RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 906, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՎԵՐԼՈՒԾԵԼՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԸ

ՐԱՖՖԻ ԷԼԻՈՏ

Դեկտեմբերի 6-ին ակնկալվում է Հայաստանում անցկացնել երկրի սահմանադրության բարեփոխումների հանրաքվե, որի հիմնական առաջարկը նախագահականից խորհրդարանական կառավարման համակարգի անցումն է:

Բարեփոխումները, որոնք մշակվել էին մասնագիտացված հատուկ հանձնախմբի կողմից օգոստոսի վերջերին, քվեարկության դրվեցին Ազգային Ժողովում, որտեղ Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն է կազմում, եւ հոկտեմբերի 5-ին հաստատվեցին ձայների 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ: Քվեարկությունը ուժգին քննադատության արժանացավ, որովհետեւ խորհրդարանի 131 տեղերից 70-ը հանրապետական կուսակցությանն էր պատկանում: Վերջինիս աջակցում էին նաեւ ՀՅԴ-ն, որը երկար ժամանակ է ինչ կոչ էր անում անցում կատարել դեպի խորհրդարանական կառավարման համակարգ, եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը սկզբնական շրջանում դեմ լինելով, նախագահ Սարգսյանի եւ նախկին միլիարդատեր առաջնորդ Ծառուկյանի ցուցադրական հանդիպումից հետո փոխեց իր դիրքորոշումը:

Գլխավոր ընդդիմադիրները մնացին «Հայ Ազգային կոնգրեսը» առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ, առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը եւ ընդդիմադիր դարձած նախկին իշխանամետ «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Հայաստանն իր առաջին սահմանադրությունը որդեգրեց 1995-ին, 1978-ին ընդունված խորհրդային ժամանակաշրջանի սահմանադրության փոխարեն: Նոր սահմանադրությունը հետագայումՙ 2005-ին բարեփոխվեց առավել համապատասխան դարձնելու համար այն Եվրոխորհրդի պարտավորություններին եւ երկքաղաքացիություն ունենալու հնարավորություն տալու սփյուռքահայ հայրենակիցներին: Նաեւՙ նախագահականից դեպի կիսա-նախագահական իշխանության համակարգ անցում կատարելու համար: Այդ բարեփոխումները տարակարծություններ առաջացրեցին: Ընդդիմադիր ուժերը պնդում էին, որ Քոչարյանի կառավարությունը լեգիտիմ չէ, ուստի չի կարող կյանքի կոչել այդ բարեփոխումները: Ընտրական գործընթացը քննադատվեց նաեւ միջազգային կազմակերպությունների կողմիցՙ լայնածավալ խախտումների համար: Այդուհանդերձ Վենետիկի հանձնախումբը հավանություն տվեց նշելով, որ բարեփոխումները նպաստում են մարդու իրավունքների եւ ժողովրդավարական գործընթացների ամրապնդմանը:

Խորհրդարանական իշխանության համակարգին անցնելով վերանալու են նախագահական ընտրությունները: Հետագայում նախագահները ընտրվելու են խորհրդարանի կողմից 7 տարի ժամկետով: Գերագույն հրամանատարությունը փոխանցվելու է վարչապետին: Իսկ Ազգային ժողովում պատգամավորների տեղերը 131-ից դառնալու են 101:

Իշխող կառավարությունը, որի մեծամասնությունը Հանրապետական կուսակցության անդամներ են, պնդում է, որ բարեփոխումները անհրաժեշտ են, քանի որ երկիրը ժողովրդավարական ուղիով է բավականին արագ զարգանում, եւ ժամանակ առ ժամանակ պետք է, որ իր սահմանադրությունը համապատասխանեցնի այդ գործընթացին: Ավելին, իշխանությունը խորհրդարանին փոխանցելով ամրապնդվելու են երկրի ժողովրդավարական ավանդույթները: Օրենսդիր մարմինը իրոք վերածվելու է որոշումներ ընդունող մի կառույցի: Ապակենտրոնացումը նաեւ նպաստելու է, որ տեղական իշխանությունները իրենք կայացնեն իրենց որոշումները:

Բարեփոխումներին դեմ են մի շարք ընդդիմադիր խմբակցություններ, ներառյալ լիբերալ թեքումով «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը եւ Լիբանանում ծնված նախկին ֆիդայի Ժիրայր Սեֆիլյանի «Հիմնադիր խորհրդարանը»: Վերջինս նույնիսկ այնքան առաջ գնաց, որ կառավարությանը մեղադրեց կոմունիստական կուսակցությունից ներշնչվելու մեջ, հայտարարելով, թե «Նախագահ Սերժ Սարգսյանը երազում է դառնալ կենտրոնական կոմիտեի քարտուղարը»: Նախագահն իր հերթին հայտարարել է, որ իր պաշտոնավարության ժամկետի ավարտից հետո չի ձգտելու որեւէ պետական պաշտոն զբաղեցնել:

Ընդդիմադիրները պնդում են, որ կառավարությունը ի վիճակի չէ իրականացնելու այդ փոփոխությունները, որոնք ժողովրդավարական գործընթացը դյուրամատչելի դարձնելու փոխարեն, ընդհակառակըՙ նպատակ ունեն հավերժացնելու Հանրապետական կուսակցության իշխանությունը մեծամասնական գործընթացի միջոցով: ՀԱԿ-ի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքերովՙ «Այս» (նոր) սահմանադրությունը չի լուծելու մեր խնդիրները, այլ ավելի բարդացնելու է դրանք: Նոր Սահմանադրությունը ո՛չ պետության, ո՛չ էլ քաղաքացիների շահերն է պաշտպանելու»:

Ընդդիմադիրների քննադատները պնդում են, որ եթե ընդդիմությունը չի հավատում ընտրությունների գործընթացի օրինականությանը, կամ կառավարության ժողովրդավարական լիազորություններին, ապա գործող սահմանադրությունը պահպանելով նրանք ոչ մի լավ արդյունքի չեն հասնի, քանի որ կպահպանեն նաեւ ներկայի «ստատուս քվոն»: Եթե նախագահ Սարգսյանը մտադիր լիներ մնալ իշխանության ղեկին, ապա գործող սահմանադրությունը այդ հնարավորությունը տալիս է նրան: Ուրիշներ մատնանշում են, որ կառավարման խորհրդարանական համակարգը ավելի լավ կազմակերպված եւ միասնական ընդդիմություն ձեւավորելու ավելի լավ հարթակ է, եւ դրանից պետք է օգտվել:

Այլ մտահոգություններ եւս կային, որոնք որոշ չափով հարթվեցին ներկայացված բանաձեւի վերանայման արդյունքում:

Վենետիկի հանձնախումբը, որ Հայաստանի կառավարությանը օգնել էր 2005-ի սահմանադրությունը կազմելու գործում, այս անգամ էլ խորհուրդներ էր տվել եւ վերանայված տարբերակին տվել էր իր համաձայնությունը, հակառակ որոշ անկատարությունների:

Երեւանում գործող Մարդու իրավունքների պաշտպան Գաբրիել Արմաշ-Կադրոնան հավատացած է, որ իրավական տեսանկյունից Հայաստանի սահմանադրական բարեփոխումները «ընդունելի են եւ նույնիսկ հարգելի»: Չնայած մշակման գործընթացը այնքան էլ թափանցիկ չէր, նշել է նա, բայց դա էականորեն ընդհանուր արդյունքի վրա չի ազդել, եւ կառավարությունը հաշվի առել է միջազգային մասնագետների խորհուրդները: Նոր մշակված տարբերակում որոշ դրույթներ դրականորեն փոխվել են եւ համապատասխանում են եվրոպական երկրների սահմանադրություններին:

Սակայն, զգուշացնում է Արմաշ-Կարդոնան, իսկական մարտահրավերը դրա կիրառման ձեւին է վերաբերում: «Սահմանադրության դրույթները պետք է իրականացվեն, գործադրվեն», ասել է նա: Իհարկե, փոփոխությունները սահմանադրությունում անհրաժեշտություն է առաջացնելու նաեւ մի շարք փոփոխություններ կատարել օրենսգրքում: Նա կանխատեսում է, որ դեկտեմբերի 6-ին նույնիսկ «Այո» քվեների գերակայության դեպքում բարեփոխումների գործընթացը հեշտ չի լինելու, եւ վերջնական արդյունքը կախված է լինելու մշտական վերահսկողությունիցՙ քաղաքացիական հասարակության կողմից:

Երեւան, Թարգմ. Հ.Ծ.

(Նյութը տպագրվում է որոշ կրճատումներով)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015

AZG Daily #24, 21-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ