RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2015-10-02 > #037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015



Տեղադրվել է` 2015-10-21 21:07:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 766, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎ: ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ՞ ԶԱՎԵՇՏԱԽԱՂ

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

Չնայած դեռ մի տարուց մի փոքր ավելի ժամանակ է բաժանում մեզ Ամերիկայում հառաջիկա նախագահական ընտրությունից, ընտրարշավն, այդուհանդերձ, արդեն լայն թափով առաջ է գնում:

Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնն իր արշավը սկսեց, երբ թողեց պետքարտուղարի իր պաշտոնը: Որոշ փորձագետներ նույնիսկ հավատացած են, որ 2008-ին իր տեղը դժկամորեն Բարաք Օբամային զիջելուց ի վեր նա երբեք էլ չի դադարել պայքարելուց նախագահական պաշտոնի համար: Երեւի դա էր պատճառը, որ նրա վաղ մեկնարկը որոշ իրարանցում առաջացրեց: Նրա անձնական սերվերի պաշտոնական նպատակներով օգտագործման բացահայտումը մինչ օրս հետապնդում է նրան: Լիբիայի եւ Իրաքի տխրահռչակ արկածախնդրություններն էլ մեծապես ազդել են նրա ժողովրդականության վրա եւ նվազեցրել վստահությունը նրա նկատմամբ:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության բնագավառում նրա ռազմատենչ դիրքորոշմանը, կարելի է ասել, որ նա չի տարբերվում սենատոր Ջոն Մկքեյնից: Թվում է, թե նա ամբողջովին կառչած է մնում ռազմաարդյունաբերական համակարգին: Իսկ առավել մտահոգիչն այն է, որ նա ավելի շատ կառչած է քվեներ ստանալու մոլուցքին, քան իսկական իդեալների ծառայելու գաղափարին: Եթե նա Սպիտակ տուն մտնելու ճանապարհը հաղթահարի, Մերձավոր Արեւելքը կզրկվի խաղաղության ամեն մի հնարավորությունից եւ Իսրայելի ու Պաղեստինի համար նախատեսված երկու պետության լուծումն էլ, որին նախագահ Օբաման ձգտում է հասնել նախքան իր պաշտոնավարության ժամկետն ավարտվի, չորս կամ ութ տարով կհետաձգվի: Այդ պատճառով էլ այժմ նա իր ելույթներում ուրիշ հարցերի (ֆինանսական բարեփոխումներ, կանանց կամ ռասսայական խնդիրներ) վրա է բեւեռում մարդկանց ուշադրությունը:

Դեմոկրատական կուսակցության ճամբարում առաջադրված թեկնածուներից (Լինկոլն Չեֆի, Լոուրենս Լեսինգ, Մարտին Օ՛Մալի, Ջիմ Ուեբ) ոչ մեկն էլ չի կարող մրցել տիկին Քլինթոնի հետ ընտրարշավի համար ֆինանսներ հայթայթելու գործում: Փոխնախագահ Ջո Բայդենը դեռ ուսումնասիրում է իրավիճակը, բայց եթե որոշի մասնակցել, հասկանալու է, որ այս տարվա ընտրապայքարը «գիշատիչների» պայքար է, եւ ոչ թե իր նման ազնիվ մարդկանց:

Քլինթոնի ամենալուրջ մրցակիցը Վերմոնտից սենատոր Բեռնի Սանդերզն է, ով Նյու Հեմպշիրի նախնական հարցումներում նրանից միշտ ավելի առաջ է անցել: Սանդերզի հետաքրքրությունները կենտրոնանում են մեծ բանկերի, առեւտրական պայմանագրերի եւ հարուստներին հարկային արտոնությունները զսպելու խնդիրների վրա, եւ երբ նա մի քանի ամիս առաջ հայտարարեց իր թեկնածության մասին, նրա քայլը անհեռանկարային թվաց, քանի որ նա մտավորական է, համոզված սոցիալիստ եւ քաղաքական լուրջ գործիչ, ով թունոտ արտահայտություններ թույլ չի տալիս իրեն եւ փորձում է շտկել երկրի տնտեսության անհավատալիորեն միակողմանի ուղղվածությունը: Հետաքրքրականն այն է, որ նա դեմոկրատական կուսակցության շարքային անդամներից չէ, այլ օտարական, ինչպես իր հակառակորդ Դոնալդ Թրամպն է Հանրապետական կուսակցության համար: Իր առաջին բանավեճի ժամանակ Թրամպը դեռ չէր կողմնորոշվել առաջադրվել որպես անկախ թեկնածու, եւ իր նախորդներիՙ Ռոս Պերոյի եւ Ռալֆ Նադերի օրինակներով, կասկածելի էր թվում, բայց Հանրապետական կուսակցությանը հարելուց հետո նրա ժողովրդականությունը կարծես վերելք է ապրում: Հանրապետական թեկնածուների մեծ ցուցակը քիչ տեղ է թողնում նորահայտ թեկնածուներին: Նրանք իրար հետ մրցում են, թե ով ավելի շատ դեմ կլինի արհեստական վիժումներին, կլիմայական փոփոխությունների եւ այլ ազգերի զարգացմանն ու տգիտության վերացմանն ուղղված քայլերին:

Ռոնալդ Ռեյգանի անվան նախագահական գրադարանում CNN-ի կազմակերպած սեպտեմբերի 16-ի բանավեճում այդ թեկնածուները պարզաբանեցին, թե իրենց կուսակցությունը ինչ կարող է տալ քաղաքացիներին: Բեմի ետնամասում ռազմաօդային ուժերի N1 ինքնաթիռի կրկնօրինակն էր, եւ յուրաքանչյուր թեկնածու, իհարկե, պատկերացնում էր դրանով մուտք գործել Սպիտակ տուն:

Բանավեճը ավելի զվարճացնելու, քան ըստ էության քննարկումների բնույթն ուներ: Թեկնածուները մրցում էին իրեց պատրաստած ելույթներով առավելագույն ազդեցությունը գործել հանդիսատեսի վրա: Օրվա հերոսը, անշուշտ, «Ռեալիտի TV-ի աստղ» բիզնեսմեն Դոնալդ Թրամպն էր, ով սիրում է կատակներ անել, ստեղծելով երբեմն անհարմար իրավիճակներ: Կին թեկնածու Կառլի Ֆիորինայի առաջադրման առթիվ իր կողմից նախապես հնչած նվաստացուցիչ արտահայտությունների վերաբերյալ հարցին, փոխանակ ներողություն խնդրելու, նա հապճեպ պատասխանեց. «Նա գեղեցիկ կին է», որն ավելի ծաղրական հնչեց, քան ակնկալված ներողությունը: Նման անհարմար իրավիճակ ստեղծվեց նաեւ, երբ նրան հարցրեցին Ջեբ Բուշի հասցեին արած իր հայտարարության մասին: Նա ասել էր, որ Մեքսիկայում ծնված իր կնոջ ազդեցության տակ Ջեբը չափազանց մեղմ է վերաբերվում ներգաղթի հարցին: Այս դեպքում էլ Թրամպը անտեսեց իր կնոջը ներողություն հայտնելու Ջեբի առաջարկը:

Մի ոլորտում, սակայն, նա տարբերվեց հանրապետական կուսակցության մյուս թեկնածուներից, որոնք պատրաստ են չեղյալ համարել Իրանի միջուկային զենքի պայմանագիրը եւ աշխարհը պայթեցնել: Ուժեղ ռազմականացված Ամերիկայի կողմնակիցը լինելով նա, այդուհանդերձ, նշեց, որ առաջին հերթին հնարավորություն կտար դիվանագիտությանը (ինչպես Ռանդ Պոլը): Նրա այս մոտեցումը, սակայն, չնպաստեց, որ «Նյու Յորք Թայմսում» չհայտնվի սյունակագիր Դեյվիդ Բրուքսի հոդվածը, որտեղ նա գրում էր. «Նրա եսասիրութունը կարող է հսկայական լինել, բայց քաղաքականությունից նրա անտեղյակությունը անչափելի է: Նա «Օզի կախարդն» է, եւ երբ ինքնագովության շղարշն ընկնում է, ողորմելի մի տեսարան է բացվում (մեր առաջ)»:

Բրուքը նույնքան անողոք է Հանրապետական կուսակցության այն հատվածի հանդեպ, որ քննադատում է կառավարության որոշ քայլերը: «Մի խումբ մարդիկ ցանկանում են քայքայել ամբողջ քաղաքական գործընթացը, ավերել ամեն ինչ, հենց սկզբից հրաժարվել իրանյան պայմանագրից, անտեսելով Գերագույն դատարանի որոշումը արգելել միասեռականների ամուսնությունը, կախարդական փայտիկով արտաքսել երկրից 11 միլիոն ապօրինի ներգաղթյալներին, եւ այլն,... իսկ մյուսներըՙ ինչպես օրինակ Լինդսի Գրեհեմը, Ջոն Կասիչը եւ Ջեբ Բուշը շարունակում են ապրել իրականության սահմաններում»:

Այդ իրականության սահմանը, անշուշտ, վերաբերում էր ներքին քաղաքականությանը: Արտաքին քաղաքականության հարցում նրանք բոլորն էլ հիմնականում «գիշատիչների» փիլիսոփայության կողմնակիցներ են, որը կոչ է անում է՛լ ավելի խթանել Ամերիկայի ռազմական հզորությունը, եւ աշխարհի մնացյալ մասի հետ խոսել ուժի դիրքերից: Ռանդ Պոլը միակն է, որ դեմ է այս «փիլիսոփայությանը»: Սենատորներ Մարկո Ռուբիոն եւ Թեդ Կրուզը, որոնք կուբացի ներգաղթողների հետնորդներ են, փորձեցին ավելի ամերիկամետ թվալ, քան իրենց մրցակիցները, իսկ Ֆիորինան հայտարարեց, որ Սպիտակ տուն մտնելու առաջին օրն իսկ հրավիրելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին վստահեցնելու համար, որ Ամերիկան պաշտպանում է նրան եւ ապա սպառնալու է Իրանի մոլլաներին: Նման ստորաքարշությունը ոչ ոքի չի զարմացնում այլեւս: Թեկնածուն բացեիբաց կարող է օտար մի երկրի (ինչքան էլ սերտ լինեն հարաբերությունները) շահերը ամերիկյանից ավելի բարձր դասել: Մյուս թեկնածուները, որոնց թվում էին Կրուզը եւ Մայք Հակաբին, Արկանզասի նախկին նահանգապետը, փորձում էին իրենց խոսքը առաջին հերթին հասցնել իսրայելական քարոզչական ընկերությունների ներկայացուցիչներին, քան բուն ամերիկացի ունկնդիրներին: Հակաբին խոսեց Ջորջ Բուշ կրտսերի նման, ով ավետարանը ձեռքին պահած քաոսային վիճակ ստեղծեց Իրաքումՙ պատճառ դառնալով մեկ միլիոն տեղացի քաղաքացիների եւ 4.500 ամերիկացի զինվորականների մահվան, չնշելով վատնված երկու տրիլիոն դոլարի մասին: Կրուզն իր հերթին առիթը բաց չթողեց իր ուղերձը հղելու զենքի լոբբիին:

Ներգաղթյալների մեկ այլ հետնորդՙ Պիյուշ «Բոբբի» Ջինդալը, ով Օքսֆորդում է սովորել (հրաժարվելով ընդունվել Հարվարդի բժշկական եւ Եյլի իրավաբանական կրթօջախները), նշեց, որ գերադասում է կրճատել Լուիզիանայի դպրոցներին հատկացվող բյուջեն եւ վերացնել ուսուցիչների արհեստակցական միությունները:

Ջեբ Բուշի ինքնագոհ մարմնական շարժուձեւերը վկայում էին այն մասին, որ թեկնածու լինելու իրավունքը ժառանգաբար է վաստակել, ինչպես իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնը: Նա ցնցվեց, երբ բանավեճի համակարգողը հարցրեց նրան, թե ինչու է հայտարարում, որ ինքնուրույն է ցանկանում լինել, երբ իր շուրջն է հավաքել իր եղբոր խորհրդատուներինՙ «Նեոկոն կլիկի» անդամներ Վուլֆովիցին, Դուգլաս Ֆիթին եւ մյուսներին, որոնք հրահրեցին բոլոր ավերիչ պատերազմները: Անակնկալի գալով Բուշը չկարողացավ պատասխանել:

Գրեթե բոլոր թեկնածուները փորձեցին թվարկել իրենց ձեռքբերումները եւ Ամերիկան վերակառուցելու իրենց ծրագրերը: Նրանք նաեւ քննադատական խոսքեր ուղղեցին նախագահ Օբամայի հասցեին, չնայած տնտեսության բնագավառում երկրում արձանագրված առաջընթացին, «մատչելի բուժօգնություն» օրենքի ընդունմանը, որը միլիոնավոր մարդկանց է ծառայում, եւ արտաքին քաղաքականության հաղթանակներինՙ Կուբայի եւ Իրանի հետ բարեհաջող բանակցություններին:

Մինչ ամբողջ բանավեճը զավեշտախաղի էր նման, այն միտքը, որ բեմում ելույթ ունեցողներից որեւէ մեկը կարող է դառնալ նախագահ եւ իր ձեռքում պահել ամբողջ մի երկրի, եւ ինչու չէՙ նաեւ աշխարհի, ժողովուրդների բախտը, ուղղակի սարսռեցուցիչ էր:

Հայ ներգաղթյալների մեծամասնությունը սովորաբար դեմոկրատներին էր ձայն տալիս: Քանի իրենց տնտեսական վիճակը բարելավվեց, նրանց զգալի մասը սկսեց քվեարկել հանրապետականների օգտին: Ինչ խոսք, ինչպես մյուս քաղաքացիները, հայերը եւս պարտավոր են քվեարկել իրենց խղճի եւ շահի թելադրանքով: Բայց ճիշտ կլինի, եթե մենք մեր ձեռքերում պահենք երկու կուսակցություններն էլ եւ կազմակերպված ձեւով բաժանենք մեր մասնակցությունը քվեարկություններին:

Ամերիկացի քաղաքացիներից շատերն անտարբեր են, թե ինչ արտաքին քաղաքականություն կվարեն երկրի նորընտիր առաջնորդները, բայց հայերս, հրեաների նման, պարտավոր ենք չափազանց աչալուրջ լինել եւ գործել շրջահայեցողությամբ: Երբ ռազմատենչների օգտին ենք քվեարկում, նրանք ավերածություններ են պատճառում այն տարածաշրջաններում, որտեղ հայեր են ապրումՙ վտանգի ենթարկելով մեր հայրենակիցների ապահովությունը: Պետք է զգուշանանք նաեւ այն թեկնածուներից, ովքեր ծրագրում են պատերազմի ուրվականը ուղարկել դեպի այն տարածքը, որտեղ Հայաստանն է տեղակայված:

Հավանաբար մենք դեռ բազմաթիվ այլ զավեշտախաղերի ականատես կլինենք, բայց երբ քվեարկելու ժամանակը գա, պարտավոր ենք զգաստ լինել եւ առողջ դատողությամբ գործել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 16-10-2015

AZG Daily #39, 19-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ