RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



Տեղադրվել է` 2015-07-10 10:08:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1007, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԵՎՐՈՏԵՍԻԼԻՑ ՄԻՆՉԵՎ ԵՎՐՈԽԱՂԵՐ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Մայիս եւ հունիս ամիսներին Հայաստանը մասնակցեց միջազգային նշանակության երկու միջոցառումների եւ երկուսում էլ կրեց, մեղմ ասածՙ տպավորիչ պարտություններ: Միջազգային մրցաշարերում պարտվելը հայերիս համար դարձել է արդեն կայուն ավանդույթ: Եվ մեղքն ամենեւին էլ «Genealogy» խմբի երգիչների կամ հայ մարզիկներինը չէ, այլ այս գործի նկատմամբ պետական մակարդակով տիրող անտարբերության եւ անպատվախնդիր մոտեցման:

Վիեննայում կայացած «Եվրոտեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում հայկական «Genealogy» խմբի անհաջողությունը ստիպեց հայ երկրպագուներին հիասթափության անքուն գիշեր անցկացնել: Անցել է բավական ժամանակ: Պետական պատկան մարմինների կողմից որեւէ քննարկում, որեւէ փորձ արվո՞ւմ է շտկելու այս ոլորտում առկա իրավիճակը: Եթե գործող մեխանիզմը սպառել է իրեն ուրեմն այն փոխել է պետք: Այս մրցույթի հայկական պատվիրակության կազմակերպիչն է իմ երբեմնի հարազատ աշխատավայր Հանրային հեռուստատեսությունը, հեռուստալսարանի առջեւ արդյո՞ք ծավալվեց քննարկում այս աննախադեպ անհաջողության պատճառների մասին, նույնիսկՙ Հայլուրով չանդրադարձան:

Եթե երգի միջազգային այս մրցույթի նկատմամբ ձեւավորված է որոշակի կարծիք կապված «Կոնչիտային» սինդրոմի կամ անարդարության որոշ դրսեւորումների հետ, եթե չկա այս գործում պետական նախանձախնդրություն, ուրեմն եկեք չմասնակցենք: Իսկ եթե մասնակցում ենք, ուրեմնՙ բարի լինենք մասնակցել այնպես, որպեսզի կարողանանք պահպանել ազգի դեմքը միջազգային մեծ լսարան ունեցող եվրոտեսիլյան բեմում:

Ռուսաստանում այս գործին լծված են ամենահեղինակավոր երաժիշտներ: Ամբողջ տարի «Գոլոս» հեռուստաշոուի միջոցով տաղանդներ են հայտնաբերվում եւ նրանցից լավագույնն է գնում Եվրոտեսիլ: Այլ է պատկերը մեզ մոտ: Էլ չեմ ասում մեր հակառակորդ երկիրՙ Ադրբեջանի մասին, ուր վաղուց ի վեր այս մրցույթին տրվում է Ղարաբաղյան խնդրից ոչ պակաս կարեւորություն եւ ներդրված ջանքերն արդյունք են տալիս:

Երբ 2012-ի դեկտեմբերին հայտնի դարձավ Բաքվում առաջին Եվրոպական օլիմպիական խաղեր անցկացնելու լուրը, մեզանում շատերը երեւի «ականջներին չհավատացին»: Դեռ այն ժամանակ պետք էր որոշել այդ խաղերում մեր մասնակցել -չմասնակցելու հարցը եւ սկսել լրջորեն նախապատրաստվել: Մասնակցելու որոշումը կայացվեց եվրոխաղերի մեկնարկից մի քանի ամիս առաջ, երբ նախապատրաստման համար գրեթե ժամանակ չէր մնացել: Եվ եղավ այն ինչ եղավ: Պարտությունների «շքահանդես»:

Իսկ սկսել էր պետք հոգեբանական պատրասվածությունիցՙ յոգա-մեդիտացիայից, ինչը օգնում է մարզիկին կենտրոնացնել միտքն ու ուժերը եւ չենթարկվել արտաքին խանգարիչ ազդակներին: Հանգամանք, ինչը շատ անհրաժեշտ էր մեր մարզիկներին Բաքվի մրցաելույթներում: Ի դեպ, յոգան շատ է օգնում ծանրամարտում, երբ մարզիկը դեմ առ դեմ կանգնած է հանդիսատեսի առաջ:

Պետք է ընդունենք, որ Ալիեւը հայկական մասով հասավ իր առջեւ դրված խնդրին, այն էՙ «ջրափոսի» մեջ նստեցնել հայերին: Այո, տպավորությունն այդպիսին էր: Այս մարտահրավերը, սակայն, իմն ու քոնը չէ, սա ներկայումս Հայաստանի կառավարման ղեկին գտնվող պետական այրերինն է, որոնք պարտավոր էին պահպանել ազգի դեմքը Բաքվի օլիմպիադայում:

Նավթադոլարներ չունենք: Սակայն ունենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների մեծաթիվ խորհուրդ, որի անդամներին, որպես առանձնակի կարեւորության հարց, կարելի էր առաջարկել հովանավորել սպորտային այս կամ այլ ոլորտըՙ հասցնելով այն միջազգային չափանիշների: Ինչո՞ւ Ռուսաստանի դրոշի տակ մարզվող հայը առաջին ոսկե մեդալակիրը եղավ Բաքվում, իսկ Հայաստանից գնացողներըՙ ոչ: Ուղղակի մարզման համար պայմաններ են պետք: Լավ ըմբիշ լինելու համար պետք է լինել նաեւ ծանրորդ, լողորդ, վազորդ, ցատկորդ... Համենայն դեպս, շնորհակալություն Միհրան Հարությունյանին եւ բոլոր մեր մարզիկներին, որ գնացին Բաքու: Նրանք արեցին ամեն հնարավորը...

Տեսնենք 2016-ին Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում ինչ արդյունք կունենանք:

Նյու Յորք

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015

AZG Daily #2, 18-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ