RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015



Տեղադրվել է` 2015-07-21 11:02:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1744, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԲԻԼԴԵՐԲԵՐԳՅԱՆ ԱԿՈՒՄԲԸ ԵՎ... ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաշխարհային գաղտնի կազմակերպությունների մեջ թերեւս ամենահզորը Բիլդերբերգյան ակումբն է: Ավելին, կոնսպիրոլոգներն այն անվանում են Ստվերային համաշխարհային կառավարություն: Եվ սա միֆ չէ:

Այս կազմակերպությունը հիմնադրվել է 1954 թվականին հոլանդական Օստերբեկե քաղաքի «Բիլդերբերգ» հյուրանոցում: Նրա մեջ միավորվում են աշխարհի ճանաչված ու գերազդեցիկ մարդիկՙ գործող ու նախկին նախագահներ, վարչապետեր, նախարարներ, համաշխարհային խոշորագույն ֆինանսական, գործարար, լրատվական հանրակցությունների ղեկավարներ, թագավորներ, թագուհիներ, թագաժառանգներ եւ այլք: Ամենամեծ ներկայացուցչությունն ունեն ամերիկացիներն ու եվրոպացիները, նոր միայն ասիացիները: Ակումբի ամենամյա նիստերին քննարկվում են բառացիորեն աշխարհի ընթացիկ հրատապ գործերը եւ հօգուտ իրենց դրանք լուծելու ուղիները: Քննարկումների ու դրանց արդյունքների վերաբերյալ բացարձակապես ոչինչ չի հրապարակվում կամ մեկնաբանվում: Քար լռություն բոլոր մասնակիցների կողմից: «Բերանբացությունը» խստագույնս պատժելի է, ընդհուպ կարիերայի կորուստը:

Համաշխարհային անցուդարձի վրա ազդեցության իմաստով Բիլդերբերգյան ակումբը համեմատում են G7-ի հետ, սակայն հօգուտ առաջինի: Գերտերությունների ղեկավարները գալիս են ու գնում, իսկ սա գործում է մշտապես եւ ներառում է նաեւ արդեն «նախկին» դարձածներին:

Ակումբի այս տարվա հերթական 63-րդ նիստը տեղի ունեցավ հունիսի կեսին ավստրիական Տելֆս-Բուխեն քաղաքի շքեղագույն հյուրանոցում: Տարբեր տարիների կոնֆերանսներին հրավիրվել են նաեւ Ռուսաստանից, հիմնականում հրեաներիՙ Չուբայս, Յավլինսկի, Կասպարով եւ ուրիշներ: Այս անգամ ներկա է գտնվել հայտնի տնտեսագետ, Ռուսաստանի տնտեսագիտական դպրոցի նախկին ռեկտոր Սերգեյ Գուրիեւը, որը ժամանակին լինելով Միխայիլ Խոդորկովսկու «Յուկոս» նավթային ընկերության աղմկահարույց գործի մասնակից, ճողոպրել է Ֆրանսիա: Գուրիեւը ազգությամբ օս է, սակայն դրսեւորելով եզակի ռուսատյացություն, ռուս նացիոնալիստների կողմից որակվել է որպես «ջհուդ»: Սա մշակել ու Ավստրիայում ներկայացրել է Պուտինից հետո Արեւմուտքի կողմից Ռուսաստանի ոչ ավել, ոչ պակաս զավթման իր պլանը:

Ինչպես ասվեց, նիստի մասնակիցների ելույթները ընթանում են փակ դռների հետեւում: Սակայն ելնելով ակումբի էությունից ու նրա պատմությունից, պաշտոնական օրակարգից, կոնկրետ մասնակիցների ցուցակից, ներկա միջազգային իրավիճակից, ռուս որոշ փորձագետներ փորձել են վերծանել ու գոնե ընդհանուր առմամբ պարզել, թե ինչ է տեղի ունեցել Ավստրիայում:

Գլոբալ այլեւայլ խնդիրների հետ մեկտեղՙ արհեստական ինտելեկտ, աշխարհի տնտեսական կացություն, ահաբեկչություն եւ այլն, այս անգամ քննության առարկա է դարձել 4 երկիրՙ Հունաստանը, Իրանը, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը: Ահա եւ, ռուս փորձագետների ենթադրմամբ, քննարկումների գլխավոր թեմաներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, եղել է Ռուսաստանը, ավելի կոնկրետՙ աշխարհի ուժեղների համար իր ինքնուրույնությամբ գլխացավանք դարձած Վլադիմիր Պուտինը:

Բնական է, որ բիլդերբերգցիներին չի կարող դուր գալ ուժեղացող Ռուսաստանի հակազդեցությունը Արեւմուտքինՙ Սիրիայում, Ուկրաինայում, նրա «ջերմ» հարաբերությունները Իրանի հետ եւ այլն: Ամենայն հավանականությամբ կոնֆերանսի տեսադաշտից չէր կարող վրիպել Թուրքիան, ու առաջին հերթին Ռուսաստանի հետ նրա մասշտաբային տնտեսական համագործակցությունը գազի բնագավառում: Կնքված գազային գործարքները չեն կարող գոհունակություն պատճառել մոլորակի տիրակալներին: Ահա եւ Ավստրիայում է հայտնվում թուրքական Koc Holding խոշորագույն ընկերության սեփականատեր Մուստաֆա Քոչը: Ինչու հենց նա: Որովհետեւ ազդեցիկ մեծահարուստը աջակցում է հակաէրդողանական ընդդիմությանը: Հազիվ թէ էքսպրոմտ էր, որ կոնֆերանսի մասնակից Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը շատերի համար անսպասելիորեն ճանաչեց հայերի ցեղասպանությունը: Պետք է սրել թուրք-եվրոպական առնչությունները, հասկացնել Թուրքիային, որ Ռուսաստանի հետ մերձեցումները փակում են Եվրոմիության դռները նրա առջեւ:

Իսկ հիմա մեր սիրելի Հայաստանի մասին: Ոչ, ոչ, Սերժ Սարգսյանի որեւէ հակառակորդ, էկզոտիկ մականունով որեւէ հայ օլիգարխ չէր հրավիրվել «գորշ կարդինալների» համաժողովին: Առավել եւս ընդարմացումից զարթնած հայ երիտասարդների ներկայացուցիչներ: Ըստ ռուս քաղաքագետներ Բելոուսի, Կասատոնովի վարկածի, կոնֆերանսից մեկ շաբաթ հետո բռնկած հայաստանցի ջահելների ելույթները հազիվ թե կարելի է «ինքնաբուխ» համարել, քանզի նման արագ համախմբումը եւ ամենայն աջակցությունը այն վերածելու գունավոր հեղափոխության անհնարին է առանց արտաքին միջամտության:

Եղե՞լ է Հայաստանը շահագրգռության առարկա Ավստրիայում, ոչ ոք չգիտի: Սակայն եթե եղել է նման բան, ապա բիլդերբերգցիները պիտի ընդունեն իրենց անփառունակ... պարտությունը: Հարված հասցնել Ռուսաստանին նաեւ Հայաստանիՙ նրա ստրատեգիական դաշնակցի գունափոխման միջոցով, անհեռանկար է: Եվ ոչ թե Ռուսաստանի պատճառով: Աշխարհի հզորները պիտի հասկանան, որ որեւիցե հուզում Հայաստանում, անկախ պրոֆիլից, երկրի ղեկավարությունն ընկալում է որպես սոսկ նենգաբարո փորձ խարխլելու իրենց գահակալման հիմքերը: Այդպես ընկալվեցին նույնպես միամիտ ու անփորձ ջահելների «շախով-շուխով» գործողությունները: Իսկ իշխանապահության, իշխանավայելչության դեմ յուրաքանչյուր ընդդիմության շարքից հանելու ասպարեզում հայոց տեղական հզորները իրենց հավասարը չունեն երեւի ողջ աշխարհում: Վերջիվերջո Հայաստանը ինչ-որ Լիբիա չէ: Ճիշտ է, այս անգամ մեկուսացման գործողությունները իրականացվեցին անհամեմատ «քաղաքակրթորեն»: Դե, հունիսը մարտ չէ: Եթե մոռանանք ջրաշիթերը, ապա դեռ երկար հուզմունք կապրենք, վերհիշելով, թե քաջարի հայ ոստիկանները Բաղրամյան մարտադաշտից ի՜նչ գթասրտությամբ, ի՜նչ հոգեպարար գրկախառնություններով էին հեռացնում մարող էներգիայով երիտասարդներին:

Մոսկվա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ