RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#021, 2015-06-05 > #022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2015-09-17 23:15:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 985, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 3

Վ. ՉԹՐՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸ. «ԲԱՑ ՎԵՐՔ. ՀԱՅԵՐԸ, ԹՈՒՐՔԵՐԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ»

Պ. Ք.

Լոնդոնի «Hurst» հրատարակչությունը լույս է ընծայել հայտնի քաղաքագետ, լրագրող, ֆրանսիական «Մոնդ դիպլոմատիկ» ամսաթերթի հին աշխատակից Վիգեն Չթրյանի «Բաց վերք. հայերը, թուրքերը եւ Ցեղասպանության հարյուրամյակը» աշխատությունը (383 էջ, անգլերեն): Հեղինակը Հայոց ցեղասպանության թողած բաց վերքին անդրադառնում է միաժամանակ քաղաքագետ լրագրողի եւ պատմաբանի տեսանկյուններից: Բեյրութում ծնված եւ Ժնեւում բնակվող Վիգեն Չթրյանը լոնդոնյան նույն հրատարակչությունում 2013 թ. տպագրել էր գորբաչովյան վերակառուցումից մինչեւ գունավոր հեղափոխությունների ժամանակաշրջանն ընդգրկող աշխատություն, իսկ 2008-ինՙ «War and Peace in the Caucasus» գիրքը: Նաեւ կատարել է Կենտրոնական Ասիային եւ Միջին Արեւելքին, հետխորհրդային տարածքի աշխարհաքաղաքականությանը նվիրված մի շարք վերլուծություններ: Դասավանդում է Ժնեւի Webster համալսարանում: Լոնդոնի «Արեւելյան եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոցի» գիտաշխատող է:

Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված վերջին աշխատության մեջ հեղինակը վերլուծություն է իրականացնում աշխարհի հայկական համայնքների, Թուրքիայի եւ Հայաստանի քննության միջոցով: Թուրքիայում նա արձանագրում է կատարվող փոփոխությունները, հիշողության աշխատանք ձեռնարկած քաղաքացիական հասարակության ակտիվությունը: Իբրեւ պատմաբան նա հավաստում է պատմության բումերանգի էֆեկտը եւ վերլուծում է երկու զուգահեռ ուղեգծեր: Մեկը թուրքական պետության «մոռացկոտությունն» է ու պաշտոնական ժխտողականությունը, մյուսըՙ թուրք հասարակության ժողովրդավարացման անավարտ գործընթացն է, որ նախաձեռնել են մի խումբ իրավապաշտպան ակտիվիստներ:

Գիրքը հետաքրքրական է բազմակողմանի մոտեցումների եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդրի տարատեսակ ընկալումների վերլուծության շնորհիվ: Համաշխարհային պատմության մութ էջերի լուսաբանման նպատակով հեղինակն անդրադառնում է որոշ «գորդյան հանգույցների»: Առանձնակի ուշադրության են արժանանում Հրանտ Դինքը (Մալաթիայում անցկացրած մանկությունից մինչեւ Ստամբուլ մեկնելը, այնտեղ «Ակօս» շաբաթաթերթի ստեղծման հանգամանքները) եւ ծայրահեղ ձախերի նախկին ակտիվիստ Թաներ Աքչամըՙ Հայոց ցեղասպանության թուրքական պատմագրության առաջամարտիկներից մեկը:

Կենսագրությունների իրական դեպքերով համեմված աշխատությունն ընթերցողին օգնում է ավելի լավ ըմբռնել բարդ իրականությունը: Հետազոտությունը թերի կլիներ, եթե չանդրադառնար հայ-քրդական հարաբերություններին եւ հայերի բնաջնջման մեջ քրդերի պատասխանատվությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 19-06-2015

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ