RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2015-11-20 > #044, 2015-11-27 > #045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015



Տեղադրվել է` 2015-12-07 23:10:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1256, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Աշխարհում ամեն տեղ այլեւս անապահով է: Կարեկցանքի, գթասրտության պակասից սառչում է մեր տուն - մոլորակը, պատերազմներից ու զինամթերքի կուտակումներից ավելի քան երբեւէ շիկանում է. տարաբեւեռ ցնցումները սողսոկում են մեր ներսը, գուժում տագնապի ոռնոցներ Թվում էՙ այլեւս ուշացած այս խոստովանությունը, քանի որ ամեն բան ավելի արագ է զարգանում, քան հնարավոր էր պատկերացնել:

Անձրեւը սկզբում դանդաղ, բայց համառորեն մաղելով, աստիճանաբար սաստկանում էր: Մենք անձրեւանոց չունեինք, մոտակա խանութից գնեցինք մեկը, բայց մանր սալիկների վրայով սահելով, ջուրը անհնազանդորեն լցվում էր ամառային բաց կոշիկներից ներս: Մենք շտապում էինք «Յառաջ»-ի խմբագրատունՙ սփյուռքահայ մամուլի, ամենատեւական ու սկզբունքային օրաթերթի, որ հիմնադրման օրիցՙ 1925-ից մինչեւ 2009 թվականը, բացառությամբ 2-րդ համաշխարհային պատերազմի տարիների, անընդմեջ գործել է, ծառայելով մեկ նպատակիՙ ի նպաստ ազգային արժեքների ու հայ ինքնության պահպանման, հոգեւոր ապաստարան- ամրոց դառնալով մտավորականների, մշակութասեր հայերի համար:

Մի քանի օր անց քաղաքը նորից անձրեւում էր, այս անգամ չէինք շտապում, անձրեւը մաղում էր այնքան համաչափ ու նրբորեն, ասես բանաստեղծություն էր կետագծում մայթեզրերին: Մենք չէինք շտապում, բայց երբ տեղ հասանք, Պիկասոյի թանգարանը փակ էր, ոչ թե որովհետեւ անձրեւ էր, կամ որ ուշացել էինք, պարզապես օրը երկուշաբթի էր, եւ մենք մոռացել էինք: Պիկասոյի թանգարան այցելելու օր չմնաց: Լուվրում անցկացված մեկ օրը ակնթարթ է, ու եթե այդ ընթացքում որոշես թեկուզ հայացքի մեկ հպումով անցնել իմացած ու չիմացած, ծանոթ ու անծանոթ հազարավոր էջերի վրայով, կնշանակի, որ ուզում ես քեզ համոզել, թե Լուվրում եղել եսԲայց Մոնա Լիզան միեւնույն էՙ կգայթակղեցնի այնպես, որ այդ մի քանի սուղ ժամերի մեծ մասն իր վրա պահի:

Քաղաքն աչքերիդ առաջ բացված համատարած գեղեցկություն էՙ ճերմակին տվող ասեղնագործ ճարտարապետությամբ: Բայց ամենից շատ ինձ հուզում է Սենը, նա միշտ հանդարտ է, մի տեսակ խոհուն են հոսում ջրերը, ասես մտածում են, երկար պահում են հայացքդ իրենց վրա, այնպես որ մտքերդ հասցնում են էքսկուրս կատարել հայտնի ու անհայտ պատմությունների հետքերովհետո վերադառնում, ցրվում են օդի մեջ, ու եթե կարողացար որսալ մթնոլորտում թափառող գույները, բույրերն ու մեղեդիները, ուրեմն Փարիզը զգացել եսզգացել ես նրա անցյալն ու պատմությունը, շոշափում ես ծավալը, օդը Իզուր չէ, որ Վուդի Ալենի ֆիլմի հերոսըՙ ամերիկացի երիտասարդ գրողը, դեպի անցյալ կեսգիշերային ճամփորդության միստիկան ապրում է Փարիզում, որովետեւ այստեղ, այս քաղաքում է ծավալվում ամենահետաքրքրական երկխոսությունը գույնի ու գեղեցկության միջեւ, հյուսվում ամենաինտրիգային պատմություններ սիրո ու դավադրության մասին, որովհետեւ այստեղ բախվում են կրքեր ու գաղափարներ, փնտրվում նոր ելքեր, այստեղ է արվեստի բոհեմային կյանքն իր խրախճանքը անում, ուր եւ բացվում են նոր շնչառություններ, նոր հոսանքներ ու ուղղություններ ծնվում, կյանք են մտնում հավանական ու անհավանական ձեւեր ու գույներ: Այս քաղաքում է բնակվում արվեստի ոգին, համենայն դեպս օդը շատ բարենպաստ է, եւ ամեն արվեստագետի, ամեն նկարչի հմայում, ձգում է դեպի իրեն: Օդի մեջ կարծես դեռ թրթռում են գունացոլքերը այն զգացումների, որ նկարել, գծել են Մոնեն, Ռենուարը, Պիսսարոն, Դեգան, Մոդիլիանին, Մատիսը, Միրոն կամ Պիկասոն Սակայն Փարիզը մի չբացահայտված գաղտնիք ունի, որ յուրաքանչյուր այցելու, ով հարազատ է զգում այս քաղաքին, չի կարող չապրել. սա ես զգացի Սենի մի դիրքից նայելիս, ոչ հեռուՙ Լեդի Դիանայի հուշակոթողից: Այն կարող է շատ սուբյեկտիվ թվալ, բայց ապրված մետաֆիզիկական զգացողություն է, այնկողմնային մի բան, որն այդ հարահոս, բազմամիլիոնանոց քաղաքը, որտեղ ամեն օր միլիոնավոր տուրիստ է մտնում ու դուրս գալիս, վերածում է մեծածավալ կտավի, պահի մեջ արձանացած պատկերիՙ ինքն իր նիրհի մեջ, իր երազի մեջ ննջող, անմատչելի, ինչպես երազն ինքը:

Ամեն բան սակայն կարող է փոխվել մեկ- երկու վայրկյանում անգամ: Այսպես է: Փարիզի ողբերգությունը անցավ աշխարհի բոլոր միջօրեականներով, արցունք հոսեց, նոր վերք բացվեց: Մի գերմանացի խոսում է համամարդկային արժեքներից, Երկիրը բոլորիս տունն է, ասում է, նրա որեւէ անկյունում կատարվող ամեն ցավ յուրաքանչյուրինս է. կորեացի աղջիկը արցունքները չի հասցնում սրբել, Մոսկվայում ձյունը ծածկում է տաք ծաղիկները, իջնում թաց աչքերին, մարդիկ խոնարհում են գլուխները Աշխարհի մեծ քաղաքների հայտնի կառույցները փոխակերպում են իրենց ֆրանսիական եռագույնով: Անհայտ երաժիշտը Փարիզի փողոցում նվագում է Ջոն Լենոնի Imagine-ը, - երազային աշխարհի տեսիլք, ուր չկան սահմաններ ու կրոններ չկան, չկա անարդարություն, ընչաքաղցություն, չկա քաղց, աշխարհը մեկ է ու խաղաղություն է

Ու մի պահ, իրոք, աշխարհը փոխվում է: Այսպիսին է վիշտը, նա միավորել գիտի, հաշտեցնել գիտի, հանդուրժող է, բայց միայն մի պահՙ մարդկային հոգին արթնացնում է նախնական իր անհաշտ բնույթը. չէ՞ որ երկդիմի է ի սկզբանե, անողոք ու հիշաչար մանավանդ անցյալը ներկա ու ներկան անցյալ է դառնում: Հիշեցինք ոչ միայն մեր, նաեւ այլոց ոչ վաղ անցյալը, նորից մեզ խաբված զգացինք, անարգված զգացինք, պատմության անցքերը սանրելով, մոռացանք լավն էլ հիշել, չնայած ծաղիկներն այստեղ էլ խոնարհեցին գլուխները, ֆրանսիական եռագույնը փոխառանք մենք էլ Բայց սա օտարամոլության հետ որեւէ կապ ունի՞, ուրեմն ամենքը, ովքեր ցավ ապրեցին, օտարամո՞լ են: ( այս անտանելի մոլըՙ ազգամոլ, հայամոլ, կրոնամոլ, կնամոլ, գինեմոլ` սպանում է): Հայրենասիրությունը բառերի կույտ չէ, կամ սոսկ հայտարարություն, դա ապրելու կերպ է, պատասխանատվություն է ապրած ժամանակի, արածդ գործի, ինքդ քո ու միջավայրի հանդեպ: Ուրիշի վիշտը չզգալու, այլոց ցավը չնկատելու, միայն սեփական առանցքի ու պատմության շուրջ պտտվելն ու ինքնակենտրոնացումը վատ նշաններ են, որ նախ վտանգում են այն կրողին, իսկ անտարբերության մեղադրանքները Սիրիական ողբերգության, աշխարհում ամեն օր ու ժամ տեղի ունեցող աղետների ու պատահարների հանդեպ, փարիսեցիություն է: Գուցե անտեղի, բայց մի բան մտքիս եկավ ու անցավՙ եթե Սիրիայում հայեր չապրեին, մենք կհիշեի՞նք այս երկրի ողբերգությունը: Հիշեցի տարիներ առաջ Հայիթիում տեղի ունեցած սոսկալի երկրաշարժը, որին զոհ գնաց 50 000 մարդ, տուժեց բնակչության մեկ երրորդը, մնացին անտուն, անօթեւան, անոթի: Մեր թերթի խմբագիրը ցավով արձանագրեց այն անտարբերությունը, որ մենք ունեցանք այդ օրերին: Ինչու՞, որովհետեւ աղքատ երկի՞ր, խե՞ղճ ու կրակ ժողովու՞րդ են, թե՞ որովհտեւ հայեր չեն ապրում այստեղ: Փարիզյան դեպքերի 130 զոհերի մեջ մեկ հայ կարՙ 17 - ամյա դեռատի աղջիկ Ողբերգական յուրաքանչյուր դեպք, մարդկային ամեն կորուստ ցավալի է, ինչ հանգամանքներում եւ որտեղ էլ լինի: Սակայն ահաբեկչության դեմքը տարբեր էՙ դավադիր ու ծպտված, այսօր նա կերպափոխված է, ոչ կրոնական եւ ոչ որոշակի ուղղվածության է. -տեռորիստը հայրենիք չունի, ազգություն չունի, կրոն չունի, նա մոլագար է. սա չարիք է, չարիքՙ ընդդեմ համամարդկային արժեքների, բնության դեմ, կյանքի դեմ:

Աշխարհն այսօր խառնակ ու ալեկոծ է, քան երբեւէ: Այս ու այն կողմ հրահրված պատերազմներ, դեմոգրաֆիական տարօրինակ փոփոխություններ, պատերազմի, կյանքի վատագույն պայմանների պատճառով մարդկանց կամավոր տեղահանումներ իրենց երկրներից, տներից, այս անգամ հարավ- արեւելքից Բալկաններով դեպի հյուսիս-արեւմուտք են շարժվում մարդկային խմբերը. պատմությունն ասես կրկնում է իրեն հազարավոր տարիներ անց էմիգրացիոն ճգնաժամը խորանում է. վտանգի տակ են հայտնվում արեւմուտքի մշակութային- հանրային կյանքի հիմնարար արժեքներ: Փախստականները վերադարձի ելքեր չեն տեսնում. բողոք ու աղաղակ է ամենուր: Արեւելյան Եվրոպայի երկրները փակում են սահմանները Դժվար ու խառնակ ժամանակներ են, այս վիճակներում պատմությունը մեզ լավ բան չի հուշում: Որտե՞ղ ենք մենք եւ ի՞նչ արժեքներ ենք դավանում:

Պատերազմի դեմքը դաժան է, թշնամին սակայն դեռ մոտ չէ նպատակին, քանի Միջնաբերդը գրավված չէ: Փարիզը խորհրդանիշն է համամարդկային առաջադիմության հավերժական արժեքների, քրիստոնեական քաղաքակրթության, այստեղ է ապրում սիրո, գեղեցկության, ազատության ու արվեստի ոգին: Նա Միջնաբերդ է: Ու այս ցավը համամարդկային է, հարվածըՙ վտանգավոր: Ահազանգը հնչեցվել, եւ վերքը դեռ շատ կարյունիՍա տեսանելի է: Ահաբեկչության վտանգի առավելագույն աստիճան է հայտարարված հարեւան երկրում, կիրառվում են անվտանգության առավելագույն մեթոդներ, Բրյուսելում հանրային կյանքը կանգ առած է, փակ են հանրային վայրերը, մետրոն, մարդկանց հորդորում են հնարավորության դեպքում անցնել աշխատանքային օնլայն եղանակի: Ֆրանսիան հակաահաբեկչական պայքարի լայն կոալիցիա է ձեւավորում, ռուսական ռազմական ինքնաթիռի կործանումը հղի է տխուր հետեւանքներով, տեռորիստական ակտերը շարունակվում են, օրեր առաջ Թունիսում, ու նորից զոհեր. ո՞րն է լինելու հաջորդը: Համաճարակը դիմադրության միասնական գիտակցություն է պահանջում: Ո՞վ է կազմակերպում, որտեղի՞ց է հրահանգվում, հիմա, այս պահին, այնքան էլ կարեւոր չէ

Քաղաքը անձրեւում է Սենդ Էնիի, Բատակլանի անմեղ զոհերը խոնարհված ծաղիկներ են թարմ հիշողությունների, համերգասրահում հրաշքով փրկված ֆրանսուհու նամակըՙ համամարդկային ցավի ցնցող ճիչ, զոհված շունը Դիզել անունովՙ ծանր խորհրդանիշ անձնազոհության ու հավատարմության:

Մենք իզուր ենք առանձնացնում մեզ աշխարհից

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 04-12-2015

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ