RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2015-11-13 > #043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015



Տեղադրվել է` 2015-11-29 21:31:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1515, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԹՈՒՐՔԻԱՆ ՎԱՅՐ Է ԳՑՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՍՈՒ-24-Ը, ԻՍՐԱՅԷԼԸ ՀԱՐՈՒԱԾՈՒՄ Է ՍԻՐԻԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ...

ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան

«Ո՞վ ո՞վ է «Սիրիական պատերազմում»

Նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի Ֆ-16 կործանիչ ինքնաթիռները (այլ տուեալներովՙ ՀՕՊ-ի զենիթային համակարգերը) 6 կմ բարձրութիւնից վայր են գցել Սիրիայում ահաբեկիչների դէմ պայքարող ռուսական Սու-24 ռազմաճակատային ռմբակոծիչը: Թուրքերը պատճառաբանել են, թէ իբր Սու-24-ը 6 վայրկեան խախտել է թուրքական օդային տարածքը: Ռուսական կողմը ժխտում է խախտման փաստը... BBC-ն հաղորդում է, թէ խփուած ինքնաթիռի 2 օդաչուն էլ կատապուլտով դուրս են նետուել: Ըստ որոշ տեղեկութիւնների, թուրք-սիրիական սահմանի մօտ Ասադի դէմ մարտնչող սիրիական թուրքմենները գնդակահարել են նրանց անկարգելով (պարաշիւտով) վայր իջնելիս կամ արդէն գետնի վրայ: Արդիւնքում միջազգային ամենաբարձր ատեաններում քննարկւում է օդանաւի խոցման հարցը: ՆԱՏՕ-ի խորհուրդը քննարկելու է դաշինքի անդամիՙ Թուրքիայի կատարած գործողութիւնն ընդդէմ ՌԴ-ի: Մոսկուան կարող է նաեւ շատ ցաւալի պատասխան հարուած հասցնել: Այս ամէնը ո՞ւր կարող է տանել տարածաշրջանը...

Պուտինը սա անուանել է ոճիր, հարուած Ռուսաստանի թիկունքին եւ Թուրքիայի բացայայտ անցում ԻԼԻՊ-ի կողմը: ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը պաշտօնապէս բողոք է յայտարարել: ԱԳ նախարար Լաւրովի այցը Թուրքիա չեղեալ է յայտարարուել: Իտալիան եւս յայտարարել է, թէ իր այս քայլով Թուրքիան պաշտպանում է ԻԼԻՊ-ին:Գերմանական բունդեսթագի «ձախերի» ֆրակցիայի առաջին փոխնախագահը յայտարարել է, թէ թուրքական կառավարութիւնը «հանեց իր դիմակը»...

Միայն քաղաքականապէս կոյրը կարող էր չտեսնել, որ Թուրքիան ԻԼԻՊ-ի հովանաւորը, սնողն ու ուղղորդողն է: Կամՙ դրանցից գոնէ մէկը...

Մեծ Բրիտանիայի վարչապետը կոչ է արել թուրքական կողմինՙ լեզու գտնել ռուսական կողմի հետ եւ մեղմել վերջինիս զայրոյթը: Իսկ ամերիկեան կողմը յայտարարել է, թէ 2015թ. հոկտեմբերի 20-ի ռուս-ամերիկեան փոխըմբռնման յուշագիրըՙ Սիրիայի օդային տարածքում փոխգործակցութեան մասին, չի տարածւում այլ սուվերէն պետութիւնների, տուեալ դէպքումՙ Թուրքիայի օդային տարածքի վրայ, որն էլ օգտուել է ինքնապաշտպանութեանՙ միջազգայնօրէն ընդունուած իր իրաւունքից...

Անշուշտ, թուրքական հարուածը Սիրիայում գործող ռուսական օդուժին պատահական չէ: Թուրքերը, ամենաբարձր մակարդակով, սպառնում էին այսպէս վարուել ռուսների նկատմամբ 30.09.2015թ.-ից, այսինքնՙ այն ժամանակուանից ի վեր, ինչ Ռուսաստանը հզօր ՌՕՈՒ խմբաւորում է տեղակայել Սիրիայում եւ հարուածներ է հասցնում հակակառավարական ուժերինՙ ի մասնաւորի ԻԼԻՊ-ին...

Այսպիսով սիրիական պատերազմը եւ, յատկապէս, Սիրիային օգնելու նպատակով ՌԴ կողմից անցկացուող ՌՕՈՒ գործողութիւնը դարձան այն «լակմուսի թուղթը», որը բացայայտում է , թէ «ո՞վ ո՞վ է» Մերձաւոր Արեւելքում...

Այս առումով հետաքրքրական է նաեւ միջազգային լրատուադաշտում յայտնուած հետեւեալ տեղեկատւութիւնը...

30.10.2015թ. եւ 01.11.2015թ. Իսրայէլը, օդուժի հարուածների 2 շարք է ուղղել ընդդէմ Սիրիայի պետական ռազմական օբյեկտների, որտեղ կային զէնքեր, որոնք, իբր, նախատեսուած էին Լիբանանի «Հըզբոլլահ» շիա մարտական խմբաւորման համար: Այս տեղեկատւութիւնը հրապարակել է հանրայայտ IHS մասնաւոր վերլուծական կազմակերպութիւննՙ իր Janes Defence Weekly ռազմական վերլուծական-տեղեկատուական պարբերականի 11.11.2015թ. համարում: (HIS JDW, 11.11.2015, vol.52, issue 45, page 16):

Ըստ JDW-ի, սիրիական ընդդիմութեանը մերձ մի քանի լրատուական աղբիւրներ հաղորդել են, թէ իսրայէլական օդուժն օգտագործել է հեռահար հրթիռներ, որոնք արձակուել են հարեւան Լիբանանի հանրապետութեան օդային տարածքիցՙ նպատակ ունենալով խոցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից հիւսիս գտնուող Քալամուն շրջանի պետական ռազմական օբյեկտները:

Իսրայէլական օդուժի հարուածների 1-ին ալիքի մասին տեղեկացրել է սիրիական ընդդիմութեան ճամբարին պատկանող «Սիրիա մուբաշեր» լրատուամիջոցը: Այդ հարուածները կատարուել են 30.10.2015թ. ժ.11:00-ին: Մէկ այլ հակակառավարական լրատուամիջոցՙ «Ալ-հալ»-ը, մեջբերելով տեղացի ընդդմիադիր մի գործչի խօսքերը, նշում է, որ իսրայէլական կողմը հարուածել է Դամասկոսից 55 կմ դէպի հիւսիս գտնուող Ռաս ալ-Այն բնակավայրի մօտ գտնուող «Հըզբոլլահի» դիրքերին, ինչպէս նաեւ Սիրիայի պետական բանակի 155-րդ բալիստիկ հրթիռային բրիգադի տեղակայման վայրին, որը գտնւում է Քութայֆահ բնակավայրից հարաւ-արեւմուտք: Հաղորդւում է նաեւ, թէ ամենայն հաւանականութեամբ իսրայէլական հարուածների արդիւնքում ոչնչացել է «Սկադ» տեսակի բալիստիկ հրթիռներ պարունակող 3 ռազմապահեստ:

Հարաւային Լիբանանի անվտանգութեան ուժերի աղբիւրներն իրենց հերթին հաղորդել են, թէ հոկտ.ի 30-ին Լիբանանի օդային տարածքի անսովոր մեծ քանակութեամբ խախտումներ են յայտնաբերել:

Ահա այսպէս կոչուած «քաղաքացիական պատերազմի» սկսուելուց ի վեր, այսինքնՙ գրեթէ 4 ու կէս տարի շարունակ իսրայէլական ռազմական ինքնաթիռները, տարբեր առիթներով մի քանի անգամ արդէն Սիրիայի տարածքի խորքին ուղղուած հրթիռներ են արձակել Լիբանանի օդային տարածքից:

Ի դէպ, Սիրիայի պետական զինուած ուժերն իրենց սպառազինութեան մէջ ունեն ռուսական արտադրութեան բաւական կատարեալ ՀՕՊ համակարգեր: Ցաւալին այն է, որ վերջին տարիներին սիրիական հակաօդայինները կա՛մ ի վիճակի չեղան, կա՛մ չցանկացան հարեւան պետութեանՙ Լիբանանի օդային տարածքում խոցել իսրայէլական ռազմական ինքնաթիռները...

Վերադառնանք JDW-ի հաղորդմանը: Իսրայէլական օդուժի վերջերս տեղի ունեցած ակտիւացման ժամանակՙ Սիրիային ուղղուած հարուածների երկրորդ ալիքը իրականացուել է նոյեմբերի 1-ի երեկոյեան: «Հըզբոլլահի» կողմնակից «Մուլհաք» լրատուական գործակալութիւնն իր աղբիւրների հիման վրայ տեղեկացնում է, թէ Լիբանանի օդային տարածքից գործող իսրայէլական օդուժը դարձեալ հարուածել է սիրիական պետական բանակի 155-րդ հրթիռային բրիգադին: Ուշագրաւ է, որ այդ հարուածների հետեւանքով զոհուել է «Հըզբոլլահ» ռազմական խմբաւորման 6 զինեալ: Այդ մասին հաղորդում են Լիբանանի անվտանգութեան ուժերի աղբիւրները:

Ընդգծենք, որ ո՛չ Իսրայէլը, ո՛չ Սիրիայի իշխանութիւնները եւ ո՛չ էլ «Հըզբոլլահը» չեն մեկնաբանել վերոյիշեալ օդային հարուածների մասին հաղորդումները...

Ի դէպ, Սիրիայի իշխանութիւնները նախկինում տեղեկացրել են, թէ Իսրայէլը հարուածներ է հասցրել, բայց չեն հաստատել իսրայէլական կողմից կատարուած մի շարք այլ հարուածների մասին, որոնց վերաբերեալ տեղեկութիւններ են յայտնուել համաշխարհային լրատուադաշտում...

Իսրայէլական պաշտօնեաները չեն մեկնաբանում իրենց օդուժի կատարած օդային հարուածները, բաւարարուելով նրանով, որ նշում են, թէ Իսրայէլը թոյլ չի տայ, որպէսզի արդիական հզօր զէնքերը Սիրիայից յայտնուեն «Հըզբոլլահի» ձեռքերում...

Վարչապետ Նաթանիահուն մինչ այդ, հոկտ.ի 2-ին յայտնել էր, որ, հաւանաբար, Իսրայէլին չի յաջողուել խոչընդոտել արդիական հզօր զէնքերի բոլոր տեսակի փոխանցումները Սիրիայից դէպի Լիբանան, որի արդիւնքում «Հըզբոլլահը» մաքսանենգ ճանապարհով ստացել է «Պանցիր-Ս1» զենիթային համակարգերը եւ «Եախոնտ» հականաւային հրթիռները:

Եթէ հաստատուի, որ Իսրայէլն իրօք օդային հարուածներ է հասցրել, ապա դրանք առաջին հարուածներն են սեպտ.ի 30-ից ի վեր...

Իսրայէլի հասցրած հարուածները կարող են դիտուել որպէս հրէական պետութեան յստակ դիրքորոշում ՙ շարունակել թիրախ համարել զէնքի փոխադրումները, չնայած Ռուսաստանի ռազմական ներկայութեանը Սիրիայում...

JDW-ն հարց էր դնում, որ այնուամենայնիւ, պարզ չէ, թէ որքան ժամանակ Ռուսաստանը կհանդուրժի Իսրայէլի կողմից այսպիսի հարուածների շարունակումը: Ռուսաստանը կարող է զայրանալ, որ Իսրայէլը, ռուսական զօրքերի տեղակայման վայրերից ոչ հեռու ռազմաօդային գործողութիւններ իրականացնելով վտանգում է Սիրիայում գործող ռուս զինծառայողների կեանքը: Եւ ահաՙ տեղի ունեցաւ թուրքական վերոյիշեալ ոճիրն ընդդէմ Ռուսաստանի...

JDW-ն նաեւ ենթադրութիւն է յայտնել, որ Ռուսաստանը կարող է պատասխան գործողութիւններ կատարել Իսրայէլի դէմՙ ռադիոէլեկտրոնային պայքարով խախտելով վերջինիս ռազմական ինքնաթիռների կապը եւ հրթիռների ուղղորդումը, ինչպէս նաեւ ուժեղացնելով Սիրիայի պետական բանակի հակաօդային ուժերըՙ տրամադրելով «Պանցիր-Ս1»-երի լրացուցիչ խմբաքանակներ...

Տեղեկացնենք, որ ըստ միջազգային յայտնի ռազմավերլուծական-տեղեկատուական կազմակերպութիւններից մէկիՙ Ստոկհոլմի միջազգային խաղաղութեան հետազօտութիւնների ինստիտուտի (Stockholm International Peace Research Institute, SIPRI) տեղեկութիւնների, Սիրիայի պետական բանակը 2008-2011թթ. Ռուսաստանից արդէն ստացել էր 36 համալիր «Պանցիր-Ս1»: Ընդ որումՙ 2006թ. ռուս-սիրիական պայմանագրով նախատեսւում էր Սիրիային մատակարարել մինչեւ 50 «Պանցիր-Ս1»: Վերջինս կարող է խոցել օդային նպատակակէտերը մինչեւ 20 կմ հեռաւորութեան եւ մինչեւ 15 կմ բարձրութեան վրայ:

Ամփոփելով, կարող ենք ասել, որ ո՛չ թուրքերի բացայայտ հակառուսական գործողութիւնները, ո՛չ Իսրայէլի եւ միւս պետութիւնների հակասիրիական ամբողջ գործունէութիւնը չեն կարող ստիպել Ռուսաստանին նահանջելու իր նախանշած ուղուցՙ Սիրիայի պաշտպանութիւնից : Ռազմական ուժով պաշտպանելով սիրիական պետութեան գոյութեան իրաւունքն ու ամբողջականութիւնը Ռուսաստանը պաշտպանում է ոչ միայն Մերձաւոր Արեւելքում իր սեփական կենսական շահերը: Ռուսաստանը պաշտպանում է Պուտինիՙ տարիներ առաջ հռչակած բազմաբեւեռ աշխարհի գաղափարըՙ ընդդէմ միաբեւեռ աշխարհի մինչեւ վերջերս գործած մոդելի: Եւ այդտեղ նա ունի բաւական լուրջ միջազգային դաշնակիցներ...

Այնպէս որ, սա գուցէ կարող է լինել Թուրքիայի վերջի սկի՞զբը...

Նկար 1. Թրթուրաւոր շասսիով Պանցիր-Ս1

Նկար 2. Թուրքական Ֆ-16 կործանիչների կողմից խփուած ռուսական Սու-24-ի անկումը

Նկար 3. Ռուսական «Սկադ» բալիստիկ հրթիռը

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 27-11-2015

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ