RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒՄ

Տեղադրվել է` 2015-07-10 10:08:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1170, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ՆՅՈՒ ՋԵՐԶԻԻ «ՇՈՒՇԻՆ» ՄՈՍԿՎԱՅԻՑ ՀԵՏՈ ԿՐԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՄԵՐՈՒՄ

Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի աջակցությամբ Նյու Ջերզիի (ԱՄՆ) «Շուշի» հայկական ազգագրական համույթը օրերս փայլուն ելույթ ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքի բեմերից մեկում, արժանանալով հիմնականում մոսկվահայերով լեցուն դահլիճի խանդավառ ծափահարություններին:

«Շուշի» համույթն իր ավելի քան 80 պարող-պարուհիներով, իրենց ղեկավարների ու պատվիրակության մյուս անդամների հետ միասինՙ շուրջ 120 հոգի, միշտ Արա Աբրահամյանի հոգածությամբ, Մոսկվայից հետո ամսի 4-ին հանդես եկավ արդեն երեւանյան գլխավորՙ Օպերայի բեմում: Համերգն ընդունվեց նույն խանդավառությամբ, ինչը նշանակում է, որ հանդիսատեսը տպավորվել էր խմբի նախորդՙ հայաստանյան ելույթներից: Երեւանյան համերգից երեք օր անց, հուլիսի 7-ին խումբը մեկնեց Արցախՙ համերգային շրջագայության:

Մինչ Արցախ մեկնելը, երկուշաբթի օրը, «Շուշին» իր ողջ անձնակազմով եւ ուղեկցող պատվիրակությամբ հյուրընկալվեց «Փարվանա» ռեստորանային համալիրում, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրավերով, որոնց ներկայացուցիչները ներկա էին խնջույքին: «Շուշիի» երիտասարդներն ու պատանիները ինչպես միշտ, խանդավառ էին հայրենի հողում, Հրազդան գետի ափին, իրենք իրենց զգում էին ամենահարազատ միջավայրում, պարում էին աշխույժ եւ անդադրումՙ մինչեւ կեսգիշեր, մինչեւ կազմակերպիչների կրկնվող հրավերներըՙ ավտոբուսներ նստելու:

Խնջույք-ընդունելության ժամանակ մասնակիցներին ողջունեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը: Նա գովեստի խոսքեր չխնայեց քաջալերելու համույթի անդամներին ու ղեկավարներին, վստահեցնելով, որ նրանց գործունեությունն ունի ոչ միայն հայապահպանական բնույթ, այլեւ հայ պարարվեստն ու ընդհանրապես մշակույթը օտարներին ծանոթացնելու վսեմ առաքելություն:

«Շուշի» պարային համույթի պատմությունից

«Շուշի» պարախումբը հիմնվել է 1992 թվականին: Մի խումբ պատանիներից բաղկացած պարային համույթը, որը Հայաստանի սահմաններից դուրս ներկայացնում էր հայ մշակույթը, 1995թ-ին Շուշի քաղաքի ազատագրման երրորդ տարեդարձի առիթով անվանվեց «Շուշի» հայկական պարախումբ:

Այսօր` 15 տարի անց, խումբը մեծ ճանաչում է ձեռք բերել: Այն բազմաթիվ հյուրախաղեր է ունեցել տարբեր երկրներում` ըստ արժանվույն ներկայացնելով հայ արվեստն ու մշակույթը: Համույթը բաղկացած է դպրոցահասակ երեխաներից, ուսանողներից ու երիտասարդ պրոֆեսիոնալներից: Խմբի 110 պարող-պարուհիների մեծ մասն ամերիկաբնակ հայ երիտասարդներ են, որոնք ամեն շաբաթ հավաքվում են փորձեր անելու: Համույթի գեղարվեստական ղեկավարն ու խորեոգրաֆը փորձառու պարուսույց Սեդա Փասքալյան-Քանթարճյանն է:

Սեդան պարարվեստով սկսել է զբաղվել վաղ հասակից, երբ ապրում էր Լիբանանում: Նույն ընտանիքում նրա եղբայրըՙ Երեւանի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտ Սարգիս Փասքալյանը եղել է ՀԲԸՄ-ի ՀԵԸնկերակցության «Անդրանիկ» պարախմբի ղեկավարը եւ մենակատարը, իսկ հետագայում, արդեն Մ. Նահանգներումՙ ՀԲԸՄիության պարի անսամբլի խորեոգրաֆը: Տեղափոխվելով ԱՄՆ` Սեդան նույն խանդավառությամբ շարունակեց ոչ միայն պարել, այլեւ երիտասարդներին ուսուցանել իր արվեստը: Համույթի յուրաքանչյուր ելույթ հայրենիքի եւ նրա մշակույթի նկատմամբ մասնակիցների սիրո եւ նվիրումի վառ դրսեւորումն է:

Համույթը բազում ելույթներ է ունեցել թե հայ եւ թե օտար հանդիսատեսի առջեւ, այդ թվում` Հայաստանում, Ղարաբաղում, Կանադայում, ԱՄՆ տարբեր նահանգներում: Հիշարժան էին հայրենիքում կայացած համերգները` նվիրված քրիստոնեության ընդունման 1700 ամյակին (2000թ., Խոր Վիրապում) եւ Մեծ եղեռնի 90-րդ տարելիցին (2005թ. մայիսին):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ