RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1211, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏՙ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄՈՎՍԵՍ ԳՅՈՒՂՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղում կողպված դռներն ու թշնամու փամփուշտների հետքերն ամենուր են: Մովսեսցիները, սակայն, ապրում ու արարում են թշնամու կրակոցների տակՙ խորը արմատներ գցած հայրենի հողում:

Ավալյանները գյուղի հնաբնակներից են: Նրանց տունն ավերվել է երկրաշարժի ժամանակ: Տարիների ընթացքում Արտակըՙ ընտանիքի հայրը, եւ նրա երեք որդիները փորձել են նոր տուն կառուցել. քարը քարին են դրել, շարել պատերը, ամրացրել ծածկը, սակայն դադարեցրել են շինարարությունըՙ միջոցների սղության պատճառով: Ընդհատված շինարարությունը վերսկսելու համարՙ որդիներն արտերկիր են մեկնել եւ այնտեղ են մինչեւ օրս: 2015թ. գարնանը Ավալյանների ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում:

Ավալյանների տունն այժմ ամբողջությամբ պատրաստ է: Տանտերերի ուրախությունը կիսելուՙ բնակարանամուտի արարողությանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

«Դեռ գարնանն անիրական էր թվում, թե մեր տան այսքան երկար ձգձգվող շինարարությունը վերջապես ավարտին կհասնի, որ հույս կարթնանա, որդիներս տուն կգանՙ իրենց հայրենի հողին ու ջրին, կգան ամրացնելու հայրենիքի սահմանը: Միայն տուն չէ, որ կառուցվեց մեզ համար, այլեւՙ ապագա»,- ասել է Արտակ Ավալյանը :

«Հակառակորդի աչքի առաջ շինարարություն ծավալելը նրա դեմ պայքարի լավագույն տարբերակներից է: Դա նրանց ուղղված հստակ ուղերձ է այն մասին, որ հայը շարունակելու է մնալ, արարել իր հայրենի հողում եւ ընդառաջ չի գնալու գյուղը լքելու հակառակորդի ցանկությանը: Սահմանամերձ գյուղում ապրելու հանգամանքը մովսեսցուն դարձրել է առավել ամուր եւ զգոն: Մենք այստեղ ենք, որպեսզի միասին նշենք Ավալյանների բնակարանամուտը եւ վստահություն հաղորդենք մյուս ընտանիքներին: Մենք ձեր կողքին ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Այգեպար գյուղերում բնակարանաշինության ծրագրով այս տարի աջակցություն է ստացել 11 ընտանիք:

«Սահմանամերձ գյուղում, ուր ամեն օր թշնամու կրակահերթի վտանգ կա, բարդ է ուրախանալու պատճառներ գտնել, բայց, այնուամենայնիվ, այդպիսիք ստեղծվում են: Այս դժվարին ժամանակներում յուրաքանչյուրս փորձում է թափանցել ապագայի խորքը, որոնել, լուծումներ գտնել: Կարծում եմՙ տունն է մարդու արմատը, որ նրան կապում է իր հողին: Հույս ունեմ, որ այս ընտանիքի ուրախությունն այսուհետ միայն կբազմապատկվի, եւ այս նորակառույց տունը կդառնա այն փարոսը, որ տուն կբերի պանդուխտ զավակներին»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Հիշեցնենք, որ ծրագրի իրականացման համար 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել (2014թ.-ին` 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացրել է ծրագիրը: Այս համագործակցության շնորհիվՙ 2007թ.-ից մինչ օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք ապահովվել է կացարանով: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ