RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015



ԲԱՆԱԿՑԱՅԻՆ

Տեղադրվել է` 2015-07-21 11:02:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1308, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 6

«ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»ՙ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՓՈԽԶԻՋՈ՞ՒՄ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին անդրադառնալու գրեթե բոլոր ոչ պաշտոնական առիթների պարագայում մեկ միտք հստակորեն ու համառորեն ներկայացվում է հայկական կողմերի տարբեր մակարդակի ներկայացուցիչներին, թե Արցախի շուրջն անվտանգության գոտին կազմող շրջանները պետք է վերադարձվեն:

Ասվածում ոչ մի կերպ նորություն գտնել չի լինի, քանի որ առաջին անգամ չէ, որ այս միտքը մեջտեղ են բերում, ավելինՙ հաճախ ուղղակի խորհուրդ են տալիս, թե պետք է պատրաստվել տարածքների վերադարձին, այլապես բանակցություններին մասնակցող պաշտոնական կողմի համար դժվարագույն հարց կլինի դրանց վերաբերյալ որոշման կայացումը: Լրատվամիջոցներին ու լրագրողներին եւս ուղղակի-անուղղակի խորհուրդ է տրվում աջակցել, մասնակցել հասարակությանը նախապատրաստելու գործին:

Հերթական անգամ տարածքների հարցն արդիականացել է հուլիսի 14-ին «Վեդոմոստի» պարբերականում Ռուսաստան այցելության ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հարցազրույցի համատեքստում: Ըստ այդմ, նախ համանախագահները հուլիսի վերջին ծրագրում են այցելել Լեռնային Ղարաբաղ, լինելով միասնական ու հաստատակամՙ կարգավորման ուղիների որոնման հարցում:

Հարցին, թե ներկա դրությամբ բանակցությունների ընթացքում ինչ հարցեր են քննարկվում, Ուորլիքը արձագանքել է. «Հարցերի զգալի մասը տասնյակ ու ավել տարիներ է քննարկվում... Մենք կարգավորման կոնկրետ սկզբունքների ու տարրերի մասին ենք խոսում: Դրանց մեծ մասը հիմնվել է ժամանակին նախագահ Մեդվեդեւի կողմից: Խոսքն այն ժամանակ եղածը շարունակելու մասին է: Մենք չենք փորձում նոր հարցեր ու նոր մոտեցումներ հնարել: Քննարկումը փորձում ենք տանել արդեն իսկ ձեռք բերվածի հիման վրա: Դա վերաբերում է մի շարք կարեւոր հարցերի: Դրանցից են Լեռնային Ղարաբաղի շուրջը գտնվող տարածքների վերադարձը, ԼՂ կարգավիճակը, փախստականների հետ իրավիճակը, անվտանգության երաշխիքները»:

Ասվածի մեջ ոչ մի արտառոց բան չկա, քանի որ առաջին անգամ չէ այս հարցը այս ձեւակերպմամբ ներկայացվում: Այլ բան է, որ այս մասին գնալով ավելի ու ավելի հաճախ են շեշտադրումներ անում, ընդ որումՙ պարտադիրի մակարդակի բարձրացված հնչերանգներով: Մասնավորապես, Ուորլիքը հարմար է գտել շեշտելու, թե «գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակՙ համալիր կարգավորման շրջանակներում»:

Վերջին միտքն է փորձում շեշտել ամերիկացի համանախագահը այն մոտեցմամբ, թե տարածքների վերադարձն էլ պետք է դիտարկել հարցի համալիր կարգավորման եւ ոչ թե առանձին վերցրած դրույթի հիման վրա: Իսկ հայկական կողմերի մտահոգությունը, թե տարածքների վերադարձի դեպքում ադրբեջանական բանակը կրակի տակ կարող է առնել Արցախը, Ուորլիքը արձագանքել էՙ հիշեցնելով բանակցային գործընթացում քննարկվող մեկ այլ հարցիՙ անվտանգության երաշխիքների մասինՙ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, իսկ թե ում կատարմամբՙ դեռ պետք է քննարկել:

Ստեփանակերտից Ուորլիքին արձագանքել են, ի դեմս ԼՂ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի , թե «պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում մնացել է անփոփոխ. կարեւորագույն առանցքային ուղղությունն այն է, որ վերացվեն հակամարտության պատճառները եւ ոչ թե հետեւանքները»: «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Բաբայանը նաեւ նշել էր, որ եթե փորձ է արվում հետեւանքներին անդրադառնալ առանց պատճառները հաշվի առնելու, սա լավ բանի չի բերելու: Նրա խոսքով, այն պարագայում, երբ Արցախի կարգավիճակի վերջնական քաղաքական լուծում չկա, ապա տարածքների վերադարձի կամ այլ հարցերի վերաբերյալ խոսել հնարավոր չէ: Ավելին, «սահմանների փոփոխության հարց չի կարող լինել հենց միայն այն պատճառով, որ դա Արցախի ժողովրդի անվտանգությունը չի կարող երաշխավորել»:

«Ո՞նց եք պատկերացնում, ո՞նց կարող է հակառակորդը նորից վերահսկողություն հաստատել Քարվաճառի վրա, որտեղ սկիզբ են առնում մեր գետերը, որտեղ սկիզբ են առնում Արփա, Որոտան գետերը եւ սնում Սեւանա լիճը, որը Հայաստանի ջրային պաշարների 80 տոկոսն է ապահովում», ասել է Բաբայանը: Խաղաղապահների մասով էլ ավելացրել է. «Այսքան տարի սահմանը պահում ենք առանց խաղաղապահների եւ շատ նորմալ, որեւէ խնդիր չկա, շատ ավելի կայուն է, քան շատ հակամարտ գոտիներում»:

Ամեն դեպքում, Ուորլիքը ասվածից զատ պատերազմի վտանգ էլ է տեսնում: Մինսկի գործընթացի ձեռքբերում ներկայացնելով քննարկման, երկխոսության հնարավորությունըՙ Ուորլիքը իր հարցազրույցում նշել է, թե իսկապես մեծ հիասթափություն կա հենց տարածաշրջանում, քանի որ զինադադարի ռեժիմն ամբողջությամբ չի պահպանվում: «2014թ.-ը շատ վտանգավոր տարի էր, քանի որ բախումների հետեւանքով եղան ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական զոհեր: 2015թ. հունվարը կարգավորման ամենավտանգավոր պահերից էր 20 տարվա կտրվածքով... ուստի բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս հակամարտությունը կարող է ընդլայնվել»: Ըստ Ուորլիքի, սխալ հաշվարկների կամ բախումների հետեւանքով կարող է հակամարտությունը ընդլայնվել:

Այս ամենով հանդերձՙ համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում են նախապատրաստումՙ «գոնե այս տարվա ընթացքում»: Եվ եթե հաշվի առնենք, որ տարբեր հարցերի շուրջը տարաձայնություններ ունեցող Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձեւաչափը եզակի մոտեցում է, ուրեմն Ուորլիքի ասածներին պետք չէ վերաբերվել որպես միայն ամերիկյան կողմի դատողություններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ