RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2015-11-13 13:34:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1006, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆԵԼԸ ՄԵՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

Զրուցեց ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, Ռուս. թարգմ. Պ. Ք.

Օդային եւ ավտոբուսային վերջին աղետները հանրային լայն արձագանք գտան: Ռուսաստանի հայերի միությունը առաջիններից էր, որ անհապաղ արձագանքեց տվյալ ողբերգություններին եւ համապատասխան օգնություն ցույց տվեց տուժածներին: Մեր ընթերցողներին առաջարկում ենք հրատապ հարցազրույց Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի հետ:


- Պարոն Աբրահամյան, 2015 թ. նոյեմբերի սկիզբը Հայաստանի եւ Ռուսաստանի համար, ցավոք, մթագնվեց օդային եւ ավտոբուսային վթարներով, որոնց հետեւանքով շատ զոհեր եղան: Ինչպես մեզ հայտնի է, Ձեր գլխավորած Ռուսաստանի հայերի միությունը անուշադրության չմատնեց տվյալ ողբերգությունները եւ իր ուժերի համեմատ մասնակցեց տուժածների օգնության կազմակերպմանը: Այս կապակցությամբ ի՞նչ կարող եք ասել:

- Իրոք, 2015 թ. հոկտեմբերի 31-ը եւ նոյեմբերի 4-ը սեւ օրեր դարձան Ռուսաստանի եւ Հայաստանի կյանքում: Ասես ճակատագրական դեպքերի շարք լիներ ավիացիայի եւ ճանապարհատրանսպորտային պատահարների պատմության մեջ: Իհարկե, նման պատահարների ամենատխուր հետեւանքը մարդկանց մահն է: Այս կապակցությամբ կուզենայի Ռուսաստանի հայերի միության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն հայտնել տվյալ վթարների բոլոր զոհերի հարազատներին եւ մերձավորներին:

Եգիպտոսումՙ Սինայի երկնքում ավիավթարից զոհվեց 224 մարդ (բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները): Այն դարձավ ամենախոշոր վթարը ռուսական ավիացիայի պատմության մեջ: Հարկ է նշել, որ տվյալ վթարի զոհերի մեջ կային նաեւ հայկական ծագումով ՌԴ երկու քաղաքացիներ:

Տուլայի մոտակայքում Մոսկվա-Երեւան ուղերթի հայկական ավտոբուսի վթարից, ցավոք, զոհվեց 8 մարդ, տասնյակ ուղեւորներ ստացան տարբեր ծանրության վնասվածքներ: Որպես տվյալ վթարի նախնական պատճառ նշվում է մարդկային գործոնը:

Ես նոյեմբերի 4-ին շտապ կարգով մեկնեցի Տուլայի պատահարի վայր եւ մեր ուժերի համեմատ կազմակերպեցի օգնություն: Ինչպես գիտեք, տվյալ ավտոբուսի ուղեւորները չունեին համապատասխան սոցիալական ապահովագրություն, ինչը զգալիորեն բարդացնում էր նրանց բուժումը եւ տեղափոխումը Հայաստան: Մեր ֆինանսական օգնության նպատակն էր նվազագույնի հասցնել տվյալ վնասները: Պետք է պատշաճը հատուցեմ տեղական իշխանություններին, իրավապահ մարմիններին եւ ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքին: Հատկապես կուզենայի շնորհակալություն հայտնել Տուլայի մարզի նահանգապետ պրն Վ. Գուդզեւին եւ Տուլայի բուժհիմնարկների անձնակազմին:

Ցավոք, նոյեմբերի 4-ը մթագնվեց եւս մեկ ահավոր ողբերգությամբ. տաջիկական Asia Airways ընկերության «Ան-12» բեռնատար օդանավը վթարի ենթարկվեց Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանի շրջանում: Զոհվեցին 40-ից ավելի մարդիկ: Զոհված անձնակազմի անդամներից հինգը Հայաստանի քաղաքացիներ էին (Գեւորգ Թովմասյան, Սամվել Համբարձումյան, Արմեն Անտոնյան, Սամվել Մկրտչյան, Սուրեն Պետրոսյան), իսկ մեկըՙ ՌԴ քաղաքացի (Մ. Վոլկով): Կործանման պատճառը կարող էր լինել օդանավի գերբեռնվածությունը կամ տեխնիկական ինչ-որ խնդիր:

Հայկական կողմի տեղեկատվության համաձայն, անձնակազմի անդամները լիցենզավորված չեն եղել Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից: Նկատի ունենալով, որ Հարավային Սուդանում Հայաստանը չունի դիվանագիտական ներկայացուցչություն, որը հնարավորություն կտար օպերատիվորեն կազմակերպել անձնակազմի զոհված անդամների տեղափոխությունը, եւ այն հանգամանքը, որ ռուսական կողմը Ուգանդայում իր դեսպանութան միջոցով ծրագրել է ՌԴ քաղաքացի Մ.Ն. Վոլկովի տեղափոխությունը, ես ՌԴ արտգործնախարար Ս.Վ. Լավրովին խնդրեցի օժանդակել մեր ֆինանսանյութական մասնակցությամբ Ուգանդայով եւ Մոսկվայով դեպի Երեւան զոհված հայ օդաչուների տեղափոխությանը: ՌՀՄ տվյալ խնդրանքը ըմբռնումով ընդունվեց:

Իհարկե, նման ողբերգությունները անհնար է փոխհատուցել ֆինանսական, նյութական եւ այլ ծախսերով, քանի որ անհնար է վերադարձնել մարդկային կյանքը: Այդուհանդերձ մենք մեր պարտականությունն ենք համարում օգնել Հայաստանին, նրա հետ լինել թե՛ տոնակատարությունների օրերին, թե՛ վշտի րոպեներին:

- Նման ճանապարհային աղետներ, ցավոք, հաճախ են պատահում: Ձեր կարծիքով, հնարավո՞ր է արդյոք դրանք նվազագույնի հասցնել տնտեսական եւ իրավական բնույթի կանխիչ միջոցառումներով:

- Աշխարհում նման աղետներն ու վթարները, դժբախտաբար, անհնար է իսպառ բացառել: Եվ այստեղ գոյություն ունի երկու բարդությունՙ մարդկային գործոնը եւ տեխնիկական խնդիրները: Տվյալ ասպարեզում պետական մարմինների խնդիրն է առավելագույն միջոցներ ձեռնարկել փոխադրամիջոցների շահագործման կուլտուրան բարձրացնելու, շահագործման նորմերի ու կանոնների խախտման համար պատասխանատվությունը խստացնելու, ինչպես նաեւ շահագործման տեխնիկական պահանջներն ապահովելու նպատակով:

Հայաստանի վարորդները եւ օդաչուները, որպես կանոն, աչքի են ընկնում պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակով, սակայն տնտեսական դժվարությունների պատճառով հաճախ տեղի են ունենում փոխադրամիջոցների շահագործման սահմանված նորմերի խախտումներ:

Տուլայի վթարի դեպքում առկա են մարդկային գործոնի նշաններ, այսինքն վարորդի ուշադրության կորուստ: Այստեղ հարկ է նկատի ունենալ, որ վերջին տարիներին Երեւան-Մոսկվա երթուղով ավտոբուսային փոխադրումները շատացել են ուղեւորների միջոցների սղության, ինչպես նաեւ Հայաստանից ավիափոխադրումների թանկության ու սահմանափակության պատճառներով:

Այսպես, հայկական ԶԼՄ-ների տվյալներով, Երեւան-Մոսկվա ավտոբուսի տոմսը շուրջ 20-30 հազար դրամ է: Տարեկան 1 մլն ուղեւորի հաշվարկով գումարը կազմում է մոտ 50 մլն դոլար: Եթե մարդիկ թռչեին օդանավերով, ապա դրամաշրջանառությունը կկազմեր տարեկան 200 մլն դոլար, այսինքնՙ 4 անգամ ավելի:

Ցավոք, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ չկա երկաթուղային հաղորդակցություն. երկաթգծի աբխազական հատվածը հայտնի պատճառներով փակ է, իսկ Ադրբեջանը շարունակում է շրջափակումը: Այս պայմաններում մնում են ավտոմոբիլային եւ օդային փոխադրումները: Ընսմին ավիացիան աշխարհի հետ ՀՀ հաղորդակցման ռազմավարական միջոց է: Սակայն Հայաստանի ավիացիայի արդի վիճակն անբավարար է: Մինչեւ վերջերս «Արմավիա» ֆիրման փաստական մենատեր էր, իսկ այժմ դրա բացակայության պայմաններում ազգային լուրջ ավիափոխադրող դեռ չի հայտնվել: Հայաստանն այսօր չունի սեփական ավիացիա, եւ կառավարության թողտվությամբ տվյալ շուկային մենատիրում են օտար ավիաընկերությունները:

Կարծում եմՙ բիզնեսի եւ պետական անվտանգության շահերի տեսակետից ավիաշուկան նախ եւ առաջ կարող է ներառել ինչպես ազգային, այնպես էլ օտարերկրյա ավիաընկերություններ, երկրորդՙ հարկավոր է բացառել որեւէ սուբյեկտի մենատիրությունը, երրորդՙ տրանսպորտային դաժան շրջափակման մեջ հայտնված Հայաստանը պարտավոր է ունենալ ազգային ավիափոխադրող, որտեղ բաժնետոմսերի հիմնական փաթեթը (50+1%) կպատկանի պետությանը, այլ ոչ թե մասնավոր հատվածին:

Բնականաբար, ազգային եւ պետական նոր ընկերությունների ստեղծումը կպահանջի ներդրումներ, արդիական օդանավեր եւ որակյալ անձնակազմ (օդաչուներ, տեխնիկներ, կառավարում), բայց դրանք լուծելի հարցեր են տնտեսական ճիշտ քաղաքականության, պետական մարմինների, գործարարների եւ ավիաանձնակազմի պատասխանատվության բարձրացման դեպքում:

Այսօր մարդիկ Մոսկվայից Երեւան թռչելիս նախընտրում են «Աերոֆլոտը» եւ ռուսական այլ ընկերություններ, դրանցում տեսնելով հուսալիություն, ապահովություն եւ միջոցների խնայողություն: Տրանսպորտային հարցերը հարկավոր է լուծել առավելապես տնտեսական միջոցներով, հաշվի առնելով ազգային անվտանգության հարցերը:

Վերջին տարիներին հայ վարորդների մասնակցությամբ տեղի ունեցած լուրջ ավտովթարների կապակցությամբ հարկ է նշել նաեւ այնպիսի խնդիր, ինչպիսին է մաշված, երբեմն էլ խափանված տեխնիկայի շահագործումը: Տրանսպորտային ընկերությունների եւ միջոցների շահամոլ տերերը խուսափում են անհրաժեշտ ծախսերից: Ռուսաստանի եւ Հայաստանի հասարակությանը բնորոշ «յա բախտ» գործելակերպը հաճախ հանգեցնում է նման ողբերգությունների: Այդպես եղավ նաեւ տխրահռչակ «Կամազի» վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչ Հարությունյանի դեպքում:

Փաստորեն նույն վիճակն է ավիաշուկայում: Հարավային Սուդանում 2015 թ. նոյեմբերի 4-ին հայկական անձնակազմով «Ան-12»-ի կործանումը միակ դեպքը չէ: 2013 թ. նոյեմբերին նույն Սուդանում, Վաու քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելիս պայթեց Խարթում-Վաու չվերթի «Ան-12Բ» բեռնատար օդանավը: Զոհվեց 13 մրդ, այդ թվում անձնակազմի 4 հայ անդամներ: Օդանավը պատկանում էր հայկական մասնավոր մի ավիաընկերության: Ի դեպ, 2015 թ. նոյեմբերի 4-ին կործանված օդանավը նույնպես հայկական մասնավոր մի ավիաընկերության էր պատկանել մինչեւ 2014 թ., ապա վաճառվել էր տաջիկական Asia Airways ֆիրմային:

ՀՀ քաղաքացիները, աշխատանք փնտրելով արտերկրում (ՌԴ-ում կամ Աֆրիկայում), հանուն վաստակի դիմում են ռիսկի, թռչելով մաշված, գերբեռնված, երբեմն էլ տեխնիկապես անսարքին տեխնիկայով:

Այս դեպքում սոսկ արգելքներով եւ սահմանափակումներով բոլոր խնդիրները չեն լուծվի: Պետությունը պարտավոր է բացել նոր աշխատատեղեր, ստեղծել արդյունավետ մասնավոր ավիացիայի զարգացման պայմաններ, առավել պահանջկոտ լինել ավիատեխնիկայի շահագործման անվտանգության հարցում, չարամիտ կարգազանցներին զրկել համապատասխան գործունեության արտոնագրից:

Տվյալ բիզնեսի արդյունավետ զարգացումը անպայման պետք է նախատեսի նաեւ թռիչքային անձնակազմի համապատասխան սոցիալական ապահովագրություն: Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան հիմնադրամ, որպեսզի զերծ մնանք նման իրավիճակներից: Իր օդաչուներին, ուղեւորներին եւ բեռներին ապահովագրող ֆիրման անմիջական պատասխանատվություն է կրում նրանց ընտանիքների եւ բեռնատերերի առջեւ: Դա կնպաստի անվտանգության հարցում ընկերությունների պատասխանատվության բարձրացմանը:

- Ուրեմն վերջերս պատահած ավտովթարները հերթական անգամ բացահայտում են ՀՀ տնտեսության եւ գործադիր իշխանության մեջ առկա սուր խնդիրնե՞րը:

- Ես տվյալ ողբերգությունները չէի օգտագործի ՀՀ իշխանություններին հերթական անգամ քննադատելու համար: Տրանսպորտի ոլորտում խնդիրները կուտակվել են տարիներով եւ ակնհայտ են: Դրանք ունեն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Սակայն մենք չպետք է ժխտենք այդ ոլորտի բացթողումները եւ ճգնաժամային կողմերը: Պետության տնտեսական քաղաքականությունը պետք է լինի ոչ միայն խնայողական, այլեւ, առաջին հերթին, իր քաղաքացիների հանդեպ պատասխանատու: ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իմ մտադրությունը նախ եւ առաջ միտված է տնտեսական իրավիճակի բարեփոխմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 13-11-2015

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ