RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015



ՏՈՆ ԾԻՐԱՆԻ

Տեղադրվել է` 2015-07-10 10:08:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 986, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 5

«ԾԻՐԱՆԻ ՕՐ» ԿԱՄ «ԾԻՐԱՆԱՏՈՆ»

ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Մշակույթի հայկական ֆոնդը մշակութային բազմաճյուղ ու բազմաբովանդակ կառույց է Հայաստանի Հանրապետությունում: Հիմնադրվել է 1987 թվականին եւ արդյունավետորեն, հիմնականում հասարակական հիմունքներով գործում է ցայսօրՙ սերտորեն համագործակցելով ՀՀ Գրողների միության, ինչպես նաեւ մշակութային այլ կազմակերպությունների, արվեստի տարբեր օջախների, գիտության, կրթության ու մշակույթի զանազան ոլորտների անվանի մարդկանց հետ: 1994 թ.-ից մինչ այժմ նրա վարչության անփոփոխ նախագահը բանաստեղծ, գեղանկարիչ, հրապարակագիր Արեւշատ Ավագյանն է: Մշակույթի հայկական ֆոնդը նրա ղեկավարությամբ հետեւողականորեն կազմակերպում ու անցկացնում է բազմաբնույթ ու բազմաթեմա միջոցառումներ, որոնց ակտիվորեն մասնակցում են գրողներ, երաժիշտներ, գեղանկարիչներ, մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Մասնակիցների կազմը շարունակ աճում ու ընդլայնվում է: Միջոցառումները տեղի են ունենում յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին:

Նպատակից դուրս է նրա գործունեության տարբեր կողմերի մասին խոսելը, քանի որ դրանք համառոտ գծերով արտացոլվել են տողերիս հեղինակի «Մշակույթի լուսեղեն ճանապարհով» վերնագիրը կրող ակնարկում (տե՛ս «Ազգ» թերթի 2013 թվականի հուլիսի 24-ի համարը):

Հիշյալ հոդվածում համառոտ նշվել է, որ բնությունը, ծառը, ծաղիկը, բերքն ու բարիքը նույնպես գտնվում են Մշակույթի հայկական ֆոնդի ուշադրության կենտրոնում: Բնությունն իր հրաշքներով մարդու գոյության ու կենսական անհրաժեշտության ամենահիմնական աղբյուրն է: Բնությունը մի տեսակ աստվածութուն է, իրական աստվածություն, որին պետք է պահել, պաշտպանել, հարստացնել եւ ոչ թե ավերել, ոչնչացնել, ինչպես չար ու անգիտակից ուժերի կողմից դրսեւորվում են մեր բնաշխարհի տարբեր կողմերումՙ վտանգելով բնությունը, հետեւաբարՙ նաեւ մարդու կյանքը: Մինչդեռ բնությունը սրբություն սրբոց է: Բնավ պատահական չէ, որ բնության բոլոր տարրերըՙ բուսական ու կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցչիները, առարկայացվել, անձնավորվել են արվեստի, գեղանկարչության, երաժշտության, ճարտարապետության, մանավանդ գեղարվեստական գրականության տարբեր ժանրերի ստեղծագործություններում: Օրինակՙ մենք հայերս, առարկայացրել, ազգային ինքնության եւ ինքնագոյության ու հավերժության խորհրդանիշներ ենք դարձրել Մասիսը, մայր Արաքսը, Արածանինՙ Եփրատի վտակը...

Խաղողի ողկույզները, մրգերի այլեւայլ տեսակները, արծիվը, աղավնին, առյուծը, արեւը եւ բնության բազմապիսի այլ երեւույթներ հայ ազգային ճարտարապետական կոթողների հիմնական բաղադրիչներն են, որոնք միտք ու բովանդակություն են արտահայտում եւ անօտարելի են մարդուց: Մարդն ու բնությունը հավերժական ու անբաժան փոխհարաբերության մեջ են միմյանց նկատմամբ:

Բուսական աշխարհի նկատմամբ սերն ու պաշտամունքը գալիս են անհիշելի ժամանակներից, դարերի հեռուներից:

Այս դատումները ես կատարեցի, որ ընդգծեմ Մշակույթի հայկական ֆոնդի վարչության «Ծիր կաթին» գիտամշակութային միավորման որդեգրած ոլորտներից մեկըՙ բնապահպանությունը, որ առարկայացված արտահայտվում է հաճախակի եւ հատկապես յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ինՙ «Ծիրանի օր» կամ «Ծիրանատոն» կազմակերպելով ու անցկացնելով:

Արդեն երրորդ տարին է, ինչ կայուն ավանդույթի է վերածվել «Ծիրանի օր» կամ «Ծիրանատոն» միջոցառումը, որ անցկացվում է Մշակույթի հայկական ֆոնդի վարչության նախագահ Արեւշատ Ավագյանի գեղատեսիլ այգում: Այդ այգին զբաղեցնում է մի քանի հեկտար տարածք եւ գտնվում է Աշտարակ-Օշական ճանապարհի ձախ հատվածում, Քասախ գետի գեղահրաշ ձորի վերին հարթակում: Այդ ընդարձակ այգին ունի բերքատու տարբեր ծառատեսակներ, որոնց մեջ գերակշռում են հատկապես խորհրդանշային իմաստ ունեցող ծիրանենիները, որոնց թիվը մի քանի տասնյակի է հասնում: Իսկ ավանդությունը վկայում է, որ ծիրանենին տոհմիկ հայկական ծառատեսակ է, որ դարեր ի վեր պաշտամունք ու խորհրդանիշ է դարձել: Արեւշատ Ավագյանի եւ մասնակիցների միահամուռ ցանկությունն է, որ յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ը պաշտոնապես համարվի «Ծիրանի օր» կամ «Ծիրանատոն» եւ հատուկ արարողակարգով նշվի Հայաստանի բոլոր վայրերում:

Այս տարվա հուլիսի 1-ի արարողության մասնակիցների թիվն անցնում էր 8 տասնյակից: Մասնակիցները, որոնք Երեւանից էին, Արարատի եւ Արագածոտնի մարզերի տարբեր գյուղերից ու քաղաքներից, նախքան բուն արարողությունն սկսվելը եղան Օշականի եկեղեցում, նրա ձախ թեւի ծիրանիների այգում, ուր տարբեր խաչքարերով քանդակված են հայոց այբուբենի բոլոր տառերը: Մասնակցիները հետո այցելեցին եկեղեցու ներսում գտնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմըՙ խորին հարգանքի ու երախտիքի տուրք մատուցելով հայոց այբուբենի ստեղծողի անմեռ հիշատակին:

Մասնակիցներն այնուհետեւ եղան Արեւշատ Ավագյանի ծիրանեզարդ այգում, ուր Ծիրանի տոնի առթիվ ելույթներ ունեցան Արեւշատ Ավագյանը, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը, բանաստեղծ, երաժիշտ Արսեն Համբարյանը, տողերիս հեղինակը եւ ուրիշներ, որոնք ընդգծեցին հիշյալ տոնի նպատակի դաստիարակչական արժեքը: Այնուհետեւ ծիրանի մասին հնչեցին երգեր, բանաստեղծություններ, եւ ստեղծվեց ծափերով, ծիծաղով, ուրախություններով լի մի իմաստալից մթնոլորտ: Իսկ չորս կողմերում ժպտում էին բերքով ծանրաբեռ, գուներանգ ծիրանենիները եւ համտեսի ու վայելքի հրավեր կարդում: Եվ բոլորս վայելեցինք անուշաբույր ու քաղցրահամ, առողջարար ծիրաններ... հրապուրվեցինք այգու անզուգական պատկերով: Հիրավի, զգլխիչ է բնությունը: Այստեղ, ներքեւում Քասախի անձեռակերտ ձորն էՙ գետի ջրերի զգլխիչ խաղերով ու երաժշտությամբ, անտառակների նկարչագեղությամբ... Հեռվում հայոց ամենամեծ խորհրդանիշն էՙ բիբլիական Արարատըՙ կարոտած հոգով եւ սպիտակափառ գագաթով, մյուս կողմում, բարձունքներն ի վեր փռված է քառագմբեթ Արագածըՙ Լուսավորչի կանթեղը գրկած: Հակառակ կողմում Արայի սիրունատես լեռն է, դեպի ուր Շամիրամա (այժմՙ Գութանասար) լեռնակատարից հայոց գեղեցկատես Արային սիրահետում էր սիրատարփ Շամիրամ թագուհին...

Այդպես հրապուրիչ են մեր լեռնաշխարհի բոլոր անկյուններն ու խորշերը, գարնանը նորահարսի պես զուգված ու զարդարված, ծաղկած ծիրանիները, հետո արդեն գուներանգ, քաղցրահամ ու անուշահոտ ծիրաններով բեռնված ծիրանիները, բոլոր ծառատեսակներն ու թփերը, ծաղիկների ու խոտերի տեսակները, ամբողջ բնությունըՙ իր բազմազանությամբ ու մեծ ու փոքր բաղադրիչներով:

Եվ այս ամենը բանական ու կատարյալ մարդկանց դարձնում են հլու հպատակներ ու ոգեղենորեն հորդորում սիրել ու պաշտել մայր բնությունը, այն պահել ու պահպանել սրբորեն, երկյուղած սիրով, նաեւ մշտապես հարստացնել հոգատար ձեռամբՙ ի շահ հայրենի երկրի ու ժողովրդի:

Ահա այս է «Ծիրանի օր» կամ «Ծիրանատոն» արարողության, տոնակատարության խորհուրդը խորիմաստ, որ որդեգրել է Մշակույթի հայկական ֆոնդի «Ծիր կաթին» գիտամշակութային միավորումըՙ ձգտելով ամեն տարվա հուլիսի 1-ը պետականորեն դարձնել համահայկական, համազգային տոն, ինչպես «Խաղողօրհնեքի» տոնն է մեր եկեղեցին հիմնել, պահպանել ու պահպանում:

3 հուլիսի, 2015 թ.

Նկար 1. Ձախից աջ` Նելլի եւ Սամվել Մուրադյանները, Արեւշատ Ավագյանը եւ Ռոմա Դալլաքյանը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 10-07-2015

AZG Daily #46, 07-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ