RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



ՖԻՆԱՆՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2702, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ. ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ

ԷԼԵՈՆՈՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Հաշվարկային միավորները արժույթ չեն, այլ արդյունավետ գործիքՙ միջազգային հարաբերություններում արժույթների փոխարժեքների տատանումներից առաջացող հետեւանքները մեղմացնելու համար

Վերջերս ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում շատ է քննարկվում ԵՏՄ տարածքում հաշվարկային միավոր (կարճՙ ՀՄ) ներդնելու գաղափարը: Թեմայի արդիականությունը հաշվի առնելով` ներկայացնում ենք ամփոփ նկարագիր, թե ինչ է ՀՄ-ն եւ ինչպես է այն օգտագործվում:

ՀՄ-ն գույքի, ծառայությունների, ակտիվների, պարտավորությունների, եկամտի կամ ծախսերի արժեքի չափման միավոր է:

Յուրաքանչյուր առեւտրային հարաբերություններում արժեքի որոշումը անհրաժեշտ գործառույթ է: Սովորաբար, պետության ներսում որեւէ գույքի արժեքը չափելիս օգտագործվում է տեղական արժույթը: Սակայն միջազգային հարաբերություններում, հատկապեսՙ եթե խոսքը մի քանի պետությունների հարաբերությունների մասին է, միայն մեկ երկրի արժույթի վրա հույս դնելը եւ դրանով չափելը ռիսկային է: Եթե այդ արժույթն արժեզրկվեց, ապա պարտավորության չափն էլ փաստորեն կփոփոխվի:

Պարզ օրինակՙ ռիսկերն ու մեխանիզմը պատկերացնելու համար. մի անձ պարտքով փող է տրամադրել ԻՔՍ արժույթով: Պարտքը կազմել է 100 ԻՔՍ, որը այդ պահին հավասար էր 100.000 դրամի: Հինգ տարի հետո եկել է փողը հետ վերցնելու պահը, եւ հանկարծ ԻՔՍ արժույթը արժեզրկվում է, եւ այդ պահին 100 ԻՔՍ-ը հավասար է դառնում ընդամենը 40.000 դրամի:

Իսկ եթե պարտավորությունը հաշվարկվեր մի քանի արժույթներո՞վ: Օրինակՙ պարտավորության 40%-ը լիներ ՀՀ դրամով, 40%-ըՙ ԱՄՆ դոլարով եւ միայն 20%-ըՙ ԻՔՍ-ով: Այդ ժամանակ փողը հետ տալու պահին կստացվեր, որ արժեզրկվեց միայն պարտքի 20%-ը:

ՀՄ-ի ներդրման ժամանակ հենց դա էլ կատարվում է. ստեղծվում է «արժույթների զամբյուղ»ՙ բաղկացած մի քանի արժույթից, որոնցից ամեն մեկը ունի իր «մասնաբաժինը» մեկ ՀՄ-ում (ինչպես որոշեցինք մեր օրինակումՙ 40%, 40%, 20%): Սովորաբար մասնաբաժինները որոշվում են ըստ արժույթների երկրների ՀՆԱ-ի, կամ ըստ այդ արժույթիՙ միջազգային առեւտրում ունեցած դերի:

ՀՄ-ն օգտագործվում է միայն հաշվարկներ իրականացնելիս, ուղղակի չափ նշելու համար: Այն արժույթ չէ եւ չունի թղթադրամ կամ մետաղադրամ: Այն վճարման միջոց չէ: Թեեւ հաշվարկը կարող է վարվել ՀՄ-ով, վճարման պահին այն կոնվերտացվում է որեւէ արժույթի, որպեսզի հնարավոր լինի իրականացնել վճարումը:

ՀՄ-ները օգտագործվում են հատկապես այն ժամանակ, երբ խոսքը պետությունների միջեւ հարաբերությունների մասին է: Թերեւս ամենահայտնի օրինակը Արժույթի Միջազգային Հիմնադրամն է (ԱՄՀ կամ IMF):

ԱՄՀ-ն միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետությունների փոխարժեքերը կայունացնելու եւ միջազգային վճարումները դյուրին դարձնելու նպատակով: ԱՄՀ-ն իրեն անդամակցող երկրներից անդամավճար է գանձում, սակայն այն պահում է եւ հաշվարկում ոչ թե որեւէ մեկ արժույթով, այլՙ ՀՄ-ով, որը կոչվում է SDR (Special Drawing Rights) : Այն կազմված է աշխարհի առաջատար չորս արժույթների զամբյուղիցՙ ԱՄՆ դոլար, եվրո, բրիտանական ֆունտ ստերլինգ եւ ճապոնական յեն (շուտով հնարավոր է նաեւ միանա չինական ռենմինբին): SDR-ում այդ չորս արժույթների «մասնաբաժինները» վերանայվում են ամեն հինգ տարին մեկ, որպեսզի դրանք համապատասխանեցվեն համաշխարհային տնտեսության զարգացումներին:

ՀՄ-ի այլ օրինակ է Եվրոմիությունում մինչեւ եվրոյի ներդնումը օգտագործվող հաշվարկային միավորըՙ ECU-Ն: Այն մոտ 20 տարի օգտագործվել է ԵՄ անդամ պետությունների կողմից որպես լիարժեք արժեքի չափման միավոր: Այն արժույթ չէր հանդիսանում եւ օգտագործվում էր միայն անկանխիկ հաշվարկների ժամանակ: ECU-ն հաշվարկվում էր հետեւյալ կերպ. Եվրոպական Կոմիտեն յուրաքանչյուր ԵՄ անդամ-պետության արժույթի համար որոշում էր ՀՄ-ում մասնակցության չափՙ կախված ԵՄ տնտեսության մեջ այդ պետության դերից: Այնուհետեւ օրական կտրվածքով յուրաքանչյուր արժույթի մասնաբաժինը բազմապատկվում էր այդ իսկ արժույթի տվյալ պահի դրությամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի չափով եւ յուրաքանչյուր արժույթի համար ստացված արդյունքները գումարվում էին: Դա մեկ ECU ԱՄՆ դոլարային արժեքն էր:

ECU-ն օգտագործվում էր ինչպես պետությունների միջեւ հարաբերություններում, այնպես էլ մասնավոր ոլորտում: Միջազգային ֆինանսական գործարքներում այն օգտագործելն ավելի հարմար էրՙ առանձին անդամ-պետությունների արժույթների արժեզրկումից խուսափելու նպատակով: Ներդրումների շրջանակում եւս նպատակահարմար էր օգտագործքել ECU-ն, քանի որ այն հնարավորություն էր տալիս հիմնվել ամբողջ ԵՄ տնտեսության կայունության վրաՙ առանձին մեկ անդամ-պետության արժույթի փոխարեն:

Այսօր էլ միջազգային առեւտրում ներգրավված անձինք եւս գերադասում են իրենց ռիսկերը մեղմացնել: Որպես կանոն գործարքները կնքվում են համեմատաբար կայուն արժույթներովՙ ԱՄՆ դոլար, եվրո եւ այլն: Ոմանք այդ արժույթների փոխարեն ընտրում են ՀՄ-ի մեկ այլ հետաքրքրական օրինակՙ WOCU-ն: WOCU-ն ՀՄ է, որի արժութային զամբյուղը բաղկացած է աշխարհի քսան առաջատար պետությունների (G-20) արժույթներից: Արժույթների «մասնաբաժիններն» էլ որոշվում են համաշխարհային տնտեսությունում պետությունների դերին համապատասխան: G-20 պետությունների արժույթների ամբողջությունը համեմատաբար ավելի կայուն չափանիշ է, քան որեւէ մեկ արժույթՙ առանձին վերցված:

WOCU-ն լայնորեն կիրառվում է միջազգային առեւտրում: Խոշոր առեւտրային կազմակերպություններ եւ ֆինանսական կառույցներ իրենց հաշվարկներում օգտագործում են WOCU-ն, որպեսզի խուսափեն առաջացող ռիսկերից: Օգտագործվում են նաեւ ֆինանսական գործիքներՙ նոմինացված WOCU-ով: Բանկերը պահում են WOCU հաշիվներՙ միմյանց հետ հարաբերությունները հաշվարկելով այդ ՀՄ-ով:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ում ՀՄ-ի ներդրմանը, եթե այն ընդհանրապես ներդրվի, ապա կազմված է լինելու անդամ-պետությունների արժույթների զամբյուղից: Ճիշտ էՙ դեռ պարզ չէ, թե ինչպիսին է լինելու ՀՄ-ն, ինչպես եւ որ դեպքերում է այն օգտագործվելու. ՀՄ ներդնելու հնարավորությունը դեռ նոր պետք է քննարկվի եւ բանակցվի: Սակայն համարվում է, որ տնտեսական ինտեգրման հարցում նոր ՀՄ-ն կաջակցի ԵՏՄ անդամ-պետությունների արժույթների փոխարժեքների կտրուկ տատանումների վնասից խուսափելու հարցում թե՛ պետությունների միջեւ հարաբերություններում եւ թե՛ միջազգային ձեռնարկատիրական հարաբերություններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ