RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-21 21:07:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 937, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 2

«ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐՆ» ԸՆԴԴԵՄ «ՊՈՂՈՍՅԱՆՆԵՐԻ»

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Սահմանադրական բարեփոխումների հետ կապված երկու լավ բան արդեն իսկ տեղի է ունեցել: Նախՙ մեր որոշ պատգամավորներ սկսել են կարդալ: Ճիշտ է, որպես իրենց առաջին գիրք, շատ բարդ բան են վերցրել` սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ինչն անչափ բարդ է հասկանալ-ըմբռնել, եթե դու չես կարդացել, ենթադրենք Դյումայի` «Կոմս Մոնթե Քրիստո»-ն, բայց սա խոսակցության այլ թեմա է: Երկրորդ լավ բանը մեր որոշ պատգամավորների համակարգչային գիտելիքների առաջացումն է. մասնավորաբար նրանք սկսել են սահմանադրության փոփոխությունների նախագիծն իրար իմեյլով ուղարկել, ինչն անելու համար համակարգչային տարրական գիտելիքներ են պետք: Իհարկե այս վերջինը հատկապես մեր պատգամավորներից ոմանք անձամբ չեն անում (բա էլ ինչո՞ւ են օգնականներ պահում), անշուշտ մեր որոշ պատգամավորներ անգամ սահմանադրության նախագիծն անձամբ չեն կարդում-կարդացել (բա էլ ինչո՞ւ են օգնական պահում), այլ իրենց պատմել են, բայց մի պահ պատկերացնենք, որ մեր այդ որոշ պատգամավորներն անձամբ են կարդացել տեքստը եւ այն անձամբ են ուղարկում իրար: Սա պատկերացնելն անչափ կարեւոր է, քանի որ, հակառակ պարագայում այս պահին որեւէ լավ բան չենք կարող ասել սահմանադրական փոփոխությունների մասին:

Օրինակ, որպեսզի Հայաստանի քաղաքացին կարդա առաջարկվող նախագիծը, իսկ այստեղ շատ կարեւոր է իմանալ, թե նախագիծն առաջարկվում է ոչ թե քաղաքական գործիչներին, այլ հենց Հայաստանի քաղաքացուն, նա պետք է նախ մտնի Google որոնման համակարգ, այնտեղ գրի` «սահմանադրական փոփոխություններ», ապա բացված պատուհաններից ընտրի կա՛մ ՀՀ արդարադատության, կա՛մ ԱԺ-ի պաշտոնական կայքերը, մտնի այնտեղ, այնտեղ էլ` այդ կայքերի որոնման համակարգով նորից փնտրի «սահմանադրական փոփոխություններ», նոր միայն կբացվի փաստաթուղթը եւ ՀՀ քաղաքացին հնարավորություն կստանա ծանոթանալու դրան` ինքնուրույնաբար: Մինչդեռ, դարն այնպիսին է, որ կարելի էր բացել (թեկուզ ժամանակավոր) սահմանադրություն անունով կայք, այնտեղ ներբեռնել նախագիծը, հասցեն դարձնել հանրամատչելի, եւ քաղաքացիներն այլեւս դժվարություն չէին ունենա նախագիծը փնտրելու գործում:

Հիմա, Հայաստանի քաղաքացին ունի ոչ միայն այդ դժվարությունը: Բանն այն է, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանի քաղաքացիները գնալու են հանրաքվեի եւ «այո» կամ «ոչ» են ասելու մի փաստաթղթի, որին խորապես տեղյակ չեն: Այսինքն, այս պահին երկրում կա երկու քաղաքական հոսանք` նրանք, ովքեր կողմ են փոփոխություններին եւ նրանք, ովքեր դեմ են փոփոխություններին: Առաջինները քաղաքացիներին բացատրում են, թե ինչու է պետք կողմ լինել, երկրորդները, հասկանալի է, անում են հակառակը: Արդյունքում քաղաքացին, անշուշտ, իմանում է, որ ենթադրենք Պողոսյան Պողոսը կողմ է սահմանադրությանը, իսկ այ Պետրոսյան Պետրոսը` դեմ, բայց չի իմանում, թե այդ ի՞նչ է գրված այդ նախագծում: Այսինքն քաղաքացին հանրաքվեում իր ընտրությունը կատարելու է ոչ թե ելնելով առաջարկվող տեքստին իր վերաբերմունքից եւ գնահատականից, այլ Պետրոսի եւ Պողոսի հանդեպ ունեցած իր վերաբերմունքից: Եթե հարգում է Պետրոսին, ապա` «ոչ» է ասելու, եթե Պողոսին` ապա «այո» է ասելու:

Մինչդեռ կարելի էր սահմնադրական փոփոխությունների քարոզարշավից առաջ, հաշվի առնելով նախագծի համընդհանուր նշանակությունն ու կարեւորությունը, ոչ թե քաղաքացիներին ներկայացնել սեփական տեսակետները նախագծի շուրջ, այլ բո՛ւն նախագիծը, թողնելով, որ քաղաքացին ինքը որոշի:

Շուտով կմեկնարի սահմանադրական փոփոխությունների պաշտոնական քարոզարշավը, այսինքն «Պետրոսյաններն» ու «Պողոսյանները» արդեն կանցնեն ժողովրդի հետ անմիջական շփման: Մինչ այդ դրա կարիքը չկար, որովհետեւ ժողովրդի հետ անմիջականորեն աշխատելու կարիք չի լինում, ի տարբերություն ժողովրդին ասելու, որ ճիշտ մենք ենք, իսկ ով մեզ հետ չէ... Դե դուք հասկացաք, ի տարբերություն սահմանադրական առաջարկվող նախագծի: Արդյունքում էլ քաղաքացին ականատեսն է լինելու ոչ այնքան սահմանադրական հանրաքվեին, որքան նրան, թե ինչպես են «Պետրոսյանները» հաղթում «Պողոսյաններին» կամ` հակառակը: Ինչպես միշտ:

Իսկ մինչ քարոզարշավի թեժացումը երեք հարց.

Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողներին. եթե Սահմանադրությունը եւ հետեւաբար դրա փոփոխությունը չի կարող ազդեցություն ունենալ երկրի վիճակի բարելավման եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման վրա (որոնք այս պահին կարեւորագույն հարցերն են, ի տարբերություն սահմանադրական փոփոխությունների), ապա էլ ի՞նչ կարիք կա դեմ լինել նման «անկարեւոր հարցի»:

ՀՀ քաղաքացուն. Դուք տեղյա՞կ եք սահմանադրական փոփոխությունների նախագծի տեքստին: Ոչ թե նրանից, թե ովքեր են կողմ (ինչու են կողմ), ովքեր են դեմ (ինչու են դեմ), այլ հենց տեքստից տեղյա՞կ եք, գիտե՞ք թե մեջն ի՞նչ է գրված:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015

AZG Daily #35, 20-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ