ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՎԵԼԻ ՔԱՆ 700 ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԴԱՐՁՐԵԼ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՆՎՃԱՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ Խոցելի խմբի ուսանողները հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ուշադրության կենտրոնում են հայտնվել 2011 թվականից: «Կրթական հիմնադրամ» նախագծի շահառու են դարձել տարբեր բուհերում լավ առաջադիմությամբ սովորողՙ հատուկ կարիքներով, ծնողազուրկ եւ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող ուսանողները: Թիրախային այս խմբին աջակցելու նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչեւ օրս հատկացրել է շուրջ 600 մլն դրամ: Հաղթահարելով ընտանիքի սոցիալական բեռի հոգեբանական արգելքըՙ ավելի քան 700 շահառու լիարժեք ներառվել է կրթության գործընթացում: Նրանցից 53-ը ծրագրից օգտվել է չորս տարի շարունակ եւ ավարտել բուհըՙստանալով բակալավրի աստիճան: «Կրթությանն աջակցությունը կարեւոր եւ պատասխանատու մոտեցում է: Այստեղ ներդրումներ իրականացնողներից պահանջվում է համբերությունՙ արդյունքը տեսնելու եւ գնահատելու համար: Հոգատարությունը կորպորատիվ մշակույթ է: Երկարաժամկետ այս ծրագրով մենք ձգտել ենք խրախուսել կրթվելու ցանկությունը եւ այսօր արդեն ունենք արդյունք: Խելացի մասնագետների առկայությունը թույլ կտա զարգացնել երկրի տնտեսությունը եւ լինել մրցունակ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարեւոր է համարում մասնագիտացման հարցում երիտասարդներին խրախուսելու եւ զարգացման հնարավորությունը բոլորին հասանելի դարձնելու ջանքերը: |