RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2015-06-25 23:27:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1880, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ՆՎԵՐ ԱՐՄԵՆԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 130-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Օրերս շնորհակալությամբ ստացա իմ լավ բարեկամ, գրչակից ու գաղափարակից ընկեր Հակոբ Վարդիվառյանի հեղինակած «Մեծ երազի ճամբուն ուղեւորները եւ համապարփակ պատմութիւն Ռամկավար ազատական կուսակցութեան» Ա հատորը, որը ներառում է «Արմենական կազմակերպութիւն» եւ «Հայ Ժողովրդական կուսակցութիւն» բաժինները: Մինչ գնահատականի խոսքս, ուզում եմ նախապես շնորհակալությունս հայտնել ծավալուն ու բարեխիղճ աշխատանքի համար, որը կատարվել է անսահման սիրով եւ խանդաղատանքով: Նաեւ այն լուրջ ու բեղուն ներդրման համար, որ արել է հարգարժան հեղինակը հայ պատմագիտության եւ, մասնավորապես, կուսակցությանս մասնագիտական գրականաստեղծման գործում:

Անկեղծորեն խոստովանեմ, որ սկզբում բավական վերապահումով վերաբերվեցի հատկապես «համապարփակ պատմություն» բառեզրին: Բայց երբ սկսեցի ընթերցել, էջ առ էջ վերապահումը տեղի տվեց անպայման գնահատանքի խոսք ասելու անդիմադրելի ցանկությանը:

Գաղտնիք չէ բոլորովին, որ չնայած առաջնեկի ու միակ հայրենածին լինելուն եւ հայ ազատագրական պայքարում ունեցած ծանրակշիռ ներդրմանը, հատկապես հայ ժողովրդի եւ մասնավորապես վասպուրահայության ինքնապաշտպանական արդյունավետ պայքարում, Արմենական կուսակցության ու կուսակցականների մասին շատ քիչ է գրվել: Դրան նպաստել է նաեւ այն զգուշավոր մտայնությունը, որ թուրքական բռնատիրության պայմաններում ոչինչ գրավոր չպահպանվի հասարակ ժողովրդին հետապնդելու եւ մեղադրանքներ ներկայացնելու առումով: Սակայն այդ չգոյության ու ավելի հաճախ պակասավորության պայմաններում կուսակցությունների պատմությունը կտոր-կտոր, փշուր-փշուր հավաքել ու մեկտեղելը, մեղմ ասած, այնքան էլ հասարակ գործ չի եղել: Մասնագիտությանս բերումով տեղյակ եմ, թե ինչ տիտանական ջանքեր են պետք տասնամյակների հեռվից բազում հարցերի պատասխաններ պեղելն ու գտնելը:

Հիրավի, մեր երկու կուսակցությունների հակիրճ ու հանրամատչելի այս պատմությունը «հեռու մնացած է թակելէ դուռը քննական պատմագրութեան ու բանալէ զայն», սակայն իր տարողությամբ եւ ընդգրկումներով ծավալուն ու բազմաշերտ գործ է, միանգամայն արժանի դրվատանքի ու արժեւորման:

Աշխատության ուսումնասիրության թիրախ հանդիսացող թեման` իր բոլոր ծալքերով, ծանոթ էր եւ թվում էրՙ նոր խոսք ու ասելիք դժվար կլինի գտնել: Սակայն ի պատիվ հեղինակի, նրա ժրաջան ու պրպտուն մտքի եւ տարիների ընթացքում հետեւողական հավաքչական աշխատանքի, բացահայտվել են կուսակցությունների պատմության նոր ծալքեր: Դրվատելի է հատկապես այն իրատեսական մոտեցումը, որով առաջնորդվել է հեղինակը սույն աշխատությունը գրելիս: Իրական գույներով են մատուցվում Արմենականների ծննդավայր եւ հիմնական գործելատարածք Վան-Վասպուրականն ու ժամանակի հայ իրականությունը եւ այդ ընդհանուր խորապատկերում` կուսակցության գաղափարական սերմնացանների ու հիմնադիրների լուսապայծառ նկարագիրը: Միանգամայն իրավացիորեն հեղինակն ընդգծում է, որ հայ ժողովրդի ընդվզումը արդյունք էր ու անմիջական պատասխան օր-օրի սաստկացող թուրքական բռնաճնշումների եւ հայահալած տմարդի քաղաքականության: Եվ որ դարավոր ընդարմացումից հայ ժողովրդին ոտքի հանելու համար անհրաժեշտ էր նախ հեղափոխել նրան գաղափարապես, ապա հոգեբանորեն, ինչն էլ ըստ էության արեցին հայ հեղափոխությանն անդրանիկ զինվորագրված արմենականները:

Ի պատիվ հեղինակի, ուզում եմ հատուկ ընդգծել, որ միանգամայն ճիշտ է ներկայացրել երեք Մկրտիչների դերն ու գործունեությունը վասպուրահայությանը ոտքի հանելու եւ իր կյանքին, պատվին ու ինչքին տեր կանգնելու գործում: Խրիմյանի հայրենասիրությունը, Փորթուգալյանի լուսավորությունը եւ Ավետիսյանի ազատասիրությունը հեղաբեկում առաջացրին հայության մեջ եւ ծնունդ տվեցին առաջին ու միակ երկրածին Արմենական կուսակցությանը, նրա հեղափոխական գաղափարախոսությանն ու զենքի դիմելու եւ ինքնապաշտպանվելու մղումներին: Նրանց գաղափարական հովանու ներքո ծնվեց ու հասակ առավ հայրենասիրական իդեալներով (մտատիպարներով) տոգորված, ազատագրական պայքարի գիտակցությամբ հասունացած, գաղտնի, բայց վճռական պայքարի լծված մի սերունդ, որը հայոց փրկությունը տեսնում էր լուսավորության եւ մարտական ուժի մեջ: Այդ սերունդն էր, որ հավաքվեց «Արմենիայի» շուրջը եւ դրա հայեցակետերով առաջնորդվելով, ինչպես նաեւ այդ գաղափարները ժողովրդի մեջ տարածելով ու քարոզելով ստեղծեց հեղափոխական կազմակերպություն: Թերթի անունով էլ շարժումը կոչվեց Արմենիական, իսկ կուսակցությունը` Արմենական: Նորաստեղծ այդ կուսակցությունը ողջ էությամբ, արմատապես ու ամբողջապես անվիճելիորեն ազգային կուսակցություն էր, որի գաղափարատարածիչը «Արմենիա» թերթն էր: Արմենական կուսակցության անդամները իրատեսորեն ջատագովում էին ոչ թե առանձին ելույթներն ու ցույցերը, այլ համընդհանուր ապստամբության ճիշտ գաղափարը եւ որեւէ հավատ չէին ընծայում եվրոպական դիվանագիտությանը:

Հեղինակն իրավացիորեն եւ, որքան ինձ հայտնի է, առաջին անգամ առանձնացնում է արմենականների երկու թեւերը, որոնցից ձախ` արմատականը խրախուսում ու սատարում էր հայդուկային պայքարը, իսկ չափավորը` որ համեմատաբար փոքրամասնություն էր կազմում, Կարապետ Հակոբյանի գլխավորությամբ Լոնդոնում հիմնում է Անգլո-հայկական կոմիտե եւ որդեգրում է Հայկական հարցի լուծման դիվանագիտական ուղին:

Գրքի շահեկան բաժիններից է «Ականավոր արմենակաները», որտեղ փառապանծ Մկրտիչ Ավետիսյանի առաջնորդությամբ հանդիսավոր շքերթի է դուրս եկել արմենական ողջ կոհորտան: Ռահվիրաների այդ հանդիսաերթին հպարտորեն միմյանց են հաջորդում ռազմիկ հայդուկները` 1915 թ. Վանի հերոսական ինքնապաշտպանության ռազմական ղեկավար Արմենակ Եկարյանի եւ Փանոս Թերլեմեզյանի գլխավորությամբ: Կուսակցական գաղափարատեսական եւ գործնական մարզի ասպետներ Երվանդ Քեոսյան-Սեպուհը, Եղիշե Գոնտակչյանը, «նիւթական, բարոյական եւ ֆիզիքական զոհողութիւններով յեղափոխութեան օժանդակած, օրերով անօթի, շոգենաւերի ամբարների, վագոնների մէջ ամիսներով ապրած, երիցս տեռօրի ենթակուած, բայց միշտ պատնեշի վրա մնացած» Գրիգոր Պեոզիկյան-Ներսեսը, աննկուն Անուշավան Տեր-Մկրտչյանը: Տեսական ու գաղափարական մարտադաշտի նվիրյալների կազմը` կուսակցության տարեգիր Արտակ Դարբինյանը, «քարոզչական աշխատանքին գործօն ջանքերը միացուցած» Գրիգոր Արարքցյանը, «իր ամենաազդեցիկ օրերուն իսկ անձնական ոչինչ հետապնդող ու ընդհակառակնՙ իր գործունէութեան պատճառավ իրեն ու իր ընտանիքը շատ բան տուժեցուցած» Կարապետ Նաթանյանը, կուսակցական մամուլի երախտավոր Մէն Սէ-Միքայել Նաթանյանը, «մեր ազգային ներքին չարաշահութիւններուն հանդէպ պարկեշտ պայքարի բոլոր միջոցներով զինուած, որեւէ դժուարութեան ատեն տրամաբանութեան առջեւ միայն տեղի տուող» Լեւոն Աճեմյանը եւ ուրիշներ:

Այնուհետեւ առաջամարտիկներին այդ ազգանվեր շքահանդեսում հաջորդում են համեմատաբար քիչ հայտնի «Ուրիշ արմենականները», որոնք չնայած հայ հեղափոխության մեջ ունեցած իրենց համեստ ներդրումին, ապրել են կյանք, որը նվիրումի ու հերոսացման պայծառ օրինակ է, որով կարելի է սերունդներ դաստիարակել:

Թեեւ գոյության բոլոր տարիների ընթացքում Արմենական կուսակցությունը տպագիր որեւէ պաշտոնական օրգան չի ունեցել, սակայն աշխատությունում առկա է «Արմենական մամուլը» շահեկան խորագրով բաժինը: Այն ամբողջական տեղեկություն է տալիս բոլոր այն պարբերականների մասին, որոնք որոշ վերապահումներով կարելի է համարել արմենական:

Որքան սեր, հավատ, հարգանք ու խոնարհում կա «Ուխտագնացություն արմենականներու շիրիմին» բաժնում: Անսպառ կարոտ ու վերագտնումի, հարգանքի տուրքի անսպառ մատուցում կա այստեղ եւ անկեղծ ու անեղծ խոստովանություն արմենական ռահվիրաներին. «Անոնք մեզի սովորեցուցին ըլլալ յեղափոխական, սակայն շրջահայեաց, ըլլալ յեղափոխական, սակայն ուսումնատենչ ու զարգացած, ըլլալ յեղափոխական` միշտ առաջնորդուելով ազգին ու ժողովրդին գերագոյն շահերէն»,-հպարտորեն իր սերնդի անունից խոստովանում է հեղինակը:

***

Հայ պատմագիտությունում կուսակցությունների պատմությունն այնքան էլ լավ չի ուսումնասիրված, իսկ Հայ Ժողովրդական կուսակցության պատմությունը` գրեթե ուսումնասիրված չէ: Խորհրդային տարիներին պաշտպանվեց մի թեկնածուական ատենախոսություն, որը, ավելի շատ մարքսիզմի եւ դրա աղավաղված հոլովույթ լենինիզմի դիրքերից այդ կուսակցության հասցեին գաղափարաբանական քննադատությունների շաղախ էր եւ, որքան ինձ հայտնի է, անտիպ էլ մնաց: Համոզված եմ, որ մոտ ապագայում այդ բացը կլրացվի եւ մենք կունենանք հիմնարար ուսումնասիրություն Հայ Ժողովրդական կուսակցության մասին:

Ներկա ուսումնասիրության հեղինակ Հ. Վարդիվառյանն էլ հավանաբար սույն աշխատության այդ բաժինը գրել է փաստային սուղ հիմքերի վրա: Սակայն այդ դժվարին պայմաններում նույնիսկ հեղինակը կատարել է ծավալուն այնպիսի աշխատանք, որը միանգամայն արժանի է գովասանքի: Միայն թե առաջին հատորում, արմենականների անմիջապես կողքին Հայ Ժողովրդականին դնելը, կարծում ենք, ժամանակագրական հերթականության շեղում է, քանի որ մինչեւ Հայ Ժողովրդականի ասպարեզ իջնելը Արմենականներին ժամանակագրական առումով հաջորդեցին մի քանի այլՙ քույր կուսակցություններ (Գաղափարակցական, ՀՍՌԿ եւ այլն): Իսկ եթե Հայ Ժողովրդականի սկիզբ է դիտվում ռուսական Կադետների հայկական ջոկատը, ապա հարկավոր էր, որ այդ մասին մի քանի բառով պատճառաբանվեր:

Ընդհանուր առմամբ, սույն մենագրությունը, հատկապես կուսակցական գրականության ասպարեզում, լուրջ ներդրում է: Իսկ Արմենականների առումով այն իսկապես համապարփակ կարելի է համարել:

Աշխատությունում սպրդել են նաեւ որոշ անճշտություններ, ինչը միանգամայն բնական է ու ներելի այսքան մեծածավալ գործի համար: Սույն աշխատությունն ապագայում ավելի կատարյալ տեսնելու ցանկությունից ելնելով դրանցից մի քանիսը նշենք: Այսպես. էջ 343-ում նշվում է, որ Համբարձում Առաքելյանը «Գրիգոր Արծրունիի մահէն ետք կը նշանակուի «Մշակ»ի խմբագրապետութեան պաշտօնին»: Իրականում ցարական իշխանությունները մերժեցին Արծրունու այրի տիկին Գոհարիՙ Հ. Առաքելյանին գլխավոր խմբագիր նշանակելու մասին դիմումը, որովհետեւ իր համարձակ պահվածքի եւ մի քանի հրապարակումների համար նա արդեն հայտնվել էր իշխանությունների «անհուսալիների ցուցակում» եւ այդ ժամանակ գլխավոր խմբագիր նշանակվեց Ալ. Քալանթարը, ում մահից հետո միայն` 1911 թ. Առաքելյանը դարձավ գլխավոր խմբագիր: Մեկ այլ, ոչ պակաս կարեւոր անճշտություն. քննարկվող աշխատության մեջ նշվում է (էջ 347), որ արեւելահայ եւ արեւմտահայ համագործակցությունը սկսվեց Արփիարյան-Արծրունի շփումներով, այնինչ իրականում դեռ մինչեւ նրանց հանդիպումը, այդ գործընթացն ավելի վաղ սկսվել էր Մ. Փորթուգալյան-Արծրունի շփումներով: Մյուս դիտարկումը, որ կուզենայի անել այն է, որ Թիֆլիսի «Արձագանքը» որքան էլ ցանկանանք Հայ Ժողովրդական մամուլ համարել, ռեալ չի, քանի որ այն լույս է տեսել 1882-1892 թթ. երբ ոչ Ժողովրդական կուսակցությունը կար, ոչ էլ նույնիսկ նրանց նախատիպը համարվող կադետները: Կան նաեւ վրիպակներ, որոնք կարող են շփոթի առիթ դառնալ. էջ 301-ում գրված է, որ «Արմենիա» թերթը լույս է տեսել 1885-1925 թթ., այնինչ այն հրատարակվել է 1885-1923 թթ.: Էջ 351-ում կարդում ենք. «Բաբախանեան (խոսքը Լեոյի մասին է) կը պատկանի պոլսահայ մտաւորականներու այն սերունդին...», այնինչ նա ծագումով շուշեցի թիֆլիսահայ մտավորական էր, էջ 345-ում Գր. Արծրունու ծննդյան թվական է նշվում 1945 թ., որը պիտի լիներ 1845 թ. եւ այլն:

Նշված անճշտություններն ու վրիպակները ամենեւին չեն ստվերում կատարված ծավալուն, տքնաջան եւ հայրենանվեր աշխատանքը, որը, համոզված եմ, մնայուն ներդրում է: Նշեմ նաեւ, որ այս տարի լրանում է Արմենական կուսակցության հիմնադրման 130-ամյա հոբելյանը: Պիտի արձանագրեմ, որ սույն աշխատությունը ամենամեծ ու թանկ նվերն է հայ ժողովրդին եւ բոլոր գաղափարակիցներիս այդ պանծալի հոբելյանի առթիվ:

22.06.2015 թ.

Նկար 1. Մկրտիչ Ավետիսյան

Նկար 2. Արմենակ Եկարյան

Նկար 3. Արտակ Դարբինյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 26-06-2015

AZG Daily #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ