RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015



Տեղադրվել է` 2015-11-13 13:34:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1503, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՆՈՒՅՆԱՑՎԵԼ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՀԵՏ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Միջազգային ատյանների «անզոր» թղթերը

Եվրոպայի խորհուրդն ընդհանրապես եւ ԵԽ խորհրդարանական վեհաժողովը մասնավորապես, բավականին հետաքրքրական կառույցներ ենՙ հաշվի առնելով տասնյակ ու տարբեր երկրների պատվիրակների համատեղ, հակամետ ու բազմավեկտոր գործունեությունը: Եվ ինչպես յուրաքանչյուր քիչ թե շատ կարեւորություն ու դերակատարություն ունեցող կառույցում, այստեղ էլ եթե ոչ ամերիկյան ընկալմամբ լոբբիզմով, ապա արեւելյան ընկալմամբ «հյուրասիրությամբ եւ առատաձեռնությամբ» շատ հարցեր են լուծվում:

Ադրբեջանական ձկնկիթային որակված ու արդեն ճանաչում ձեռքբերած դիվանագիտությունը որքան էլ քննադատելի, բայց արդյունքներ է տալիս, ընդ որումՙ «ձկնկիթն» անգամ մթնում լույս է տալիս, եթե հաշվի առնենք, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական ոչ բոլոր պատվիրակներն են, որ ձկնկիթասերների հետ կարող են անգամ հեշտ հաղորդակցվելՙ լեզվի կամ լեզուների չիմացության պատճառով:

Կառույցի աշխատանքին լավ ծանոթանալու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ, բայց դրա կարիքն էլ չի լինի, եթե հաղորդակցվելու հմտություն, առավել եւս լեզվի իմացություն չկա. թեեւ բավականաչափ տեղեկություններ հասանելի են նաեւ ռուսերեն, բայց դա բնավ էլ այն լեզուն չէ, որով կարելի է աշխատել մյուս երկրների պատվիրակների հետՙ ներկայացնելով քեզ կամ երկրիդ հարմար տեսակետ կամ օրինագիծ եւ անգամ հայտարարություն:

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, մեղմ ասած, լեզվական խնդիրներ ունի, ու երբ մի կողմից զուտ հաղորդակցվելու եւ բանակցելու հմտություններն են, մյուս կողմիցՙ զգալի քանակի նվեր ու ձկնկիթ, դժվար չէ կանխորոշել, թե ԵԽԽՎ պատգամավորները ում կարծիքին «կհակվեն», ճիշտ մեզանում հանրածանոթՙ ձրի ամեն ինչի համար սկզբունքներից հրաժարվող պատվիրակները:

2016թ. հունվարին ԵԽԽՎ-ն իր ձմեռային նստաշրջանի ընթացքում օրակարգում կարող է ունենալ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերի ներկայացրած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մյուս գրավյալ տարածքներում» զեկույցըՙ բանաձեւի տեսքով ԵԽԽՎ պատմության մեջ հավերժանալու համար: Թե մինչ այդ ինչ կարվի, չի արվի, առավել եւսՙ ինչպես կարվի, հարց է մնում, սակայն արդեն իսկ բավական է, որ ամեն մի տխրահռչակ, թեկուզ իրավաբանական ուժ չունեցող որոշման, բանաձեւի, հայտարարության ընդունումից հետո արվեն հայտարարություններ, թե դրանք նշանակություն չունեն:

Ուոլտերի անհեթեթ ձեւակերպումներով եւ մինչ այդ փաստաթղթավորված հայտարարությունների, ու հատկապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բանակցային գործընթացի միջնորդությունն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումների հետ չհամընկնող զեկույցը, բանաձեւ դառնալուց հետո էլ, պարտադրանքի, հարկադրանքի ուժ չունի, ու Հայաստանն էլ «կարող է» բանի տեղ չդնել: Եվ հուսադրող այս մոտեցմամբ առաջ շարժվողները թերեւս կասկածենՙ շարժվո՞ւմ են արդյոք ընդհանրապես...

Նոյեմբերի սկզբին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում զեկույցը հավանության արժանացավ ու կներկայացվի ձմեռային նստաշրջանի քննարկմանը: Ընդ որում, Ուոլտերի դերակատարությունը կարծես այդքանով ավարտվում է, քանի որ լրանում է նաեւ վեհաժողովում նրա մանդատի ժամկետըՙ իր երկրի խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքներով չընտրվելու պատճառով:

Հուսադրող չէ նաեւ այն, որ Ադրբեջանի վերջին ընտրություններին միակ միջազգային դիտորդական առաքելությունը ԵԽԽՎ-ից էր, որն էլի «դրական» արձագանքեց ընտրությունների արդյունքներին, ի դեպ, հայաստանյան ընտրություններին էլ առանձնակի անաչառ երբեք չեն մոտեցել նույն այդ կառույցի դիտորդները: Առավել եւս հուսադրող իրողությունների շարքից չէ, երբ արդեն երկար տարիներ տարբեր փաստաթղթերում անգամ Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Մերձդնեստրի հետ նույնական ձեւակերպումներից առանձնացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնութագրականը ձեւափոխվել, հասել է այնտեղ, որ Արցախը «Արդբեջանի մյուս գրավյալ տարածքների» հետ նույնաբովանդակ է մատուցվում:

Հուսադրող չէ, որ երբ ԵԽԽՎ բանաձեւը քննադատում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում, ապա ալիեւյան ձեւակերպմամբ «թղթի կտոր» է, իսկ Արցախի վերաբերյալ կողմնակալ պիտակումների պարագայում կարելի է նույն գնահատականը տալ:

Զեկույցիՙ բանաձեւ դառնալու հեռանկարի առումով հուսադրող կարելի է համարել այն, որ թեմայի առնչությամբ զեկուցողը ոչ Հայաստան, ոչ Արցախ չի այցելել, հետեւաբար դաշտային այցելությունների մակարդակով ներկայացնում է միայն Ադրբեջանի տեսակետն ու մոտեցումները: Ավելին, Ուոլտերն ուղղակի եւ անուղղակի կապեր ունի Ադրբեջանի բիզնես շրջանակների հետ, ինչը թերեւս ինչ-որ պահի կարող է սառը ցնցուղ լինել զեկույցի օգտին քվեարկելու պատրաստակամ պատվիրակների համար:

Մեկ այլ կարեւոր հանգամանք էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում գործընթացը պահպանել-չպահպանելու հարցն է: Այս համատեքստում Ադրբեջանն, իհարկե, փորձում է առկա ձեւաչափից դուրս գալ ու հակամարտության հնարավոր կարգավորումը տեղավորել այլ կառույցների հովանու կամ տանիքի ներքո:

Հայաստանի դիրքորոշումը միանշանակորեն համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցման հետ, որի մասին հիշեցնումները չուշացան: Մասնավորապեսՙ

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր միկրոբլոգում անմիջապես արձագանքեց բանաձեւիՙ Քաղաքական հանձնաժողովի կողմից հաստատմանը, ընդգծելով, որ մինչ այդ հարկ էր խորհրդակցել համանախագահների հետ:

«ԵԽԽՎ-ը եւ միջազգային մյուս կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ զեկույցներ եւ բանաձեւեր պատրաստելիս», նշել էր ամերիկացի համանախագահը:

Սրան էլ ավելացնենք այս շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցելության ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ԵԽԽՎ զեկույցի առնչությամբ հարցին տրված պատասխանը: Ըստ այդմ, Լավրովն ուղղակի ձեւակերպեց, որ ճիշտ չէ կարգավորման գործընթաց ներքաշել կառույցների ու կազմակերպությունների, որոնք նման հարցերի կարգավորման մանդատ չունեն: Ավելին, ըստ ՌԴ արտգործնախարարի, բոլոր կտրուկ ու արմատական գործողություններն այս գործընթացում կարող են վնասել գործին:

Եթե վերը նշված փաստարկների գիտակցումն ու քաղաքական արժեւորումը մինչեւ ձմեռային նստաշրջան տեղ հասցվի, ապա հավանական է, որ զեկույցը մինչեւ բանաձեւ դառնալը կա՛մ փոփոխության կենթարկվի, կա՛մ ուղղակի չի դրվի քննարկման:

Մյուս կողմից, դրան հասնելու համար պետք է աշխատել. դժվար թե Ուոլտերը անտեր ու անպաշտպան թողնի իր զեկույցը: Իսկ վեհաժողովի եւ ոչ միայն այդ մակարդակում աշխատանքի համար ոչ թե լավ կուսակցականներ են պետք, այլ լեզվի իմացությամբ եւ բանակցելու հմտություններ ունեցող պատվիրակներՙ աշխատանքի հանրագումարում տեղ հատկացնելով նաեւ դիվանագիտական ռեսուրսներին: Եվ դա այն պատճառով, որ որքան էլ ԵԽԽՎ բանաձեւերը չկիրառվեն, դրանցում տեղ գտած ձեւակերպումները ամենայն հանգստությամբ կարող են դառնալ առօրյա ու գործածական:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ