RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1073, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՆ ՌՈՒՍՆԵՐԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անհանգիստ երեւանյան այս օրերին` նախագահ Սարգսյանը, հունիսի 30-ին, իր ծննդյան 61-ամյակի կապակցությամբ, հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Զրուցակիցները, անշուշտ, չեն խոսել ՀԷՑ-ի գործունեության, առավել եւս` Հայաստանում հոսանքի սակագնի բարձրացման կամ իջեցման հնարավորությունների եւ հավանականությունների մասին: Ավելին, հեռախոսազրույցից հետո, ինչն ի դեպ, տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտարարելով, թե Հայաստանում էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացման հարցը նախագահները չեն քննարկել, շեշտել է. «Հոսանքի սակագնի հարցը ներհայաստանյան խնդիր է, որը միանշանակ չի կարող քննարկվել ՌԴ նախագահի հետ»:

Ուրեմն` հասկանանք, հոսանքի սակագնի հարցը, նախ` խնդիր է, որի այդպիսին լինելու մասին շեշտում է ռուսական կողմը նաեւ, բացի այդ` ներհայաստանյան խնդիր է` բացառապես: Հասկանալի է, որ այս հայտարարությամբ Պեսկովը պարզապես ընդգծում է, որ Մոսկվան հասկացել է հայկական կողմի մեսիջը, որ բողոքի ակցիաներում հակառուսական հետք չկա եւ չի կարող լինել, դրա հիմքերը չկան: Բայց այնուամենայնիվ, այս հայտարարությամբ Մոսկվան նաեւ շեշտում է, որ խնդրում ռուսական մեղավորություն, հետեւաբար` ռուսական կողմին, անձամբ` ՀԷՑ տնօրեն Ժենյա Բիբինին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն գոնե ինքը չի տեսնում:

Որ Մոսկվան Հայաստանի «էլեկտրական խնդրի» հետ ոչ մի կապ չունիՙ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության հետ զրուցյում հայտարարել է նաեւ«Ինտեր ՌԱՕ» տնօրենության նախագահ Բորիս Կովալչուկը: Վերջինս «Բիբինին գործից հանել են» լուրերի համապատկերում ասել է, որ ՀԷՑ-ի կրած վնասները «Հայաստանում գործող կարգավորման համակարգի պատճառով են»: Կովալչուկը մասնավորաբար նշել է, որ «11 տարիների ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի ոչ բավարար չափով բարձրացումը, Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը, ինչպես նաեւ Հայաստանի հիդրոէլեկտրակայաններում արտադրանքի նվազումը բերել են նրան, որ Հայաստանի բաշխիչ ցանցերը չեն ստացել 37մլրդ դրամ եկամուտ»:

Միեւնույն ժամանակ, Կովալչուկը հայտնել է, որ ինքը ողջունում է ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու գաղափարը, քանի որ` «Վստահ եմ, որ այդ աուդիտի արդյունքում կարվեն եզրակացություններ, որոնք կհաստատեն ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը», ասել է «Ինտեր ՌԱՕ»-ի նախագահը:

Ինչ է, ուրեմն ստացվում, որ եթե «Ինտեր ՌԱՕ» ռուսական ընկերությանը վերաբերում է Հայաստանում էլեկտրաէներգիայի ոլորտի խնդիրները, ներառյալ հոսանքի սակագինը, ուրեմն այն վերաբերում է նաեւ Ռուսաստանին, սա էլ նշանակում է, որ կոնկրետ հոսանքի սակագնի բարձրացման արդյունքում ստեղծված խնդիրը (շնորհակալություն Դմիտրի Պեսկովինՙ բառի համար), ներհայաստանյան չէ:

Ի դեպ հայկական թերթերից մեկը չորեքշաբթի օրը տեղեկացրեց, որ Մոսկվայում տեղի է ունեցել Դմիտրի Մեդվեդեւ-Սամվել Կարապետյան հանդիպումը: Որտեղ, նշենք, առաջինը` ՌԴ վարչապետն է: Զրուցակիցները, ըստ տեղեկության, ունեցել են ոչ պաշտոնական հանդիպում եւ խոսել ՀԷՑ-ի հետագա ճակատագրի մասին: Ով ում ինչ է ասել, ով է համոզողը եղել, ով` խնդրողը, կամ պահանջողը, մենք չգիտենք, չգիտենք նաեւ այն, թե ի՞նչ կապ ունի «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի հետ: Երեւի ունի, կամ գուցե` դեռ ունենալու է:

ՀԷՑ-ի, առհասարակ, ոլորտի հետ ուղիղ կապ ունի ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ով եւս անհամբեր սպասում է աուդիտի արդյունքներին: Բանն այն է, որ նախարար Զախարյանը, պատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք ինքը հրաժարական տալ ելնելով ստեղծված իրավիճակից, ասել է. «Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ. թող աուդիտը լինի, եզրակացությունը լինի...»: Փաստորեն, գոնե Երվանդ Զախարյանը շահագրգռված է, որ աուդիտի արդյունքներով բացառապես ռուսական կողմը մեղավոր դուրս կգա, իսկ խնդիրը նաեւ ռուսական կողմ ունի, ի դեպ, կամ էլ որոշվի, որ այն ինչ եղել է, ճիշտ է եղել:

Չմոռանանք ասել, որ սրանից հետո, երբ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազայում ինչ-որ խնդիր լինի, ապա դա լինելու է ներհայաստանյան խնդիր:

Այսքան բան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ