RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-06-25 23:27:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1608, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՀԷՑ-Ի «Հ» ՏԱՌԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Խնդիրն, իմ կարծիքով, չափից դուրս պարզ է: Այն թարգմանչական է. մարդուն, նկատի ունեմ` ՀԷՑ տնօրեն Եվգենի (կրճատ` Ժենյա) Բիբինին չեն թարգմանել, թե ի՞նչ է նշանակում «Հ» տառը ՀԷՑ հապավումի մեջ եւ, որ այն ամենակարեւորն է: Բանն այն է, որ եթե օրինակ Ժենյա Բիբինը տնօրիներ (եւ դրա համար ամիսը մի քանի հազար դոլար ստանար) Ղրղզստանի էլեկտրական ցանցերը, այսինքն` ՂԷՑ-ը, ապա հոսանք պետք է մատակարարեր ղրղզներին, հետեւաբար հոսանքի սակագին որոշելիս` պետք է հաշվի առներ ղրղզների ձայնը: Ու հաշվի առնելով, որ ամեն ժողովուրդ եւ պետություն ունի իր առանձնահատկությունները, եւ, ենթադրենք ղրղզները հնարավոր է, որ խնդիրներ չունենային հոսանքի գնի բարձրացման հետ, կամ ավելի շատ ունենային, ապա ստացվում է, որ կարեւորը ոչ թե էլեկտրական ցանցեր տնօրինելն է, այլ այն, թե որտեղի՞ էլեկտրական ցանցերն են դրանք:

Չարտոնվածություն

Ազատության հրապարակում հունիսի 19-ին մեկնարկած նստացույցը, որը կազմակերպել էր «Ոչ թալանին»` հոսանքի սակագնի դեմ պայքարող հասարակական խումբը, պարզվեց, որ արտոնված չէր: Այսինքն նստացույցի կազմակերպիչները իրենց այս մտադրության մասին չէին իրազեկել ոչ քաղաքապետարանին, ոչ էլ ոստիկանությանը: Սա նշանակում է, որ ոստիկանությունը, որը պարտավոր է հասարակական բողոքի ակցիաների ժամանակ առաջինը լինել իրադարձության վայրում եւ վերջինը լքել այն, իրավունք ուներ որեւէ պահի ցրել նստացույցը: Ինչը, փաստորեն, չի արվել: Ուրեմն մեր ոստիկանությունը թույլատրում է չարտոնված բաներ, իմանանք էլի...

Մյուս կողմից, երբ արդեն հունիսի 22-ի առավոտյան ոստիկանության ջրցան մեքենաները սկսեցին ցրել նստացույցի` արդեն Բաղրամյան պողոտայում գիշերած մասնակիցներին, թեեւ դա անելու իրավական հիմքեր ունեին (այլ հարց է, թե ինչպես են արել, դրա մասին էլ կխոսենք), բայց այդ հիմքերը առնվազն ծիծաղ են առաջացնում: Հիշեցնենք, ոստիկանությունը հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայի նստացույցը ցրվել է, քանի որ այն արտոնված չէր: Մինչդեռ, եթե նստացույցը ցրելու պատճառը դրա չարտոնվածությունն է, ապա ինչո՞ւ էր թույլ տրվել այն կազմակերպել:

Եւ վերջապեսՙ ի՞նչ իրավունքով, արտոնությամբ են քաղաքացիական հագուստով ոստիկանները (որոնց ոստիկան լինելը ապացուցված չէ) հարձակվում նստացույցի մասնակիցների վրա: Պատկերացրեք, որ դուք տաքարյուն երիտասարդ եք, մասնակցում եք ինչ-որ նստացույցի, որը ցրելու նպատակով ձեզ վրա հարձակվում են մի քանի քաղաքացիական հագուստով մարդիկ, առանց ցույց տալու ոստիկանական վկայականները: Բնականաբար դուք իրավունք ունեք` ինքնապաշտպանության, հետեւաբար շատ հնարավոր է` հարվածեք այդ անձին ու, քանի որ նա ոստիկան է, ձեզ կմեղադրեն ոստիկանի վրա հարձակում գործելու, ձեռք բարձրացնելու մեջ: Ի՞նչ հիմքով: Ի՞նչ արտոնությամբ: Չի բացառվում, որ ոստիկանությունը ներել է նստացույցի չարտոնված լինելը եւ թույլ է տվել, որ այն անցկացվի, որպեսզի մենք էլ ներենք նստացույցը բիրտ ուժով ցրելու քաղաքացիական հագուստով ոստիկանների միջամտության չարտոնված լինելը:

Ի դեպ, բիրտ ուժի մասին: Համենայն դեպս` ըստ ոստիկանության հաղորդագրության, իրենք հունիսի 22-ի առավոտյան նպատակ են ունեցել ցրել Բաղրամյան պողոտայի նստացույցը: Շատ լավ, այդ պարագայում, ինչո՞ւ են հետապնդել, եւ ենթադրենք Սարյանի արձանի մոտից բերման ենթարկել նստացույցի որոշ մասնակիցների, ովքեր չմասնակիցներից այդ օրը, այդ ժամին տարբերվում էին թրջված հագուստով: Ուրեմն ոստիկանության նպատակը չի եղել նստացույցը ցրելը, այն պարզապես նպատակներից մեկն է եղել, ինչպես սովետական ժամանակներում էին ասում` նրանք պլանը ոչ թե ուղղակի կատարել են, այլ` գերակատարել: Ամեն գնով:

Ի՞նչ անել

Եթե Բաղրամյան պողոտայում այս օրերին կանգնած որեւէ մեկը գիտի այս հարցի պատասխանը, ապա նա հաստատ ոստիկան է: Համենայնդեպս նստացույցի մասնակիցներից ոչ ոք չգիտի ի՞նչ անել: Հիշեցնենք, որ ցուցարարները մերժեցին նախագահ Սարգսյանի հրավերը, ով իր մոտ էր հրավիրել ցուցարարների պատվիրակներին, միեւնույն ժամանակ ցուցարարները չհարձակվեցին նախագահական շենքի վրա, ինչը կարդարարցներ նրանց` Բաղրամյան գնալը: Այսինքն, երբ բողոքի ակցիայի մասնակիցները գնում են Բաղրամյան փողոց, կոնկրետ նախագահական, ուրեմն նպատակ ունեն կա՛մ հանդիպել նախագահին, ինչը այս պարագայում, փաստորեն, չի արվել, կամ էլ` ջարդել նախագահականը, ինչը եւս, փաստորեն, չի արվել: Ուրեմն ինչո՞ւ Բաղրամյան, կամ մինչեւ ե՞րբ մնալ այնտեղ: Նկատենք, որ ոչ ՀԷՑ-ի շենքն է այդ պողոտայում, ոչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովինը. ուրեմն ստացվում է, որ ցուցարարները հասկանում են, որ երկրում հոսանքի գին բարձրացնող-իջեցնողը ոչ ՀԷՑ-ն է, ոչ էլ ՀԾԿՀ-ն, այլ` նախագահը: Եւ երբ նախագահը պատրաստակամություն է հայտնում ընդունել որոշ ցուցարարների, նշանակում է, որ ինքը ընդունում է, որ ցուցարարները բողոքի ճիշտ հասցեատեր են ընտրել:

Այդուհանդերձ, «Ոչ թալանին» շարժման գործողություններից պարզ է դառնում, որ շարժումն ունի նպատակ, բայց չունի դրան հասնելու քայլեր, առավել եւս` քայլերի հերթականություն: Բաղրամյան պողոտայում նստելը գուցե օգնի գործին, փողոցը ավլելը` գեղեցիկ եւ ընդօրինակելի է, բայց ոչ գործին օգտակար, երգել-պարելը եւս սիրուն է, բայց տպավորություն է ստեղծվում, որ Բաղրամյանում մարդիկ ոչ թե բողոքում են, այլ այնտեղ ուղղակի մասսայական ուրախ միջոցառում է: Իսկ այս ամենի, միայն սրանց առկայությունը նշանակում է, որ շարժումը գիտի, թե ինչ է ուզում, բայց չգիտիՙ ի՞նչ անել:

Սադրիչներ եւ սադրանքներ

Իսկ բոլոր նրանց, ովքեր ասում են, թե ինչ կարելի է անել, շարժման ակտիվ մասնակիցները, որպես կանոն, մեղադրում են խելք սովորեցնելու մեջ, մոռանալով, որ ըստ էության խելք սովորեցնելը մեղք չէ: Այս մարդկանց անվանման այլ տարբերակ էլ կա` սադրիչներ: Այսինքն, երբ մեկը` նստացույցի մասնակիցներից, կամ դրա ընթացքին օն-լայն հետեւողներից, հանկարծ ասի, կամ գրի, թե ժողովուրդ, կարելի է մի քիչ հետ գնալ, որպեսզի, ենթադրենք, ծառի շվաքի տակ լինենք բոլորս, շարժումը այդ մեկին կարող է անվանել սադրիչ, քանի որ վերջինս, փաստորեն, իբր լավ բան է ասում, բայց «իրականում» հորդորում է նահանջել: Առհասարակ, ինչպես հայաստանյան որեւիցե շարժման մեջ, այս մեկում էլ մարդիկ հայտնվել են, որպեսզի երկրում հարգեն իրենց կարծիքն ու խոսքը, մինչդեռ շարժման մեջ կամ դրան մոտ գտնվողները միմյանց խոսքը չեն հարգում:

Անխոս, իրական սադրիչներ կան, բայց դրանց առկայությունը եւ առատությունը միայն լավ է, քանի որ նշանակում է, որ շարժումը ուժ ունի:

Ինչ վերաբերում է սադրանքներին: Անկեղծ ասած, երբ գրվում էր այս հոդվածը, մի շարք լուրեր էին պտտվում, որոնք անցած չորեքշաբթի օրվա տվյալներով ավելի շատ սադրանքների էին նման, քան իրականության: Դրանցից մեկի համաձայն, Սերժ Սարգսյանը հրահանգավորել է ոստիկանապետ Վովա Գասպարյանին, որպեսզի ոստիկանությունը հանկարծ, ոչ մի պարագայում բախում, լարվածություն թույլ չտա, ու սպասեն իր հայտարարությանը, ըստ որի էլ նախագահը չեղյալ է հայտարարելու ՀԾԿՀ-ի որոշումը, կամ գոնե ժամանակավորապես կասեցնելու է այն: Այլ հարց է, թե Հանրապետության նախագահն ունի՞ արդյոք իրավունք` չեղյալ հայտարարելու,կամ ժամանակավորապես կասեցնելու Հանրային ծառայությունների կարգավորող ԱՆԿԱԽ հանձնաժողովի կայացրած որոշումները: Ըստ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ գործող օրենքի, չունի:

Մյուս կողմից, խոսվում էր, որ ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը, ինչը նշանակում է, որ «հաշվի առնելով սեփականատիրոջ փոփոխությունները» եւ «հոսանքի նոր սակագնի որոշման վերաբերյալ` սպասելով վերջինիս պաշտոնական դիմումին»` ՀԾԿՀ-ն նոր որոշում է կայացնում` սառեցնել ՀԾՀԿ-ի` նույն հարցի շուրջ ավելի վաղ կայացրած որոշումը:

Հնարավոր է, որ երբ դուք կարդում եք այս հոդվածը նման մի «որոշումանման» բան արդեն կա, հնարավոր է, որ չկա, հավանական է, որ չի էլ լինելու:

Դրա համար էլ մենք այս խոսակցությունները դեռ անվանեցինք սադրանք եւ բողոքի ակցիան թուլացնելու միջոց:

Բոլոր պարագաներում, ՀԷՑ հապավումի մեջ, ինչպես նաեւ ՀՀ-ի մեջ կարեւորը առաջին «Հ» տառով սկսվող բառն է: Թե չէ բազմաթիվ էլցանցեր կան ու բազմաթիվ հանրապետություններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ