Հետաքրքրական է, որ Պուտին-Ալիեւ հանդիպման վերաբերյալ ռուսական կողմի պաշտոնականՙ ՌԴ նախագահի մամուլի խոսնակի մակարդակով նշվել է, թե «հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր», ակնհայտորեն բաց թողնելով ինչպես «ռազմական», այնպես էլ «էներգետիկ» բառերը, թե ավելի մանրամասն քննարկվել են այդ հարաբերությունների բոլոր մակարդակները, իսկ «ԼՂ հարցին եղել է անդրադարձ»:

Անգամ այսօրինակ պաշտոնական հաղորդագրությունում ակնհայտ է, թե ինչին է գերակայություն ու առաջնահերթություն տրվում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում ու ինչն է դառնում այդ հարաբերությունների տարբեր հարթակներում եղած հարցերը լուծելուն ուղղված առեւտրի առարկա:Հասկանալի է, որ Պուտին-Ալիեւ հանդիպմանը տնտեսական հարցերը գերակայել են, սակայն Ադրբեջանում ստեղծված իրավիճակի եւ պաշտոնական Բաքվի վերջերս ձեռնարկած քայլերի տրամաբանությունը հստակ է դարձնում, որ ղարաբաղյան հարցում Ադրբեջանն ամեն գնով փորձել է Ռուսաստանից խոստումներ ստանալ: Ենթադրելի է, որ եթե դեռ չի էլ ստացա, կստանա, եթե հայկական կողմի արձագանքն էլ մնա այնպիսին, ինչպիսին կա, այսինքնՙ թե այդ հանդիպումները զուտ խորհրդատվական, խորհրդակցական են ու իրական արդյունքի իբր չեն բերում:

Այստեղ հստակ կարելի է տեսնել տրամաբանություն, իհարկե, խոսքն ադրբեջանական կողմի համար ընդունելի տրամաբանության մասին է:

Նախ, նախորդ տարին եւ այս տարեսկիզբը Ադրբեջանը «հագեցրեց» սահմանային ու շփման գծի խախտումներով, քանիցս փորձելով սրել իրավիճակը ու բերել առնվազն նախապատերազմական դրության: Առայժմ պատերազմից խուսափել հաջողվել է, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ այն չի վերսկսվի, հատկապես երբ Ադրբեջանին կարող են իսկապես խոստումներ տալ, սակայն չկատարել:

Այդուհետեւ առանց այդ էլ կարգավիճակի ու ներկայացվածության մակարդկաի առումով երկրում գրասենյակի մակարդակից ծրագրերի համակարգողի օֆիսի մակարդակի իջեցված ԵԱՀԿ ներկայացուցչությունը Բաքվում հիմա էլ կանգնել է փակվելու պահանջի առաջ ու սկսել պահանջը բավարարելու գործընթաց: Սա եւս տեղավորվում է նույն տրամաբանության, այն էՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից դուրս գալու ցանկության մեջ, թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը վերջին հարցազրույցներում անդրադարձավ այդ հարցինՙ հուսադրմամբ, թե գրասենյակի փակումը ձեւաչափին այնքան էլ չի առնչվում: Հանուն արդարության նշենք, որ իսկապես Միսնկի խմբի ձեւաչափը Ադրբեջանում կամ Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանն այնքան էլ չի առնչվում, սակայն ԵԱՀԿ-ի նկատմամբ վերաբերմունքի առումով Բաքվիՙ գրասենյակը փակելու պահանջը առավել քան ցցուն վկայություն է կազմակերպությանը անվստահության հայտ ներկայացնելու մասին:

Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի փակման պահանջ ներկայացնելը հաստատապես վերաբերում է հենց այդ կազմակերպությանը, քանի որ Ադրբեջանում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողին քանիցս մեղադրել են ադրբեջանամետ, ադրբեջանահաճո կեցվածք ու պահվածք ունենալու մեջ, ուստի նրա ու նրա գլխավորած հաստատության գործունեությունը հենց Ադրբեջանում դժվար թե Ալիեւի դժգոհության առաջացման պատճառ լինեն: Այսինքնՙ ակնհայտ է, որ ուղերձն ուղղված է ԵԱՀԿ կոչվող հաստատությանն ընդհանրապես:

Տրամաբանական շղթան շարունակելի է, եթե դիտարկենք Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա զարգացումները: Ակնհայտորեն մի քանի հանգամանք աչքի են զարնում: Պուտինը Բաքվով դեպի Անկարա նոր առանցք է ձեւավորում կամ փորձում է ձեւավորել, որը հիմնված է ներկայիս աշխարհաքաղաքական խաղերում ամենակայուն սյուներից մեկիՙ էներգակիրների վրա, ընդ որումՙ ապագայի ծրագրերի զգալի մասն արդեն իսկ համաձայնեցման փուլում են: Բացի այդ, Կովկասում ազդեցության պայքարում իր գերակայությունն ի ցույց դնելու եւս մեկ հնարավորությունից օգտվելովՙ Ռուսաստանը փաստացի, Բաքվի ձեռամբ, ավելի մեծ դերակատարության է հավակնում ղարաբաղյան հարցում: Հայաստանի պարագայում սրան հակադրվելը դժվար է, ու ներկա դիվանագիտական «նախաձեռնությունների» պայմաններումՙ աներեւակայելի, մինչդեռ Ադրբեջանի պարագայում հենց այս իրադրությունը կարող է բերել ղարաբաղյան հարցում սեփական շահերը բավարարելու հեռանկարի հավանականությանը:

Որ Ռուսաստանի դերակատարությունը կարող է ղարաբաղյան հարցում մեծանալ ու դրանից վախենում են, վկայում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջինՙ առատորեն բաշխված հարցազրույցների բովանդակությունն ու մեկնաբանությունները, այն դեպքում, երբ նախկինում համանախագահը մեկ շաբաթում մի քանի հարցազրույց չէր տալիս, հետն էլ հնարավոր սցենարներ քննարկում: Մինչդեռ հիմա ամերիկացի համանախագահը ցցուն ակտիվություն է ցուցաբերում, եւ դա ամենից առաջ պայմանավորված, ավելինՙ թելադրված է Ռուսաստանի դերակատարության հնարավոր մեծացումը թույլ չտալու նկատառմամբ:

Ռուսաստանն էլ հասկանալի պատճառներով փորձում է ազդեցության հավասարակշռություն պահպանել Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ, սակայն դժվար թե Բաքու-Անկարա ալյանսի հետ համագործակցության պարագայում կարողանա որեւէ բան դնել Հայաստանի կողմը ներկայացնող նժարին: Հայաստանն էլ, կարելի է ասել, կարծես մտահոգված չէ սեփական շահերի պաշտպանությամբ, երբ հարցը Ռուսաստանի դիրքորոշմանն է վերաբերում:

Ինչպիսի՞ն կլինի հայկական արձագանքը, երբ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա առանցքի գործունեությունն արդյունքներ տա, որոնց հասնելու համար ինչ-որ պահի հաստատ Արցախը դառնալու է առեւտրի առարկա, եթե արդեն իսկ չէ: Իսկ եթե էներգակիրներին միանա նաեւ Ադրբեջանի հնարավոր անդամակցություն Եվրասիական տնտեսական միությանը, որին միանալ-չմիանալու ոչ մի տնտեսական շարժառիթ Ադրբեջանը չունի, եւ միայն քաղաքական համատեքստում է դա հնարավոր: Այդ ժամանակ էլ պիտի ասեն էլի, թե ռազմավարական գործընկերը մնում է ռազմավարական, ու ոչինչ չի պատահի ռուս-ադրբեջանա-թուրքական միության հետեւանքո՞վ:

Ոչ մի բացատրություն արդարացումից ավելի վերեւ չի բարձրանալու, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, խավիարով կամ այլ բաներով, բայց արդյունքի հասնող Ադրբեջանի դեպքում, որտեղ ժողովրդավարության վերաբերյալ զեկույցում տեղ է գտել «Հայաստանի կողմից Ադրբեջանի Ղարաբաղի ու մյուս յոթ շրջանների օկուպացիա» ձեւակերպումը, որը «մեծապես պայմանավորում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգը»: Հայաստանի կողմից ինչ-որ բան օկուպացնելու առումով չգիտեմ, բայց որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգը մեծապես պայմանավորված է ղարաբաղյան հարցովՙ տնտեսական շահավետությունը համադրելով հաճելիի հետ, կասկածից վեր է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ