RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17 > #028, 2015-07-24 > #029, 2015-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015



Տեղադրվել է` 2015-07-21 11:02:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 966, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԻՐԱՆԸ ԵՎ «ՎԵՑՅԱԿԸ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ

Պ. Ք.

Վիեննայի բանակցություններում Իրանը եւ «վեցյակի» երկրները (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) պատմական համաձայնության են եկել իրանցիների միջուկային ծրագրի հետ կապված բոլոր հարցերում: Սպասվում է, որ պատժամիջոցների վերացման շնորհիվ Իրանը վերստին կարեւոր տեղ կզբաղեցնի էներգակիրների շուկայում: Սակայն Իրանին զենքի մատակարարումների արգելքը ուժի մեջ կմնա եւս 5 տարի. դա կխանգարի մասնավորապես ռուսական C-300 հրթիռահամակարգի մատակարարմանը, նշում է «Գազետա.ռու» կայէջը:

Ձեռք բերված համաձայնությունը ՄԱԳԱՏԷ-ին հնարավորություն է տալիս տեսչական ստուգումներ անցկացնել Իրանի բոլոր միջուկային օբյեկտներում:

Փաստաթղթի ընդունումը ողջունել են մասնավորապես ԵՄ արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ այլ ղեկավարներ:

Իրանական միջուկային օբյեկտներում ուրանի հարստացման մակարդակը պետք է իջեցվի 5 տոկոսի: Ավելի շատ հարստացված ուրանի բոլոր պաշարները պետք է վերամշակվեն, իսկ հարստացման համար նախատեսված ցենտրիֆուգները պետք է ոչնչացվեն: Իրան այցելող ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների թիվը կավելանաՙ հասնելով 130-150-ի: Համաձայնագրի նախագծում ասվում է, որ Իրանը կթույլատրի այն երկրների տեսուչների մուտքը, որոնց հետ Թեհրանն ունի «օրինական» դիվանագիտական հարաբերություններ:

Տեսուչները կկարողանան Նաթանզ քաղաքի ուրանի հարստացման օբյեկտներ եւ «Ֆորդո» գործարան այցելել ամեն օր, իսկ Արակի համալիրՙ ամսական առնվազն մեկ անգամ: Իրանը պարտավոր է ռեակտորը վերակառուցել այնպես, որ պլուտոնիումի արտադրությունը դառնա անհնար: Փաստաթուղթն Իրանին արգելում է համանման ռեակտոր կառուցել առաջիկա 15 տարում:

Անցյալ շաբաթ Իրանը եւ «վեցյակը» պայմանավորվել էին, որ բանեցված միջուկային վառելիքը վերամշակման է ուղարկվելու Ռուսաստան:

Համաձայնագրի ստորագրումը Իրանին թույլ կտա վերսկսել իր նավթաքիմիական արտադրանքի արտահանումը: Ներկայումս իրանցիները փոքր քանակությամբ նավթ են արտահանում սեփական կարիքները բավարարելու համար: 2002 թ. ԱՄՆ-ի ու Եվրոմիության հաստատած նավթային բեռնարգելքի պատճառով Իրանն ամսական կորցնում էր 4-8 մլրդ դոլար: Պատժամիջոցների հաստատումից առաջ Իրանը Ռուսաստանի եւ Սաուդյան Արաբիայի հետ նավթ արտահանող երկրների առաջատար եռյակում էր:

Իհարկե, պատժամիջոցներն անմիջապես չեն վերացվի, քանզի ԱՄՆ-ում համաձայնագիրը պետք է հաստատեն Կոնգրեսի զույգ պալատները, որտեղ գերիշխում են հանրապետականները: Նրանց մեծ մասը դեմ է պատժամիջոցների վերացմանը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն իր հերթին կոնգրեսականներին կոչ է արել կասեցնել գործարքը, անվանելով այն «զիջումների գործընթացություն»:

Սպիտակ տունը հայտարարել է, որ եթե Իրանը խախտի գործարքի պայմանները, ապա պատժամիջոցները կվերականգնվեն:

Իրանի միջուկային ծրագրին առնչվող պատմական համաձայնագրի ստորագրումը կազդի ամբողջ Մերձավոր Արեւելքի քաղաքական, տնտեսական եւ սոցիալական իրադրության վրա: Eurasa Group հետազոտական եւ խորհրդատվական ընկերության նախագահ հայտնի քաղաքագետ Իեն Բրեմմերը համոզված է, որ փաստաթուղթն ամրապնդում է Իրանի դիրքերը Մերձավոր Արեւելքի հարափոփոխ տարածաշրջանում, որի սուննի պետությունները կզգուշանան Թեհրանի ազդեցության աճից: Իեն Բրեմմերը իր ֆեյսբուքյան էջում խոսում է երեք գլխավոր հետեւանքների մասին:

Ամերիկացի քաղաքագետը ընդգծում է, որ Իրանը սովորական նավթային պետություն չէ: Իրանցիները ներդրողներին առաջարկում են բազմաբնույթ տնտեսությունՙ կապիտալների կայուն ու զարգացած շուկայով: 80 միլիոնանոց երկիրը երկրորդ տեղն է զբաղեցնում տարածաշրջանում: Աշխարհում նավթի հետախուզված պաշարներով զբաղեցնում է 4-րդ, գազի գծովՙ 2-րդ տեղը: Ներդրողներին կհետաքրքրեն Իրանի նաեւ զբոսաշրջության, դեղագործության եւ սպառողական ապրանքների արտադրության ոլորտները: Եվրոմիության հետ Իրանի առեւտրի ծավալը առաջիկա տարիներին կարող է քառապատկվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 17-07-2015

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ