RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1675, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՄԱՆ ՇԱՐԺԻՉՆ Է

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Կենսաթոշակային բարեփոխումը այս պահին Հայաստանում առկա միակ միջոցն է երկրի իրական ժողովրդավարացման համար: Ներկայումս այս բարեփոխումը շատերի համար թերեւս օրակարգային հարց չէ: Հուրախություն բարձրաձայն ու լռելյայն բողոքողների, օրենսդիրը բարեփոխման լայնածավալ կիրառումը հետաձգել է մինչեւ 2017 թվականը: Հետո՞: Հետո Աստված միգուցե մեծ է: Կամ էլի բողոքական շարժում կսկսվի ու հույս կլինի, որ իշխանությունները ընտրությունների նախաշեմին բարեփոխումը կրկին կհետաձգեն, կամՙ «կթողնենք ու էս էրկրից կէթանք» մտայնությունը կդառնա գերիշխող: Այս երկու անբաղձալի հավանականություններից մեկի տեղի ունենալու դեպքում կրկին հասարակությունը բաց կթողնի իր եւ իր իշխանության ժողովրդավարացման հնարավորությունը: Ինչո՞ւ:

Առանց ֆինանսավորման աղբյուրների ժողովրդավարական հասարակարգի գոյատեւումը բացառված է: Այդ ֆինանսավորումը տեղի է ունենում, եթե հասարակության կենսակերպը հարստության կուտակումն է: Զարգացած ու ժողովրդավարական աշխատող համակարգեր ունեցող երկրների պատմությունները վկայում են, որ ուժեղ կապ կա բնակչության հարստության մակարդակի ավելացման ու ժողովորդավարության ուժեղացման միջեւ: Կապիտալի կուտակումն ու հարստացումը բնակչությանը ճնշված, ընչազուրկ ու իրավազուրկ զանգվածից դարձնում է իրավատեր, պահանջատեր, պրոֆեսիոնալ հանրություն: Հանրության, որը թե ինքն իրենից եւ թե իր իշխանություններից իրավացիորեն պահանջելու է մասնակցություն կառավարման գործընթացներին, կառավարման օղակների աշխատանքի ու որոշումների իրական հրապարակայնություն ու թափանցիկություն, ինչպես նաեւ պատշաճ մակարդակի ծառայություններ իր վճարած հարկերի դիմաց:

Հիմա խոսենք հարկերի մասին:

Ունենալով զգալի աղքատ հասարակություն (որոշ մասնագիտական գնահատականներով բնակչության շուրջ 1/3-ը) ու սակավաթիվ միջին դաս, ինչպես նաեւ ստվերի բարձր մակարդակ (կրկին, որոշ մասնագիտական գնահատականներովՙ մինչեւ 2/3) Հայաստանում բնականաբար քիչ տեսակարար կշիռ են կազմում օրինապահ հարկատու քաղաքացիները: Հասարակության այս կառուցվածքը ակնհայտ է, որ չի կարող ձեւավորել այնպիսի հանրային պահանջատիրություն, որն իր իսկ իշխանության առջեւ կդնի ժողովրդավարական կառավարման (իր բոլոր հատկանիշներով) օրակարգ: Իսկ իշխանությունը չունենալով այդ օրակարգը, բնականաբար կկառավարի այնպես, ինչպես գիտի, կամ ավելի ճիշտ այնպեսՙ ինչպես սովորաբար կառավարում են աղքատ զանգվածին: Հասկանում եք: Իսկ միջին դաս հանդիսացող, օրն ի բուն աշխատող, պրոֆեսիոնալ մարդը որեւէ պահանջ կամ վտանգ չի ներկայացնի: Նա լավագույն դեպքում կուրախանա վարկով գնված իր նոր բնակարանով, ավտոմեքենայով կամ կենցաղային տեխնիկայով, իսկ վատագույն դեպքում կլքի երկիրը` նոր բախտ որոնելու: Սա է ցույց տալիս նաեւ այն (չնայած երեւի չկան մասնագիտական հաշվարկներ), որ արտերկրում կրթություն ստացաց մեր հայրենակիցների մեծ մասը կա՛մ չի վերադարձել, կա՛մ էլ վերադառնալուց հետո «էս երկիր չի» հռետորաբանությամբ հեռացել է հայրենիքից: Այսպիսով, որպես երկիր մեր խնդիրն է դառնում մեծացնել հասարակության այն զանգվածի տեսակարար կշիռը, որը պրոֆեսիոնալ է, աշխատում է, վճարում է հարկեր, կուտակում իր ապագայի համար, իր վճարած հարկերի դիմաց իշխանություններից պահանջում ոչ թե նպաստներ եւ օգնություններ, այլ ժողովրդավարական կառավարում, իսկական առաջնորդում, ներկայացվածություն, հաշվետվողականություն, ու արդիական հանրային ծառայություններ: Այս զանգվածի մեծացումն է, որը մեր պետությանը «բաշխող»-ից կվերածի «ստացողի»:

«Բաշխող» պետությունում հասարակության զգալի մասն ապրում է տվյալ օրվա հույսով, մի կտոր ստանալու ակնկալիքով, առանց ապագայի տեսլականի` «յոլա գնալու» ռեժիմով: Իսկ հարստության կուտակումն ապագային միտված գործառույթ է ու էապես փոխում է խաղի կանոնն ու հասարակության ապրելակարգը: Ակնհայտ է, որ կենսաթոշակային կուտակումները կատարվում են հենց ապագայի համար:

Այժմ, թե ինչպե՞ս են կենսաթոշակային կուտակումները Հայաստանի քաղաքացուն օգնելու հարստանալ:

Կենսաթոշակային կուտակային համակարգի ներքո մարդն իր աշխատավարձից կատարում է կուտակումներ` աշխատավարձի 5 տոկոսի չափով (ներկայումս ոչ ավել քան ամսական 25 000 դրամ): Կատարված կուտակումները հավաքագրվում են իր համար բացված հատուկ կենսաթոշակային հաշվին: Այդ հաշվին պետությունը ավելացնում է նույնքան գումար, որքան կուտակել է մարդը: Այսինքն, եթե մարդը հունվարի 1-ի դրությամբ ստանում է 200 000 դրամ աշխատավարձ, ապա նա կկուտակի ամսական 10 000: Բայց տարվա վերջին նա իր հաշվում կուտակված կունենա ոչ թե 120 000 դրամ, այլ դրա կրկնապատիկը` 240 000 դրամ, քանի որ պետությունը պարտավորություն է ստանձնել կուտակողի հաշվին ավելացնել նույնքան գումար, որքան մարդը ինքն է կուտակել: Իսկ սա դեռ ամենը չէ: Ի՞նչ է տեղի ունենում կուտակված գումարի հետ: Կուտակված գումարները մասնագիտացված կառավարիչների (այս պահին Հայաստանում կա երկու մասնագիտացված ու լիցենզավորված կառավարիչ, որոնք արեւմտյան շուկաներում ունեն կենսաթոշակային կուտակումների կառավարման տասնամյակների փորձ) կողմից ուղղվում են դեպի բազմապիսի ներդրումներ, ինչպիսիք ենՙ տեղական եւ օտարերկրյա պետական ու ոչ պետական արժեթղթերը, ավանդները, ֆոնդերը, եւ այլն: Կատարված ներդրումների շնորհիվ տեղի է ունենում երեք հրաշալի բան: Առաջինը, դիվերսիֆիկացվում են Հայաստանի քաղաքացու կուտակումներն ու ներդրումները: Երկրորդը, նույն քաղաքացին անուղղակիորեն դառնում է բաժնետեր այնպիսի գերհսկա ընկերությունների, ինչպիսիք են Տոյոտան, Կոկա-Կոլան, Էփըլը, եւ այլն: Երրորդը, կատարված ներդրումները քաղաքացու համար ապահովում են եկամուտներ, որոնք վերաներդրվում են նոր ներդրումային ֆոնդերի մեջ, ու այդպես շարունակ: Այսպիսով, 25 տարեկան, 200 000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին կարող է ակնկալել, որ թոշակի անցնելու պահին կունենա կուտակած մոտ 80 միլիոն դրամ: Վատ չէ, չէ՞:

Պարզ է, որ կենսաթոշակային բարեփոխման ընդդիմախոսները բարձրացնելու են բազմաթիվ հակափաստարկներ, պնդումներ ու հարցադրումներ, որոնք միգուցե կասկածի տակ կդնեն կենսաթոշակային բարեփոխման հուսալիությունը: Դրանցից են. այս պետությանը չենք վստահում, ավելի լավ է խնայենք բանկում ավանդ ներդնելով կամ անշարժ գույք գնելով, ավելի լավ է հիմա ծախսենք, որովհետեւ չգիտենք վաղը ինչ է լինելու, բա որ մեր կուտակածը կորցնենք այնպես, ինչպես տեղի ունեցավ Սովետմիության փլուզման հետեւանքով, եւ այլն: Սրանք բոլորն արժանի ու պատասխան ակնկալող եւ ունեցող պնդումներ ու հարցադրումներ են: Սակայն դուրս են այսօրվա մեր թեմայից ու ենթակա են արձագանքման հաջորդիվ: Այսօրվա մեր թեման Հայաստանի ժողովրդավարացումն է կենսաթոշակային բարեփոխման միջոցով: Հիմա եկեք համեմատենք ու տեսնենք, թե ո՞ր քաղաքացին է առաջադրելու երկրի ժողովրդավարացման, իր ներկայացվածության, իր վճարած հարկերի միջոցով հանրային պատշաճ ծառայությունների մատուցման պահանջ. աշխատավարձը ծայրը ծայրին հասցնող, իր ապագա քառասուն տարվա եկամուտները այսօր բանկերին սպառողական վարկերի դիմաց հանձնող, ապագայի անորոշությամբ շփոթված քաղաքացի՞ն, թե՞ հարստություն կուտակող, 80 միլիոն դրամի դրամագլուխ ակնկալող, անդրազգային ընկերություններում ակտիվ ներդրումներ կատարող ու իր ապագան մեր երկրի հետ կապող քաղաքացին: Մեր խնդիրն է ձեւավորել երկրորդ տեսակի քաղաքացիների ստվար զանգված, որոնք իրենց տեսլականով, նպատակներով, շահերով ու վարքագծով էապես տարբերվում են «բաշխող ձեռքից» մի փոքր փայ կամ մի նպաստ ստանալու ակնկալիքով գոյատեւող քաղաքացուց: Որքան երկրորդ տեսակի քաղաքացիներից բաղկացած զանգվածը մեծ լինի, այնքան երկրի ժողովրդավարացման պահանջը մեծ ու ենթարկեցնող է լինելու: Ժողովրդավարական կառավարման պահանջը հայելու նման արտացոլվելու է իշխանության վրա: Դա անխուսափելի է:

02.12.2015

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ