RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1245, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԹՈՒՐՔԸ ԹՈՒՐՔ Է ՄՆՈՒՄ, ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՐԴԵՆ ՌՈՒՍԻ ՀԱՄԱՐ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ռուսաստանյան լրատվամիջոցները, բնականաբար, հեղեղված են ռուս-թուրքական ներկա լարված հարաբերությունների վերաբերյալ ընդարձակ նյութերով: Ընդ որում, իրադարձությունները այնքան դինամիկ են զարգանում, որ երբեմն նախորդ օրվա նորույթն անգամ հնանում է: Բերվում են հանգուցալուծման ամենաֆանտաստիկ վարկածներՙ ընդհուպ ռուս-թուրքական լայնամասշտաբ պատերազմի բռնկումըՙ երրորդ համաշխարհայինի վերածվելու սցենարով:

Մի պարագա միայն միանշանակ է: Ռուսաստանի ժողովուրդը առաջին անգամ էր տեսնում իր ղեկավարին աննախադեպ անակնկալից այդչափ վրդովված, շփոթված, խաբված: Պարզապես Պուտինի դեմքին էր գրված այդ ամենը: Թե ինչ է թուրքը հայերիս համար, անիմաստ է անդրադառնալ: Սակայն պարզվեց, որ Վլադիմիր Պուտինը եւս իր համար բոլորովին անսպասելիորեն գլխի ընկավ, թե որն է իսկական թուրքի էությունը: Թեեւ հայտնի է, որ ռուս-թուրքական պատմական առնչությունները երբեք աչքի չեն ընկել փոխադարձ «համակրանքով», որ նրանց միջեւ մղվել է 10 պատերազմ, որից 7-ում հաղթել են ռուսները:

Բայց ահա վերջին երկու տասնամյակում երկու պետությունների հարաբերությունները բացառապես վերընթաց զարգացումներ էին ապրում եւ փոխադարձ ապրանքաշրջանառությունը մոտենում էր արդեն 100 միլիարդ դոլարի սահմանագծին, եւ Պուտինը Թուրքիային համարում էր ոչ միայն մերձավոր հարեւան, այլեւ «բարեկամական պետություն» եւ նույնիսկ «դաշնակից»: Ու հանկարծ թուրքը իրեն բնորոշ եզակի նենգությամբ ու լկտիությամբ հարված է հասցնում թիկունքիցՙ դավաճանաբար: Բառացիորեն մի քանի օրում Էրդողանը ե՛ւ ստեց, ե՛ւ խաբեց, ե՛ւ հաշտության եզր փնտրեց, ե՛ւ սպառնաց: Իսկական թուրք, որից Պուտինն այդպես էլ գլուխ չհանեց: Սա թերեւս ռուսաց լիդերի արտաքին քաղաքական խոշորագույն պարտությունն էր պետության ղեկավարի ողջ պաշտոնավարման ընթացքում:

Հայաստանում ռուս-թուրքական հարաբերությունների ընդլայնումը որպես անցանկալի երեւույթ մեկնաբանելիս ավելի շատ մեղադրանքներ են ներկայացնում ռուսական կողմինՙ ինչու է նա այդպես վարվում եւ չի անում հակառակը: Սակայն գրեթե չի քննարկվում, թե Թուրքիային, ի դեմս էրդողանի, ինչպես էր հաջողվում սեփական պետության օգտին գրանցել հատկապես տնտեսական բնույթի բազմաթիվ համաձայնություններ: Հիմա ռուսական լրատվամիջոցներում հաճախ է հարցադրում արվում, թե թուրքերի ո՜ր ծառայությունների դիմաց էր Ռուսաստանը պարտադրվում 20 միլիարդ դոլար տրամադրել ատոմակայան կառուցելու համար: Կամ ինչու է գազը էժան վաճառում: Վերջիվերջո ինչքանով էր արդարացված գազատարը Թուրքիայով անցկացնելու եւ այդ երկիրը Եվրոպայի համար գազահանգույց դարձնելու նախագիծը: Սակայն հիմա են հնչում այս «արդարամիտ» մեղադրանքները: Զարմանալին այն է, գրել էր ռուսական թերթերից մեկը, որ անգամ թուրք հոգեբաններն էին ախտորոշել, որ Էրդողանը տառապում է նարցիսիզմով, իրեն նորահայտ սուլթան է երեւակայում եւ որպես այդպիսին խորամանկ է, նենգ, ինքնակամ եւ այլն: Եվ այս մարդուն հաջողվեց իսկապես մոլորության մեջ գցել նախկին չեկիստին: Պարզորոշ երեւում է, որ այդ շառաչուն հարվածից Պուտինը մեծ դժվարությամբ է ուշքի գալիս:

Ի դեպ, սա Պուտինի կարիերայում նկատվող երկրորդ դժվարագույն կացությունն է: Առաջինը ներքաղաքական բնույթի էր: Հեռուստատեսային մի հարցազրույցի ժամանակ նա պատմեց, որ երբ ինքը տակավին նորանշանակ վարչապետ էր, իր մոտ էին գալիս Ելցինի ժամանակ բացարձակ ազդեցություն ունեցող հրեա օլիգարխները եւ հոխորտում, որ ինքը երբեք նախագահ չի դառնա:

Կտեսնենք, պատասխանել է Պուտինը, եւ ընտրվելով նախագահ, նա այն ժամանակ տիտանական ջանքերով միայն կարողացավ չեզոքացնել նրանց բոլորին, իսկ մեկին 10 տարով մեկուսացրեց բառի բուն իմաստով:

Ճիշտ է, Ռուսաստանը պատժամիջոցներ է ձեռնարկում Թուրքիայի դեմ, սակայն անորոշության միտումը շարունակում է գերակայել: Չեն օգնում նույնիսկ վերահառնած... Վանգայի, Մեսինգի, Աֆոնի հույն իմաստուն Պաիսիոսի կանխատեսումները, որոնցում երկու պետությունների միջեւ պատերազմը անխուսափելի են համարվել: Ընդ որում, Վանգան ավելի հստակ է արտահայտվելՙ երրորդ աշխարհամարտը կսկսվի... Սիրիայից, եւ կավարտվի Ռուսաստանի հաղթանակով: Բայց սրանքՙ պայծառատեսության ոլորտից:

Ինչն է նաեւ ուշադրություն գրավում ներկա իրավիճակում: Պուտինի վարկանիշի ֆենոմենը, որը շարունակում է աճել եւ արդեն հասել է 86 տոկոսի: Նույնիսկ այսօր, երբ առաջացած տնտեսական դժվարությունները հուսալքում են մարդկանց; Բայց ահա հակաթուրքական տրամադրությունները էլ ավելի համախմբեցին ռուսաստանցիներին իրենց լիդերի շուրջը: Ոչ մի հուզում, ոչ մի ընդվզում:

Մոսկվա

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ