RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1514, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԲՐՅՈՒՍԵԼՆ ԱՀԱԳՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ՆԵՐՔՈ

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ

Մինչեւ երկուշաբթի կպահպանվի տագնապի գերաստիճանը

Գրեթե մեկ շաբաթ արդեն Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելն ապրում է տագնապալի ցնցումների ներքո: Հասարակության անվտանգությունն առավելագույնն ապահովելու համար հայտարարված է ահաբեկչության վտանգի գերբարձր մակարդակ : Ակտիվորեն փնտրում են փարիզյան ահաբեկիչներին, որոնց հետքերը հասնում են Բրյուսելի Մոլենբեկ (Molenbeek ) թաղամաս:

Բրյուսելը կանգնած է պատմական նախադեպը չունեցող իրավիճակի առաջ: Ահաբեկիչներին գտնելու ցանկացած փորձ ուղեկցվում է նպատակն արդարացնում է միջոցները սկզբունքով: Այդ իսկ պատճառով, նախ կրճատվեց հասարակական տրանսպորտի երթեւեկությունը, փակվեց մետրոն, մասնավորապես, նաեւ Շուման (Schuman) երկաթգծի կայարանը, որն անմիջապես գտնվում է Եվրոմիության եւ եվրոատյանների հարեւանությամբ: Փակվեցին նաեւ դպրոցներն ու մանկապարտեզները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, անմասն չմնացին նաեւ հիվանդանոցներն ու կլինիկաները: Մինչեւ երկուշաբթի արգելված են հանրային , մշակութային միջոցառումներն ու սպորտային խաղերը, չեն գործելու առեւտրի կենտրոնները, սպորտային համալիրները: Մինչեւ անգամ հասարակությանը կոչ է արվում հնարավորինս չօգտվել ինտերնետից, մասնավորապես Ֆեյսբուք-ից, քանի որ այն եւս խոչընդոտում է ահաբեկիչների եւ կասկածյալների որոնման աշխատանքների արդյունավետ իրականացմանը:

Ամբողջությամբ մոբիլիզացված են Բելգիայի բանակը, անվտանգության տարբեր օղակներն ու ոստիկանությունը: Սպասվում են նաեւ լրացուցիչ զինծառայողներ հարեւան պետություններից:

Բրյուսելը վերածվել է իսկական ռազմական թատերաբեմի, քաղաքի կենտրոնական հատվածներում միայն զրահամեքենաներ են եւ ռազմական համազգեստվ ավտոմատավորներ, իսկ տանիքներից դիպուկահարներն են հսկում:

Օպերատիվ միջոցառումների արդյունքում խուզարկվել են Բրյուսելի 19 համայնքների բոլոր կասկածվող բնակարանները, բերման են ենթարկվել տասնյակից ավել կասկածյալներ, բայցեւայնպես թիվ մեկ ահաբեկիչ հայտարարված Սալահ Աբդեսլան մինչ օրս ազատության մեջ է:

«Ես գերադասում եմ եղբորս տեսնել բանտում, քան գերեզմանուցում», իր հեռուստաելույթում հայտարարեց Սալահ Աբդելսլանի եղբայրը, հավաստիացնելով, որ երբեւէ չի կասկածել եղբորը ծայրահեղական կամ ջիհադիստական հայացքներ ունենալու մեջ եւ մինչեւ օրս հավատում է եղբոր անմեղությանը:

Բելգիայի հատուկ ծառայությունները եւս հաստատեցին, որ Աբդեսլանի ընտանիքը երբեք աչքի չի ընկել եւ խնդիրներ չի ունեցել բելգիական իշխանությունների հետ:

Մոլենբեկը համարվում է Բրյուսելի զգայուն թաղամասերից: Դեռեւս 60-ականներից այստեղ է բնակվում Մարոկկոյի ներգաղթյալների զգալի մի զանգված: Շատերի համար այն համարվում է վտանգավոր, ահ ու սարսափի, թմրանյութերի շրջանառման եւ առքուվաճառքի թաղամաս: Այստեղ անգամ ցերեկային ժամերին փողոցներում հանդիպում ես թմրանյութեր օգտագործողների, սակայն ոստիկանությունը հաճախ փակում է աչքերը, քանի որ ընդհարումներն ավարտվում են մարդկային զոհերով: Ասում են նաեւ, որ երբ երկու մարոկկոցիներ են կռվում, իսկ հաճախ նրանց վիճաբանությունների վերջը դանակահարությունն է, ոստիկանությունը միտումնավոր չի միջամտում, ասելով թե այսպես գոնե մեկ մուսուլման կվերանա երկրից: Մոլենբեկը հայտնի է որպես արմատական իսլամիզմի եւ մուսուլմանական շարժման բնօրրան: Այստեղ է հիմնվել «Շարիա 4 բելջմ» (Sharia 4 belgium) խմբավորումը, որի մասնակիցները քարոզում էին արմատական իսլամիզմ եւ ներգրավելով երիտասարդներիՙ ուղարկում Սիրիա: Սակայն այս տարի բելգիական անվտանգության մարմինների ակտիվ միջամտոթյամբ հաջողվեց այն փակել: Բելգիական հատուկ ծառայություններին հաջողվեց նաեւ կանխել խմբավորման կողմից լայնածավալ ահաբեկչական գործողությունը, որն իրականացվելու էր Բելգիայի ֆրանսիական հատվածում գտնվող Վերվիե քաղաքում:

Փարիզյան ահաբեկչությունը հոգեբանական ցնցումների է ենթարկել հատկապես Բրյուսելում ապրող մարոկկոցի համայնքին: Շատերի կարծիքով այն հիմնովին սեւ ստվեր է գցում արդեն չորրորդ սերունդն այստեղ ապրող մարոկկոցիների հեղինակության վրա: Այդ իսկ պատճառով, դեպքերի հաջորդ օրն իսկ, մարոկկոյական համայնքը Մոլենբեկի թաղապետարանի հրապարակում համերաշխության եւ ահաբեկչության զոհերին ցավակցելու հավաք էին կազմակերպել, նրանց սատարում էին նաեւ թաղամասի բելգիացի, իտալացի, իսպանացի, աֆրիկյան եւ այլ բազմաշերտ ազգերի հարյուրավոր բնակիչներ: Մոլենբեկի թաղապետը եւս մեկ անգամ ընդգծեց, թե Բելգիան շարունակում է հավատարիմ մնալ մարդասիրական սկզբունքներին, թե այստեղ գոյություն չունի ռասսայական խտրականություն եւ թե յուրաքանչյուրն իր արարքի համար է պատասխանատու:

Որքան էլ Եվրոպան փորձում է ցույց տալ, թե հավատարիմ է իր սկզբունքներին, այդուհանդերձ փարիզյան ահաբեկչությունը միանշանակ մեծ բեկում մտցրեց Եվրոմիության երկրների հոգեբանության մեջ, որն անշուշտ մոտ ապագայում առավել նկատելի կլինի:

Բրյուսելի հակաահաբեկչական լայնածավալ միջոցառումները հավանաբար շրջադարձային լինեն նաեւ Բրյուսելի իսլամական ակտիվիստների համար: Ըստ հարցաքննումների, Մարոկկոյի մուսուլմաններն արդարացված են համարում պատվի, հեղինակության, հավատքի համար սպանությունները: Այնպես որ չի բացառվում, որ Բրյուսելի հակաահաբեկչական գործողությունները ոչ թե նվազեցնեն ահաբեկչությունը Եվրոպայում, այլ նոր ահաբեկչությունների դրդապատճառ դառնան:

Բրյուսել

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015

AZG Daily #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ