RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1346, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ԹՈՒՐՔԻԱՆ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ԵՎ ՔՐԴԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՄԻՋԵՎ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Թուրքիայում հողին են հանձնում ահաբեկչությունների զոհերին: Իշխանությունները քայքայիչ գործունեության մեջ են մեղադրում Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK), փորձագետներն ասում են, որ դա «Իսլամական պետության» գրոհայինների ձեռքի գործն է, որոնք տեւական ժամանակ է ինչ օգտվում են Անկարայի աջակցությունից: Իսկ որոշ դիտորդներ նաեւ չեն բացառում, որ ահաբեկչական գործողությունը հենց թուրքական իշխանությունների ձեռքի գործն է, որոնք հրահրում են հակաքրդական տրամադրություններ:

Հոկտեմբերի 10-ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ գտնվող էստակադայի տակ երկու պայթյուն եղավ: Զոհերը «Աշխատանք, խաղաղություն, ժողովրդավարություն» հակապատերազմյան հանրահավաքի մասնակիցներն էին, որոնց փողոց էին հանել արհմիությունները եւ ձախ ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը: Տեղական ԶԼՄ-ները անմիջապես ահաբեկչական գործողության համար մեղադրեցին ընդդիմադիր կուսակցություններին եւ տեղական քրդերին, ինչպես նաեւ «Իսլամական պետության» գրոհայիններին: Շատ հնարավոր էՙ այն բանի համար, որպեսզի հետո համաշխարհային հանրությանը բացատրեն Անկարայի ռազմական ներկայության ուժեղացումը Իրաքի եւ Սիրիայի պատերազմող պետությունների տարածքներում: Սակայն Թուրքիայի համար այդ տարածքներում ռազմական ներկայությունը բոլորովին էլ չի նշանակում «Իսլամական պետության» (ԻՊ) հետ իրական պայքար: Ըստ ամենայնի դա սեփական ներքաղաքական հիմնախնդիրները լուծելու փորձ է, ֆիզիկապես ոչնչացնելով «քրդական հիմնախնդիրը», այդ թվում նաեւ ԻՊ ուժերին աջակցելու միջոցով:

Գաղտնիք չէ, որ թուրքական իշխանությունները վաղուց իրենց երկիրը վերածել են ամբողջ եվրասիական տարածքից ահաբեկիչների համար «հանգստի գոտու»: Ստամբուլում միանգամայն լեգալ գոյակցում են ծայրահեղական Ուզբեկստանի իսլամական շարժման ղեկավարները (հայտնի է, որ այդ կառույցը օգտվում է թուրքական ֆինանսական աջակցությունից), Թալիբանի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԻՊ գրոհայինները: Ի միջի այլոց, այս տարվա ամռանը Թուրքիայում սկանդալ բորբոքվեց, երբ «Ֆեյսբուքում» երեւացին ԻՊ գրոհայինի լուսանկարները, որը հանգստանում էր թուրքական հայտնի Ամասրա եւ Բարթըն սեւծովյան հանգստավայրերում: Ավելի վաղ այդ նույն գրոհայինը լուսանկարվել էր գլխատված սիրիական զինվորների ֆոնին, նաեւ հրապարակել էր տեսաձայնագրություններ «անհավատներին» սպանելու կոչերով, հատկապես Արեւմուտքի մարդկանց:

Վաղուց հայտնի է, որ Թուրքիան լոգիստիկ եւ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Սիրիայի համարյա բոլոր ընդդիմադիր խմբավորումներինՙ ներառյալ ԻՊ-ին: Այդ թվում թույլ տալով օգտագործել իր տարածքը ռազմական գործողությունների իրականացումից հետո վերախմբավորվելու համար: Բացի այդ, երբ ԻՊ-ն վերահսկում էր թուրքական սահմանի հարյուրավոր կիլոմետրերը, դրա երկու կողմով շարժվում էր ամենաբազմազան մաքսանենգ թրաֆիկը, որը ներառում էր նավթամթերքներից մինչեւ զենք, եւ որ գլխավորն էՙ կենդանի մարդկային ուժ, որը ցանկանում էր ակտիվ մասնակցություն ունենալ խալիֆաթի շինարարությունում: Սահմանն ըստ էության լոկ իրավաբանական էր, իսկ իրականում միանգամայն թափանցիկ: Սա ուղղակիորեն ցույց է տալիս պաշտոնական Անկարայի ներկայացուցիչների եւ ահաբեկիչների միջեւ գործնական հարաբերությունների առկայությունը: Ահա թե ինչու Թուրքիայի իշխանությունները ուշադրություն չեն դարձնում այդ հանցագործ խմբավորումների արմատական գաղափարախոսությանը եւ նպատակներին հասնելու գազանային մեթոդներինՙ նախընտրելով անաղմուկ անել իրենց գործը:

Փորձագետները կարծում են, որ Անկարայի գլխավոր «քաղաքական» նպատակը Մերձավոր Արեւելքի խմբավորումների միջեւ փոխհարաբերություններում ոչ այնքան Ասադի կառավարության տապալումն է, ինչը հայտարարում են Թուրքիայի բոլոր քաղաքական դաշնակիցները (ԱՄՆ եւ ԵՄ), որքան Իրաքի եւ Սիրիայի տարածքներում քրդական ուժերի ռազմական հզորության աճը կասեցնելը:

«Քրդական հիմնախնդիրը» Անկարայի վաղուցվա «գլխացավն» է: Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Թուրքիայում դատապարտված է ցմահ ազատազրկման: Այդ թվում եւ Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ վարելու համար Քուրդիստանի անկախության կարգախոսով: Նրա դատապարտումից տասնվեց տարի անց քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը հաղթել է ընտրություններում երկրի մի քանի նահանգներումՙ էական մրցակից դառնալով Էրդողանի իշխող կուսակցությանը: Առաջ են քաշվում նույն կարգախոսներըՙ ինքնավարություն ինքնիշխանության հեռանկարով: Բայց քանի դեռ Թուրքիայի ներսում քրդերը փորձում են հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, երկրի սահմաններից դուրս, առաջին հերթին Իրաքի տարածքում, փորձառություն են ձեռք բերում նրանց միանգամայն իրական մարտական ջոկատները: Ընդ որում, նրանք նաեւ հաջողություններ են գրանցում, ինչի դրսեւորումներից էին ԻՊ-ի գրոհայինների հետ առաջին բախումները: Հենց քրդական ջոկատներն են իրաքա-թուրքական սահմանը մաքրել ԻՊ-ի զինյալներից: Դա մեծապես վախեցրել է Անկարային: Հենց դա թուրքական իշխանություններին մղեց իբր «ԻՊ դեմ ռազմական կոալիցիա» մտնելուն, իսկ գործնականում քրդերի ռմբահարումը սկսելուն:

Իրականում, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի էլ թաքցնում, որ իր երկիրը զգուշանում է այսօրվա Թուրքիայի, Իրաքի եւ Սիրիայի տարածքների վրա սեփական պետություն ստեղծելու քրդերի մտադրություններից: Եվ ընդունում է, որ քրդական դիրքերի ռմբահարումները սկզբում թուրքական, իսկ հետո եւ ՆԱՏՕ-ական օդուժի կողմից «առաջն առնելու» քայլ է: Այս քաղաքականության համապատկերում որոշ դիտորդներ սկսեցին խոսել այսպես կոչված «Էրդողանի հետքի մասին» դեռեւս հուլիսին Սուրուջ ոչ մեծ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, որտեղ զոհվեցին թուրքական եւ քրդական սոցիալիստներ եւ կոմունիստներ, որոնք պատրաստվում էին ուղեւորվել դեպի Քոբանի սիրիական քաղաքըՙ օգնելու համար քրդական աշխարհազորին ԻՊ գրոհայինների դեմ պայքարում:

Բացառված չէ, որ նոր, ավելի խոշոր ահաբեկչությունն Անկարայում, որտեղ զոհվեցին երկրի իշխանությունների եւ Թուրքիայում արգելված Քրդական Աշխատավորական կուսակցության միջեւ հակամարտությունը դադարեցնելու կողմնակիցները, նույնպես պետության «պատվերը» եղած լինի: Բանն այն է, որ պայթյուններից անմիջապես հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ ահաբեկչության հետեւում կարող են կանգնած լինել «Իսլամական պետությունը», Քուրդիստանի Աշխատավորական կուսակցությունը եւ երկու ձախ-ծայրահեղական խմբավորումներՙ Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցությունը (ճակատը) եւ Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցությունը: Մինչեւ որ բարձրանում է երկրի ներսում հակաքրդական ջերմաստիճանը, իսկ ՆԱՏՕ-ի ուժերը հարվածներ են հասցնում Սիրիայում եւ Իրաքում քրդական աշխարհազորայինների ճամբարներին, Անկարան դեռ հույս ունի, որ ԻՊ-ի միջոցով իրեն այնուամենայնիվ կհաջողվի վերահսկողության տակ պահել արտաքին քրդական սպառնալիքը:

Սակայն սիրիական հակամարտությանը միջամտելու ռուսաստանյան զինված ուժերի քայլերը գործնականում զրկում են Անկարային իրեն անհարմար Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության հանդեպ ազդեցության լծակներից: Ըստ երեւույթին հենց դրա համար էլ իր «քաղաքական հովանավորների»ՙ ԱՄՆ-ի հետքերով Թուրքիան վճռականորեն դեմ է հանդես գալիս Մերձավոր Արեւելքում ռուսական գործողությանը: Ավելին, Թուրքիան նույնիսկ պատրաստ է զոհաբերելու Ռուսաստանի հետ բարեկամության իր տնտեսական հետաքրքրությունները: Թուրքական օդային տարածք ռուսական ինքնաթիռների անցման մեկ երկու դեպքից հետո Թուրքիայի նախագահը նույնիսկ փորձեց Մոսկվային վախեցնել Ռուսաստանից ներկրվող բնական գազից հրաժարվելու մտադրությամբ: Սկզբի համար նա նույնիսկ կրճատեց «Թուրքական հոսք» կառուցվող ռուսաստանյան գազամուղի հզորությունը երկու անգամՙ մինչեւ 32 միլիարդ խորանարդ մետր:

Փորձելով կրակից շագանակներ հանել ուրիշի ձեռքովՙ Անկարան, թվում է, չի խորացել բոլոր հետեւանքներում: Չէ՞ որ վերջին ամիսների ահաբեկչությունները կարող են իսկապես կազմակերպված լինել «Իսլամական պետության» գրոհայինների կողմից, որոնք երեւի արդեն դժգոհ են իրենց շահերի թուրքական «աջակցության» նվազումից:

Ամեն դեպքում Անկարան սեփական քաղաքացիներին զոհաբերում է քաղաքական նկրտումների իրականացման համար: Ինչեւէ, նման դեպքեր պատմության մեջ արդեն տեղի են ունեցել: Ընդ որում, բոլորովին վերջերս: «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպությունը ժամանակին ստեղծվեց եւ հովանավորվեց ԱՄՆ-ի իմացությամբ եւ մասնակցությամբ եւ դա հանգեցրեց սեպտեմբերի 11-ին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ