RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015



Տեղադրվել է` 2015-10-29 23:29:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1398, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՓԵՐԻՆՉԵՔԻ ՍԻՆԴՐՈՄԸ

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հոկտեմբերի 15-ի ՄԻԵԴ-ի հայտնի որոշումը ռումբի ազդեցություն թողեց զանգվածային լրատվության մեջ: Մինչ օրս չեն լռում այս թեմայով միմյանց հակասող կարծիքներն ու հրապարակումները: Նույնիսկ ամենաանտեղյակներն արդեն գիտեն, որ համաձայն Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) թիվ 10 հոդվածի, որեւէ մարդ կարող է ժխտել մարդկության դեմ ծանրագույն հանցանք հանդիսացող այնպիսի մի փաստ, ինչպիսինՙ ցեղասպանությունն է, եւ մնալ անպատիժ:

Փաստորեն ունենք մի իրականություն, երբ ՄԻԵԴ-ի վճռով ստորադասվեց հայ ազգի դեմ կատարված հանցագործության փաստը իր ազատ խոսքով այդ փաստը հերքող եւ վիրավորող թուրքի իրավունքներին: Եվ ըստ Եվրոդատարանի վճռի, բարոյական արժեքների այսպիսի ըմբռնումը համարվում է արդարադատություն:

Ընդ որում «ականջ փափկեցնելու համար» ՄԻԵԴ-ը նշում է, որ Հայոց ցեղասպանությունը անառարկելի պատմական փաստ է, որ պետք է հարգվի ցեղասպանության զոհերի ժառանգների արժանապատվությունը, սակայն արտոնում, որ թուրք Դողու Փերինչեքը, այնուամենայնիվ, այն կարող է ժխտել: Ի՞նչ է սա, եթե ոչՙ ուլտրադեմոկրատիայի եւ երկակի ստանդարտի դրսեւորման օրինակ:

Մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալիզմի մասին չի՞ վկայում այն փաստը, երբ 2013-թին ՄԻԵԴ-ի ստորին պալատը Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնելու որոշում ընդունեց: ՄԻԵԴ-ը ինքը համարում է իրեն ոչ քաղաքական մարմին, սակայն իրեն արտոնում է վերաձեւել մի ժողովրդի պատմություն կամ մտնել մի ոլորտ, ուր դիվանագետներն են աշխատում: Մի՞թե ՄԻԵԴ-ը տեղյակ չէր հենց նույն Ստրասբուրգում 1987-թից սկսած Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման մասին Եվրոխորհրդարանի ընդունած բանաձեւերի առկայության կամ Եվրոխորհրդի բանաձեւերի մասին, ուր ՄԻԵԴ-ն իր հատուկ ներկայացուցիչն ունի: Այս մասին այնքան որոշումներ ու նյութեր կան, որ ծիծաղելի է թվում ՄԻԵԴ-ի անտեղյակության աստիճանը:

Կամ արդարությո՞ւն է արդյոք, երբ ՄԻԵԴ-ը հրեական Հոլոքոստը ժխտողին համարում է ռասիստ, իսկ Հայոց ցեղասպանությունը ժխտողինՙ դեմոկրատ:

Կուզեի, որ Փերինչեքին արդարացրած դատավորներից որեւէ մեկը ականատես լիներ, թե «Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը» Նյու Յորքում, Վաշինգտոնում եւ այլ վայրերում ապրիլյան օրերին ի՜նչ ոգեւորվածությամբ է փողոց դուրս բերում թուրք-ազերի հերսոտած ամբոխին: Տեսանյութերՙ որքան ուզեք: Համոզված եմ, որ այս որոշումից հետո արտերկրում հայ-թուրքական համայքների առճակատումը ավելի է սրվելու: «Շնորհակալություն» ՄԻԵԴ-ին:

Ասելով «միջազգային սուտ», Փերինչեքը փաստորեն ստի եւ կեղծիքի մեջ է մեղադրում ոչ միայն աշխարհի հայությանը, այլեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր երկրներին, խորհրդարաններին եւ Վատիկանին: Ես մասնագետ չեմ, սակայն ըստ պարզ տրամադրության, Փերինչեքը պարտավոր էր ապացուցել դատարանին իր խոսքերի իրավացիությունը... Այլապեսՙ այս մարդը սոսկ շառլատան է: ՄԻԵԴ-ն արդարացնում է շառլատանների՞ն:

Ազատ խոսքի (ՄԻԵԿ) թիվ 10 հոդվածը ժառանգվել է 1953 -ին անգլո-սաքսոնյան եզրույթից, ուր նշվում է, թե յուրաքանչյուր մարդ ունի ազատ արտահայտման իրավունք: Իսկ ինչ անել, երբ ազատ խոսքը հատում է կարմիր գիծը ու դառնում բռնության հրձիք: Այսօր ականատեսն ենք սիրիական արհավիրքի կամ առանց որեւէ կրակոցի մահմեդական «կապիտուլյացիայի» ենթարկվող Գերմանիայի իրողությանը: Այս ամենի մեջ քիչ չեն մարդու իրավունքների եւ ազատ խոսքի եվրոպական չափանիշների հմուտ շահարկումների հետեւանքները:

Չի կարելի պրովոկացիան, շանտաժն ու այլատյացությունը խոսքի ազատ արտահայտման կատեգորիային դասել: Սա մեծ սխալ է եւ հետեւանքներով լի: Ֆրանսիական «Շարլի Հեբդո» երգիծական ամսագիրի խմբագրակազմի գնդակահարումը ահազանգն էր այն բանի, որ խոսքի ազատություն չէ՛, երբ վիրավորվում են կրոնական զգացմունքները: Ուրեմն խոսքի ազատություն չէ՛, երբ հերքում են ցեղասպանությունը եւ մարդկայնության դեմ կատարված այլ հանցագործությունները:

Ի դեպՙ Ռուսաստանը մեխանիզմներ է ցանկանում գտնել, որպեսզի պաշտպանվի իր երկրի օրենքների եւ սահմանադրության մեջ Եվրոդատարանի որոշումների միջանտությունից: Տեսնենք, թե Պերմյակովի գործով մենք ինչ խնդիրներ կունենանք ՄԻԵԿ-ի հետ...

Եթե ՄԻԵԴ-ն ու Եվրոմիությունը նույն եվրոպական արժեքների ջատագովներն են, ինչո՞ւ է ապա ՄԻԵԴ-ի թիվ 10 դրույթը տարբերվում Եվրոմիության 2007-ին հռչակած ռասիզմի եւ քսենոֆոբիայի մասին կոնվենցիայից, որտեղ սեւը սպիտակի վրա գրված է. «Հրապարակավ ցեղասպանության հերքումը կամ դրա արդարացումը համարվում է ռասիզմի դրսեւորում եւ ենթակա է քրեական պատժի»:

Իսկ Փերինչեքը հաղթանակ չտարավ: Ցնդած մի ծերուկՙ ով իր կյանքի տաս տարիները վատնել է շվեյցարական դատարանների դռներն ընկնելով, հետո անցել եվրոպական դատարանի քաշքշուկներով, 2008-ին Թուրքիայում ազատազրկվել «Էրգենեկոն»-ի գործով, վատնել առողջություն, նյարդեր եւ հսկայական գումարներ, որոնք ՄԻԵԴ-ը չփոխհատուցեց:

Տհաճը «Փերինչեքի սինդրոմն է», որ ՄԻԵԴ-ի «թեթեւ ձեռքով» կարողացավ ստվերել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի այնքան տպավորիչ միջազգային ձեռքբերումները ու նաեւ մտածել տալ, որ Ճանաչման ուղղությամբ դեռ անելիքներ ունենք:

Նյու Յորք

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 30-10-2015

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ