RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-21 21:07:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1001, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵ՞Ր ԵՆ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հոկտեմբերի 12-ին Երեւանում մի շարք քաղաքական, քաղաքացիական, կամ ավելի ճիշտ` կիսաքաղաքական ուժերի աջակցությամբ եւ մասնակցությամբ հիմնադրվեց «Նոր Հայաստան» անունը կրող ճակատը: Այն արդեն ունի իր երկու փոքր, կամ մեկ մեծ նպատակ-նպատակները. արտահերթ նախագահական ընտրությունների կայացում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների կայացում:

Փաստորեն նոր Հայաստանը, ըստ ճակատի հիմնադիր-անդամների, հնարավոր է բացառապես այս երկու նպատակներին հասնելուց հետո, եւ կամՙ երբ երկրում տեղի ունենան արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ` կգա նոր Հայաստանը: Հասկանալի է, որ ճակատի անդամները հենց իրենք են բերելու այդ նոր Հայաստանը եւ ուրեմն նրանք լրիվ նոր, կամ նորացված մարդիկ պետք է լինեն:

«Նոր Հայաստան» ճակատում են «Հիմնադիր խորհրդարանը», «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը եւ ԱԻՄ-ը, սակայն վերջինս բավարարվում է դիտորդի կարգավիճակով: Այսինքն նոր Հայաստանը բերելու են համապատասխանաբար` Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը, Պետրոս Մակեյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ այդ ամենը գրեթե մասնակցության մակարդակի դիտորդելու է Պարույր Հայրիկյանը: Չմոռանանք նաեւ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին, ով նույնպես «Նոր Հայաստան»-ում է:

Սեֆիլյանենք, հիշեցնեմ, դեռ չեն ավարտել Հայաստանի ներսում «ազգային-ազատագրական շարժումը», եւ տրամաբանում եմ, որ նոր Հայաստանը գոնե «Հիմնադիր խորհրդարան»-ի մասով գալու է հենց այդ շարժման հաղթական ավարտից հետո: Հետեւաբար նոր Հայաստան կերտելու ճանապարհին «Հիմնադիր խորհրդարան»-ի վրա դրված է ներհայաստանյան ազգային-ազատագրական պայքարը: Անդրիաս Ղուկասյանի, ով հայտնի է նախագահական վերջին ընտրություններին իր մասնակցությամբ, որի ողջ ընթացքում, հացադուլ արեց, սակայն միայն հացադուլ արեց, տրամաբանում եմՙ պատասխանատու է Հայաստանը ոտքի հանելու եւ ազգային-ազատագրական պայքարի լծելու գործի համար: Դրանից հետո արդեն, ոտքի ելածները պետք է անցնեն Սեֆիլյանի հրամանատարությանը, ով... արդեն ասացինք: Պետրոս Մակեյանի գործը, կրկին տրամաբանում ենք, սկսվելու է ավելի ուշ, երբ Ղուկասյանն ու Սեֆիլյանը հաջողությամբ ավարտեն իրենցը եւ սկսվեն ժողովրդավարական հայրենիք կառուցելու աշխատանքները, ինչի շրջանակներում էլ հավանաբար կարիք լինի նոր Սահմանադրություն գրելու: Հենց այս «հավանաբար»-ի պատճառով էլ Հայրիկյանը դեռ դիտորդի կարգավիճակով է հետեւում այս գործընթացին, քանի որ դեռեւս հստակ չէ, թե «նոր հայաստանցիները» նոր սահմանադրությո՞ւն են գրելու: Եթե որոշեն գրել, ապա Հայրիկյանն անմիջապես կվերաձեւակերպվի «Նոր Հայաստանի ակտիվ անդամ» եւ կղեկավարի նոր Սահմանադրություն գրելու աշխատանքները, դրա հիմքում դնելով իր հեղինակած «Բացարձակ ժողովրդավարություն» գիրքը: Հավատացողներ կլինեն գուցե, նկատի ունեմ` բացարձակ ժողովրդավարություն ասվածին:

Փոքր-ինչ դժվար է պատկերացնել այս գործընթացում Րաֆֆի Հովհաննիսյանի դերը, սա հատկապես դժվար է պատկերացնել, քանի որ պարոն Հովհաննիսյանը առաջին անգամ չէ, որ նոր Հայաստան է խոստանում, ինչին մեռանք սպասելով: Ենթադրում եմ, որ նա կա՛մ աղոթելու է` հանուն շարժման հաղթանակի, կա՛մ էլ լինելու է շարժման գլխավոր ֆինանսական դոնորը, իսկ շարժման հնարավոր տապալման պարագայում ինքն ու Անդրիաս Ղուկասյանը կանցնեն ավանդական հացադուլի:

Ինչ վերաբերում է Հմայակ Հովհաննիսյանին, ապա արդարության համար նկատենք, որ կոնկրետ նրա պարագայում ոչ այնքան շարժումն է շահագրգռված եղել այդ համագործակցությամբ, որքան Հմայակ Հովհաննիսյանն ինքը: Դե, երկրում քաղաքագետները շատացել են, սկսել են չմիանալ Քաղաքագետների միությանը, եւ կամ չընդունել Հովհաննիսյանի նախագահությունը, չլսել վերջինիս, իսկ նա էլ, քանի որ մշտապես խոսելու տեղի կարիք ունի, գտել է այդ տեղը` նոր տեղը «Նոր Հայաստան»-ում:

Դե ինչ, հաջողություն ենք մաղթում վերոհիշյալ պարոններին եւ ոչ միայն նրանց` իրենց նպատակների իրագործման մեջ, իսկ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրում ենք հաջորդ անգամ, երբ «Նոր Հայաստան»-ի հավաք լինի, հետաձգեք Ձեր անձնական գործերը, մի մեկնեք անձնական գործերով ԱՄՆ, քանի որ ամեն մի անձնական գործ ավելի քիչ նշանակություն ունի, քան նոր Հայաստանի ստեղծումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ