RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1279, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱՄԵՆԱԲԱԽՏԱՎՈՐ ԵՎ ԱՄԵՆԱԴԺԲԱԽՏ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նախագահներից ամենաշատը բերել է Սի Ցզինպինի բախտը: Բանն այն է, որ չինացիները մի խոսք ունեն` «Երբեք մի կատակիր արքայի (նախագահի) մասին, քանի որ վաղը մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել նրա փոխարեն»: Մարգարեներից էլ ամենաշատը բերել է Մուհամեդի բախտը, քանի որ նրա մասին էլ կատակը չի ընդունվում, ոչ թե որովհետեւ վաղը մեզանից յուրաքանչյուրը... այլ, որովհետեւ մահմեդականներից ոմանք ծայրահեղ են ու զինված:

Հաշվի առնելով, որ Ադրբեջանի նախագահ մեզանից ոչ ոք երբեք չի դառնալու (եթե անգամ այդ երկիրը գրավենք, այն կկոչվի Հայաստան, ոչ թե կմնա Ադրբեջան), ու հաշվի առնելով, որ Իլհամ Ալիեւը, ինչ-ինչ, բայց Մուհամեդ մարգարե չէ, կարող ենք հանգիստ կատակել նրա մասին:Օրինակ վերջին օրերին, երբ Երեւանում հոսանքի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիա էր` կարծես թե անավարտելի սկսված, Ադրբեջանում, կոնկրետ Իլհամ Ալիեւը, ինչպես ընդունված է նման դեպքերում մեզանում կարծել, ոչ թե ուրախացել է, թե «հեսա Ղարաբաղը բիզիմդիր ենք անելու», այլ ճիշտ հակառակը` տխրել: Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահի կարծիքով` «այդ սադրիչ հայերը դիտմամբ են հենց այս օրերին ակցիա անում, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը շեղեն Բավքում փառահեղ ընթացող Եվրոպական առաջին խաղերից»:

Արդարության համար ասենք, որ այդքան էլ վստահ չենք, որ Ալիեւը սա ասել է. շատ հնարավոր է, որ նա «սադրիչ հայեր» բառերի փոխարեն օգտագործել է` «օկուպանտ հայեր» բառակապակցությունը:

Բայց միանգամայն վստահ ենք, որ Ադրբեջանի նախագահը ինքն է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերից: Բանն այն է, որ խաղերի օրերին, հունիսի 26-ին, Ադրբեջանում նշվել է ադրբեջանական բանակի կազմավորման օրը, հասկանալի է` հնարավորինս աշխարհացունց: Օրվա կապակցությամբ Իլհամ Ալիեւը ծավալուն ելույթ է ունեցել, որից առանձնացնենք ընդամենը երեք նախադասություն:

1) «Մենք որեւէ նկրտում չունենք հարեւան երկրների տարածքների վրա, չնայած ինչպես ես բազմիցս եմ ասել եւ քիչ առաջ էլ ասացի` այսօրվա Հայաստանի տարածքը մեր պատմական հողերն են»:

2) «Եթե չեք ցանկանում մեռնել (դիմում է հայերին- Հ. Ա.), ապա կորեք մեր հողերից»:

3) «Մեր ունեցած տվյալներով թշնամին (մենք- Հ. Ա.) այսօր հիստերիկ խուճապի մեջ է»:

Իլհամ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ «ադրբեջանական բանակն այսօր զինված է այնպիսի ռազմական սպառազինությամբ ու տեխնիկայով, ինչի օգնությամբ կարող է ոչնչացնել ցանկացած թիրախ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում»: Էլի շատ` նման եւ աննման բաներ, բայց մի նյութի մեջ այդքան մեջբերումներ անել Ադրբեջանի նախագահից, ինձ համար գոնե նշանակում` հոնորարս կիսել վերջինիս հետ, որն անել ես չեմ պատրաստվում...:

Փոխարենը պատրաստվում էի կետ առ կետ արձագանքել Իլհամ Ալիեւի խոսքերին, բայց հետո հասկացա, որ դրա կարիքը չկա: Օրինակ առաջին կետում նա ինքն իրեն հակադրվում է, երկրորդում նա ինքն իրեն է ցույց տալիս, երրորդում փաստում է, որ իր տվյալները ավելի հին են, քան մեր հարեւանի գյուղի տան` «Զիլ» սառնարանի տակի փոքրիկ գորգը, իսկ ադրբեջանական սպառազինության եւ տեխնիկայի մասին նրա ասածի մեջ մի ուշագրավ մանրուք կա: Իլհամ Ալիեւը գովում է ոչ թե իր բանակի զինվորին, ինչը տրամաբանական կլիներ, որ աներ, հաշվի առնելով, որ հենց նրանց դիմաց է ելույթ ունեցել, այլ իր բանակի ռազմական տեխնիկան: Տպավորություն է առաջանում, որ Ալիեւին այդ պահին լսել է միայն տեխնիկան եւ... ոչ մի զինվոր: Այսինքն նրա առջեւ ելույթ ունենալիս, եթե կանգնած եղել էլ են, ապա միայն ադրբեջաներեն հասկացող տանկեր եւ հրթիռներ:

Բայց շատ լրջացանք, ինչը այս թեմայի շուրջ չի խրախուսվում: Ճիշտ այնքան, որքան զգոնության կորուստը չի խրախուսվում:

Այս ամենից հետո Իլհամ Ալիեւը երկրորդ անգամ է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերից, իր հոր` Հեյդար Ալիեւի անվան պետական շքանշանով պարգեւատրելով իր կնոջը` Մեհրիբան Ալիեւային:

Ի դեպ, Խաղերի մասին. դրանք ավարտվեցին. ասում են չինացիները մտադիր են իրենց մոտ կազմակերպել Եվրոպական հաջորդ խաղերը` հիմնավորմամբ` «Ինչի՞, Ադրբեջանը Եվրոպա՞ է»:

Իրականում Եվրոպական հաջորդ խաղերն իր մոտ անցկացնելու պատրաստակամություն է հայտնել Բելառուսը, սակայն` նույն հիմնավորմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

AZG Daily #12, 02-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ